Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծով սահմանված արտոնությունը կվերաբերի միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողներին:

Նախագիծը ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի լիագումար նիստում:

«Քանի որ այն ինքնին հեղափոխական մոտեցում է, մենք առաջարկում ենք սկզբնական փուլում  կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում` հասկանալու, թե ինչպես է այն պրակտիկայում կիրարկվում: Եվ հետագայում, եթե հնարավոր լինի Կրթության մասին նոր օրենքի շրջանակում սահմանվի նաև բակալավրիատի համար: Կարծում ենք, որ մագիստրատուրայի դեպքում երիտասարդներն արդեն գիտակցված ընտրություն են կատարում, եթե բակալավրիատի դեպքում ծնողներին, շրջապատին լսելով ընտրել են որոշակի մասնագիտություններ, ապա մագիստրատուրայի դեպքում հասուն տարիքում գիտակցված ընտրություն կանեն: Իսկ եթե ունեն աշխատանք, օրենքի ընդունման դեպքում կստացվի, որ իրենք կարող են փաստացի անվճար սովորել համալսարանում»,-լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Գաբրիելյանի խոսքով`կառավարությունը տվել էր իր հիմնավորումները: «Սակայն մենք խորհրդարանական հանրապետություն ենք, և որոշում է խորհրդարանը: Բնականաբար անտրամաբանական կլիներ, եթե ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություն ստացած նախագծերին խորհրդարանը նույնպես բացասական եզրակացություն տար»,-նշեց նա:

Գաբրիելյանի խոսքով` գլխադասային հանձնաժողովում բոլորն արտահայտել են իրենց կարծիքները, մեծամասնությունը կողմ է եղել նախագծին, ըստ էության դեմ են արտահայտվել ֆինանսների նախարարության բացասական եզրակացությանը: Արդյունքում նախագիծը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում:

Նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, շեմը պետք է սահմանի կառավարությունը:

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.