Ադրբեջանի ներկայիս տարածքի նշանավոր հայկական հուշարձանները

Գավարզին լեռ (Գարդման գավառ, գյուղ Դամիրչլա) – Ադրբեջանի Ղազախի շրջանում, Փոքր Կովկաս լեռնահամակարգում, Ղազախ քաղաքից 20-21 կմ. հյուսիս-արևմուտք։ Բրգաձև ժայռոտ լեռ է, որ բարձրանում է հարթավայրում։ Գագաթին գտնվում է համանուն բերդը:

Չարեք վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դաշքեսանի շրջանի Գետաբեկ քաղաքից 7-8 կմ. հարավ-արևելք, Շամխոր գետի ձախ ափին, գեղատեսիլ, անտառապատ վայրում) – Հնում մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդմանաձոր գավառի կազմի մեջ: Կառուցվել է 1610 թվականին արքեպիսկոպոս Դավիթ Ղարիմանյանցի կողմից: Երկու զույգ, մույթերով եռանավ բազիլիկ շինություն է, որին արևմուտքից կից է 1681 թվականին կառուցված հարավային ճակատում եռակամար բացվածքով թաղածածկ գավիթը: Գավիթից հյուսիս գտնվել է 1659 թվականին կառուցված ութսյուն ռոտոնդայով զանգակատունը: Վանական համալիրից արևմուտք գտնվել է խոհանոցով և քարե սեղաններով սեղանատունը: Եղել է գրչության կենտրոն: Ներկայումս եկեղեցու ավերակները թուրք և քուրդ հովիվների կողմից օգտագործվում է որպես գոմ:

Շահապոնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նախիջևանի Շահբուզի շրջանի Քյանդ Շահբուզ գյուղի դիմաց) – Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառի կազմի մեջ: 17-րդ դարի սկզբին ուներ միաբանություն, 2 սարկավագ և 4 դպիր:

Շահապոնք բերդ (Նախիջևանի Շահբուզի շրջանի Քյանդ Շահբուզ գյուղի դիմաց, անմատչելի քարաժայռի վրա) – Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառի կազմի մեջ: Կառուցվել է 6-րդ դարում Սյունյաց իշխանների պատվերով: Ժամանակի անառիկ բերդերից էր: Ունեցել է միջնաբերդ, որը վեր է խոյացել 350 մետր բարձրությամբ ապառաժ ժայռի գագաթին: 1387 թվականին բերդը դիմագրավել է Լենկ Թեմուրի հորդաների արշավանքին: Այդ ժամանակ բերդի պաշտպանների թվում է եղել 14-րդ դարի հայկական մշակույթի ականավոր գործիչ, մեծ իմաստասեր Գրիգոր Տաթևացին (1346–1409 թթ.):

Մածնաբերդ (Դաշքեսանի շրջանի Չովդար գյուղից 2 կմ. հարավ-արևելք, շրջապատի նկատմամբ առանձնացած և անդնդախոր ձորերով շրջապատված լեռան գագաթին) – Հնում մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդմանաձոր գավառի կազմի մեջ: Արևմտյան կողմից ունեցել է ամուր պարիսպ` երեք աշտարակներով, իսկ մյուս կողմերից շրջապատված էր լեռներով ու քարաժայռերով: 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Մածնաբերդը եղել է Լոռու կամ Տաշիր–Ձորագետի թագավորության տիրակալներ Կյուրիկյան Բագրատունիների սեփականությունը: Իսկ 1113 թվականից հանդիսացել է Կյուրիկե Բ արքայի (1048–1089 թթ.) որդի Դավթի (1113–1145 թթ.) իշխանանիստ կենտրոնը: 12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդը ենթարկվել է Գանձակում հաստատված սելջուկ թուրքերի հարձակումներին: 13-րդ դարի 30-ական թվականներին Մածնաբերդի տերն էր Աբաս Կյուրիկյանի որդի Աղսարթանը: 13-րդ դարի կեսերին բերդը կարճ ժամանակով գտնվել է մոնղոլ-թաթարների տիրապետության տակ: Բերդի վերջին տերը եղել է Թաղիադինի որդի Սարգիսը: 1249 թվականին Սարգսից բերդը գնել և Հաղպատի վանքին է նվիրել Հաղպատավանքի հոգևոր առաջնորդ Համազասպ եպիսկոպոսի եղբայր Գրիգորը:

Մածնաբերդի վանք (Դաշքեսանի շրջանի Չովդար գյուղից 2, 2 կմ. հարավ-արևելք, շրջապատի նկատմամբ առանձնացած լեռան գագաթին, Շամխոր գետի աջ կողմում, ծովի մակերևույթից 1648 մետր բարձրության վրա) – Հնում մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդմանաձոր գավառի կազմի մեջ: Իր անունը ստացել է մոտակայքում գտնվող Մածնաբերդ ամրոցից: 1891 թվականին Մածնաբերդի վանքը վերանորոգվել է գանձակեցի Սողոմոնի միջոցներով:

Թարգմանչաց վանք (Դաշքեսանի շրջան, Խաչակապ գյուղից հյուսիս, հովասուն սարահարթի վրա) – Հնում մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդմանաձոր գավառի մեջ: Ավանդության համաձայն կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ: Ներկայիս տեսքով կառուցվել է 989 թվականին: Միջին դարերում վանքը եղել է գրչության նշանավոր կենտրոն: Մակար Բարխուդարյանի վկայությամբ Թարգմանչաց վանքում պահվել են 13-րդ դարում, 1312 և 1640 թվականներին գրված խիստ արժեքավոր ձեռագիր մատյաններ, որոնցից ամենահինը այժմ պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում: 19-րդ դարի վերջերին վանքը վերանորոգվել է գանձակեցի Ներսես Բեկ Աբրահամ Տեր-Ներսիսյանի միջոցներով: Թարգմանչաց վանքը գործել է մինչև 20-րդ դարի սկզբները, որից հետո լքվել ու ամայացել է: Շրջակայքում պպահպանվել են բազմաթիվ խաչքարեր, մահարձաններ ու տապանաքարեր: 1989 թվականին Խաչակապ գյուղի բնակիչ Իսահակ Բաղյանը Թարգմանչաց վանքին պատկանող խաչքարերից երկուսը մեծ դժվարությամբ տեղափոխել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ:

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Դաշքեսանի շրջան, գյուղ Փիփ) – Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 1847 թվականին Ստեփան Միրիմանյանցի անձնական և տեղի հայության հանգանակած միջոցներով: 1849 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտվել է: 1862 թվականին եկեղեցին վերանորոգվել է: 1928 թվականին Խորհրդային Ադրբեջանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական այլ եկեղեցիների հետ միասին Սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես դադարել է գործելուց: Այստեղ պահվել է 4 մագաղաթյա ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է: Ներկայումս եկեղեցին ծառայում է որպես անասնագոմ:

Խունիսավանք (Գետաբեկի շրջան, Կոմինտերն գյուղի հարավային մասում, Շամխոր գետի ձախ ափին, անտառապատ լեռներով շրջապատված հարթավայրում) – Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Գարդման գավառի մեջ: Կառուցվել է 10-11-րդ դարերում: 1983 թվականին Խունիսավանքի գմբեթն ամբողջովին փլվել է:

Փառիսոսի բերդ (Գետաբեկի շրջան, Ղալաքենդ գյուղի հյուսիսային մասում, Շամխոր գետի ձախափնյա ժայռոտ լեռնագագաթի վրա) – Կառուցվել է 9-10-րդ դարերում: Շրջապատի նկատմամբ ունի իշխող դիրք:

Թարգմանչաց անապատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Դաշքեսանի շրջան, Մեծ Բանանց գյուղից 3 կմ. հարավ-արևելք, Բանանց գետակի աջափնյա մի բլրակի հարթ գագաթին` լեռներով շրջապատված տեղանքում) – Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Գարդման գավառի մեջ: Հին վանքը եղել է Հինընապատ սարի վրա: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1630 թվականին: Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 1759 թվականին: Եկեղեցու մոտ եղել է 17-18-րդ դարերի հայկական գերեզմանատուն: Այժմ եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում, իսկ գմբեթին ադրբեջանական դրոշ է տեղադրված:

Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի (Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Ապրակունիս գյուղի մոտ, Արաքսի ձախակողմյան վտակ Երնջակ գետի աջ ափին, սարավանդի վրա) – Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի մեջ: Թեև պատմական աղբյուրներում նշվում է, որ վանքը 1381 թվականին կառուցել է Մաղաքիա Ղրիմեցին ունիթորների` Նախիջևանի շրջանում կաթոլիկություն տարածելու փորձերի դեմ պայքարելու համար, սակայն, ենթադրվում է, որ դա վանքի վերակառուցմանն է վերաբերում, իսկ վանքը իրականում կառուցվել է ավելի վաղ: Վանքի վերակառուցմանը աջակցել են նաև միջնադարյան իմաստասերներ Հովհան Որոտնեցին (1315–1388 թթ.) և Գրիգոր Տաթևացին (1346–1409 թթ.), որոնք գավառի աստվածաբանական դպրոցը Սուրբ Խաչ վանքից տեղափոխել են այստեղ: Մեծ իմաստասերների` վանքի աստվածաբանական դպրոցում ծավալած գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության շնորհիվ Ապրակունյաց վանքն ու այնտեղ բացված դպրոցը առանձնակի փայլ ու ճանաչում են ստացել հատկապես 14-15-րդ դարերում: Բացի այս, Ապրակունյաց վանքը եղել է նաև գրչության խոշոր կենտրոն, որտեղ ընդօրինակված ձեռագրերից ոմանք պահպանվել են մինչև մեր օրերը: 1653–1656 թվականներին Սուրբ Կարապետ եկեղեցու հարավային կողմում կառուցվել է Սուրբ Ստեփանոս մատուռը, որի ավարտից անմիջապես հետո Եսայի Կարճեվանցի և Ղազար վարդապետները Դանիել և Հովհաննես վարդապետների ձեռքով ձեռնամուխ են եղել վանքի հիմնանորոգման աշխատանքներին, որն իր ավարտին է հասել 1678 թվականին: 1705 թվականին Նախիջևանցի Աղաջանի որդի պարոն Աղամալի միջոցներով կառուցվել է մատուռի զանգակատունը և վերանորոգվել է վանքը: 1714 թվականին շոռոթեցի խոջա Այվազի միջոցներով վերակառուցվել է Սուրբ Ստեփանոս մատուռը: 18-րդ դարի սկզբին վանքի ներսում որմնանկարներ են արել մեծ բանաստեղծ և նկարիչ Նաղաշ Հովնաթանը (1661–1722 թթ.) իր որդիներ Հարությունի և Հակոբի հետ միասին: 1869 թվականին վանքին կից բացվել է հոգևոր դպրոց: Վանքի շուրջ գտնվել են 17-րդ դարի հին խաչքարեր և տապանաքարեր:

Երնջակի բերդ (Նախիջևանի Երնջակ գավառում, Արաքսի ձախակողմյան վտակ Երնջակ գետի միջին հոսանքի ձախ ափին, հարթավայրում վեր խոյացած ապառաժոտ ժայռի վրա) – Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի մեջ: Երնջակը Սյունիքի անմատույց բերդերի թվին էր պատկանում: Սյունիքի իշխանների և թագավորների գանձերի մի մասը պահվում էր այստեղ: Բերդն արտաքին աշխարհի հետ կապված էր հյուսիսից ու հարավից ձգվող երկու գետնուղիներով: Բերդը հիմնադրվել է հին ժամանակներում: Վերակառուցվել է 5-րդ դարում Սյունյաց իշխանների կողմից: 841 թվականին այստեղ հրավիրված հայ իշխանների և եպիսկոպոսների ժողովը արդարացրել է հայոց կաթողիկոս Հովհաննես Օվայեցուն (833–855 թթ.), որին հայոց իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին (826–851 թթ.) զրկել էր կաթողիկոսական աթոռից: 10-11-րդ դարերում բերդի մոտ, լեռան ցածրադիր լանջերին առաջացել է նույնանուն քաղաքը: 913 թվականին ամրանալով այստեղ` հայոց արքա Սմբատ Ա Բագրատունին (890–914 թթ.) մեկ տարուց ավել դիմագրավել է բերդը գրավել փորձող Ատրպատականի արաբ ամիրա Յուսուֆի զորաբանակին: 914 թվականին գրավելով Երնջակի բերդը` Յուսուֆն այն հանձնել է Գողթնի արաբ ամիրաներին, իսկ բերդի պաշտպանների մեծ մասին կոտորել է, իսկ մյուս մասին, որոնց թվում էին նաև Սյունյաց իշխանների կանայք, գերեվարել և իր հետ տարել է Դվին, որն այդ ժամանակ հանդիսանում էր Հայաստանում արաբ ամիրաների նստավայրը: Յուսուֆը միաժամանակ գլխատել է տալիս հայոց արքա Սմբատին, իսկ այնուհետև իր հետ Դվին տանելով նրա մարմինը` հրամայում է այն գամել փայտյա խաչի վրա` ի սարսափ ժողովրդի: 11-րդ դարի 2-րդ կեսին բերդին տիրել են սելջուկ թուրքերը: 12-րդ դարի վերջին այն մտել է Զաքարյանների իշխանապետության կազմի մեջ: 13-րդ դարի սկզբին որպես տոհմական կալվածք բերդը տրվել է Օրբելյաններին: 1236 թվականին այն գրավել են մոնղոլ թաթարները: 1386 թվականին բերդը պաշարել են Լենկ Թեմուրի (1370–1405 թթ.) հրոսակները, սակայն, գրավել չեն կարողացել: 15-րդ դարում Երնջակին տիրել են Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղերը, 16-րդ դարում` Սեֆյան Պարսկաստանը: 17-րդ դարի սկզբին Երնջակը մտել է Նախիջևանի խանության մեջ որպես Ալինջաչայի մահալ: Երնջակի բերդը վերջնականապես ավերվել և ամայացել է 18-րդ դարի 30-ական թվականներին պարսից Նադիր շահի (1736–1747 թթ.) արշավանքների ժամանակ:

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ քաղաքի Աբբասզադե փողոցում) – Կառուցվել է 1633 թվականին: Վերանորոգվել է 1860 թվականին: Եկեղեցին գործել է մինչև 1989 թվականը: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է համերգային ակումբի: Եկեղեցու հայկական ծագումը թաքցնելու համար ադրբեջանցիները ներսից և դրսից վերացրել են հայկական մակագրությունները, հանել են խաչերը։

Սուրբ Գաբրիել եկեղեցի (Գյոլգյոլի շրջան, գյուղ Վարդաշեն) – Եռանավ բազիլիկ շինություն է: Կառուցվել է 1674 թվականին: 1863 և 1910 թվականներին եկեղեցին վերանորոգվել է: 1897–1905 թվականներին եկեղեցու առաջնորդն էր Մարտիրոս քահանա Եղիազարյանը: Խորհրդային Ադրբեջանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի տարածքում գտնվող այլ հայկական եկեղեցիների հետ միասին 1928 թվականից Սուրբ Գաբրիել եկեղեցին նույնպես դադարել է գործելուց:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (քաղաք Գանձակ) – Կառուցվել է 1869 թվականին տեղի հայության հանգանակած միջոցներով: 1918 թվականին ադրբեջանցիները հրետանու օգնությամբ փորձել են ավերել Գանձակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բայց դա նրանց չի հաջողվել: 1988 թվականին եկեղեցին քանդելու ադրբեջանցիների երկրորդ փորձը ևս անցել է ապարդյուն: Դրանից հետո ազերիները հանել են եկեղեցու բոլոր քրիստոնեական խորհրդանիշերը, իսկ տաճարը հայտարարվել է աղվանական:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (քաղաք Բաքու) – Կառուցվել է 1903 թվականին: 1918 թվականի սեպտեմբերի 15-ին թուրքական զորքերի կողմից Բաքուն գրավելուց հետո եկեղեցին ամբողջովին կողոպտվել է: Խորհրդային տարիներին միակ գործող հայկական եկեղեցին էր ողջ Ադրբեջանի տարածքում: 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրդեհվել է ադրբեջանցիների կողմից, որի հետևանքով այրվել են եկեղեցում գտնվող մեծ քանակությամբ արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և եկեղեցու ողջ գույքը: Այնուհետև եկեղեցին դադարել է գործելուց: Գմբեթից և զանգակատնից պոկվել ու դեն են նետվել եկեղեցու խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինվել են երկաթյա կոնտրուկցիաներով, երկու պատուհանները փակվել են պատով, քերվել են հյուսիսային և հարավային մուտքերի զույգ խաչքարերը, իսկ հայկական արձանագրությունները ջնջվել են: Եկեղեցին վերածվել է գրքերի պահեստի:

Չարեք բերդ (Գետաբեկի շրջան, Գետաբեկ քաղաքից 10 կմ. հարավ-արևելք, Շամխոր և Գետաբակ գետերի միախառնման վայրում) – Կոչվել է նաև Մամռոտ բերդ կամ Սահակ Սևադայի բերդ: Գտնվում է ծովի մակերևույթից 1110 մետր բարձրության վրա: Հնում մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդմանաձոր գավառի կազմի մեջ: Առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբին որպես Առանշահիկ տոհմի իշխան Սահակ Սևադայի նստավայր: 1142 թվականին Չարեք բերդը գրավել է Գանձակի էմիրը: 1206 թվականին բերդն ազատագրել են Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրները: 1224 թվականին Չարեք բերդին տիրել են մոնղոլ–թաթարները, որից հետո ենթադրաբար բերդը կորցրել է իր ռազմական նշանակությունը, քանի որ այլևս պատմական աղբյուրներում չի հիշատակվում: 17-րդ դարում բերդը վերանորոգվել է:

Նյութի աղբյուր՝

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 1–12, Երևան, 1974–1986:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1–4, Երևան, 1990–2003:
  3. Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հատ. 1–5, Երևան, 1985–2001:
  4. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view