ԱԺ պատգամավորը կուրսային, դիպլոմային աշխատանքների գովազդն արգելող օրինագծի վերաբերյալ ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Մինչ երկրորդ ընթերցումն անգամ որոշ կազմակերպություններ հանել են իրենց գովազդային վահանակները: ԱԺ-ում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդը ընթերցմանն այս մասին ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Գիտական և ուսանողական հանրույթի կողմից բավականին դրական արձագանքներ են ստացվել:  Ինձ նկարներ են ուղարկել, որ նմանատիպ կազմակերպություններն իրենց գովազդային վահանակները հանել են՝ նույնիսկ չսպասելով երկրորդ ընթերցմանը: Բուհերում էլ քննարկումներ են եղել էլեկտրոնային գործիքներ ներդնելու համար, որով կարողանան արգելել գրագողությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետների և շահագրգիռ անձանց հետ աշխատում են, նախատեսում են, որ նմանատիպ ծառայությունները լիովին արգելեն:

Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ստացել է դրական եզրակացություն:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: