Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանի հիշատակի օրն է

Արցախյան ազատամարտի հերոս հրամանատար Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի Մոխրաթաղ գյուղի տարրական դպրոցում, իսկ միջնակարգ դպրոցն ավարտել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ 1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թվականին: Այնուհետև որպես գյուղատնտես աշխատել է հայրենի գյուղի տնտեսությունում։ Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ 1985 թվականին աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։ 1988-1990 թվականներին մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: 1990 թվականին Լեոնիդ Ազգալդյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» կամավորական զորախումբը, եղել նորաստեղծ զորախմբի փոխհրամանատարը:

Վլադիմիր Բալայանը մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Ղարաչինար, Մարտակերտի շրջանի Մարաղա, Կիչան, Իմերեթ-Քերավենդ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Մանիքլու, Հադրութի շրջանի Ծամձոր, Տող, գյուղերի, Մարտակերտ քաղաքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Վլադիմիր Բալայանը զոհվել է 1992 թվականի հունիսի 9-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու (այժմ` Այգեստան) գյուղի խրամատներում։ Նրա մարմինն ամփոփվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի հայրենի Աղաբեկալինջ գյուղի գերեզմանոցում:

Վլադիմիր Բալայանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Վլադիմիր Բալայանի հուշարձանը կանգնեցվել է ԼՂՀ Մարտակերտ քաղաքի իր անունը կրող դպրոցի բակում։ Վլադիմիր Բալայանի և Արցախյան ազատամարտի այլ հերոսների մասին է պատմում Սեդրակ Նանագուլյանի «Արծիվները բարձունքներ են տենչում» (գիրք Ա, Երևան, 1992, 128 էջ) ակնարկների գիրքը:

Վլադիմիրն ամուսնացած էր, ունի երեք զավակ։

Նյութի աղբյուր`

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 107:
  2. Գոհար Մարտիկյան «Ապրելու բանաձև», գիրք 1, Երևան, 2008, էջ 59-60:
  3. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.