ԱՄՆ-ն կարող է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի զսպման համար. The New York Times

Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելք զինուժ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի զսպման նպատակով: Այդ մասին գրում է The New York Times թերթը՝ ամերիկյան վարչակազմում անանուն աղբյուրների հղումով:

Թերթի տվյալների համաձայն՝ անցած հինգշաբթի Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ծրագիր է ներկայացրել, որը նախատեսում է 120 000 զինծառայողի ուղարկում Մերձավոր Արևելք:

Թերթը նշում է, որ իր ունեցած տվյալների համաձայն՝ նման ծրագիրը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե «իրանական զինված ուժերը հարձակվեն ամերիկացի զինծառայողների վրա», կամ եթե Իրանի իշխանություններն «արագացնեն միջուկային զենքի մշակումը»:

Միևնույն ժամանակ, խոսքն Իրանի տարածք անմիջական ներխուժման մասին չէ, որը, ըստ թերթի, «կպահանջեր ավելի մեծ թվով զինծառայողներ»:

Թերթը նշում է, որ նախաձեռնության հեղինակներից մեկն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե երկրի իշխանությունները «չմտածված քայլեր ձեռնարկեն»:

Մայիսի 5-ին Բոլթոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, որպես Իրանի իշխանություններին ուղղված ազդանշան, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ երկրի ռազմածովային ուժերի խումբ կուղարկի ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տակ գտնվող գոտի, որի մեջ է մտնում նաև Մերձավոր Արևելքը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: