Այսօր Խաչիկ Դաշտենցի հիշատակի օրն է

[sc name=”NEW post”]

Այսօր հիշատակի օրն է մի մարդու, որը խորհրդային իրականության մեջ առաջինը հանդգնեց խոսել այնպիսի մի թեմայի մասին, ինչպիսին է հայդուկային շարժումը: Եվ դա պատահական չէր: Քանզի ինչպես իր վեպերի հերոսները, ինքն էլ սասունցի էր: Ծնվել էր 1910 թվականի մայիսի 25-ին Բիթլիսի վիլայեթի Խութ – Բռնաշեն գավառի Դաշտադեմ գյուղում հովիվ Տոնոյի ընտանիքում: Խաչիկը շատ վաղ է կորցրել ծնողներին: Նա 5 տարեկան էր, երբ գաղթի ճանապարհին մահացավ հայրը, իսկ մայրն ավելի վաղ էր մահացել: Այնուհետև ապրել և միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի մանկատանը: 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Լեզվագրական ֆակուլտետը: 1932-1934 թվականներին որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթում: Այնուհետև մինչև 1940 թվականը ուսումը շարունակել է Մոսկվայի Օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժնում: 1940-1941 թթ.-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1941-1948 թթ.-ին` Երևանի Վալերի Բրյուսովի անվան Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թթ.-ին` Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում: 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1965-1974 թվականներին որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտում: Խաչիկ Դաշտենցն իր մահկանացուն կնքել է 1974 թվականի մարտի 9-ին Երևանում 64 տարեկանը դեռ չբոլորած:

Խ. Դաշտենցը հայտնի է նաև իր Շեքսպիրյան թարգմանություններով: Հովհաննես Խան-Մասեհյանից հետո նա համարվում է Շեքսպիրի հայերեն լավագույն թարգմանիչը: Խ. Դաշտենցը գրել է նաև բանաստեղծություններ: Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն` «Երգերի գիրքը» լույս է տեսել 1932 թվականին Երևանում: Այնուհետև հրատարակվել են «Գարնանային երգեր (1934 թ.)» և «Բոց (1936 թ.)» բանաստեղծությունների ժողովածուները: 1947 թվականին հրատարակվել է «Տիգրան Մեծ» չափածո պոեմը: Սակայն, Դաշտենցին, որպես գրողի, լայն ճանաչում բերեց 1950 թվականին Երևանում հրատարակված «Խոդեդան» վիպակը, որն արդեն հաջորդ` 1956 թվականի հրատարակությամբ դարձավ վեպ և ունեցավ 4 արտասահմանյան հրատարակություն (Բեյրութ, 1958, Կահիրե, 1958, 1959, Թեհրան, 1985): Այնուհետև վերահրատարակվեց նաև Հայաստանում (Երևան, 1960, 2000):

«Խոդեդան»-ը Խ. Դաշտենցի հայրենի երկրի` Սասուն լեռնաշխարհի, նրա հող ու ջրի, մանկության և հարազատ մարդկանց կարոտի արտահայտությունն էր, որը նրա մեջ մխում էր տարիներ շարունակ և ժայթքելու տեղ էր որոնում: Ահա հենց այդ առաջին ժայթքումն էր դարձավ «Խոդեդան» վեպը:

Այդ կարոտի մասին է դեռևս 1945 թվականին Խ. Դաշտենցը գրել.

«Մի կարոտ կա, մի կարոտ կա, մի կարոտ կա անծայր,

Որ չի մեռնում, որ չի ցնդում, որ չի դառնում անցյալ,

Հուր է դառնում, սուր է դառնում և սրբությամբ ծալ–ծալ

Իմ գրքերում, իմ սրտի մեջ շողում է հար պայծառ:

Նորանում է, խորանում է և միշտ նոր է դարձյալ,

Այդ քո սերն է իմ ժողովուրդ, իմ հայրենի աշխարհ»[1]:

Սակայն, այդ կարոտի ամենամեծ ժայթքումն ու գրողի ստեղծագործության թագն ու պսակը պետք է դառնար Խ. Դաշտենցի մահից 5 տարի անց լույս տեսած «Ռանչպարների կանչը» վիպասքը: Խորհրդային Հայաստանում ծնված և մեծացած շատ սերունդներ առաջին անգամ Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպով ծանոթացան 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արևմտահայ իրականությանը, առաջինը այդ վեպով իմացան հայ ազատագրական պայքարի այնպիսի հերոսների մասին, ինչպիսիք են Արաբոն, Աղբյուր Սերոբը, Հրայր Դժոխքը, Անդրանիկը, Մախլուտոն, Մորուք Կարոն և ուրիշներ:

Խ. Դաշտենցի և նրա վեպերի մասին դիպուկ է արտահայտվել Մուշեղ Գալշոյանը` գրելով.  «Խաչիկ Դաշտենցը իր ընթերցողներին ուղղեց երկու նամակ` «Խոդեդան»-ը և «Ռանչպարների կանչը»: Վերջինը ընթերցողին հասավ հեղինակի մահից հետո, բայց հասավ հեռագրի պես: Եվ Դաշտենցը իր նամակները հասցեագրեց ոչ թե աշխարհի բոլոր մարդկանց, այլ հատկապես կամ ավելի ճիշտ` միայն ու միայն մեզ` իր ազգակիցներին: Եթե «Խոդեդան»-ն ու «Ռանչպարների կանչը» թարգմանվեն աշխարհի բոլոր լեզուներով, միևնույնն է` մեզ են ուղղված: Դրանք կորստի ու ցավի նամակներ են, իսկ այդ կորստի ու ցավի տերը մենք ենք, սիրո ու կարոտի նամակներ ենք, իսկ այդ կարոտը միայն մերն է»[2]:

Խ. Դաշտենցի կենսագրությունը ներկայացնելու համար օգտվել ենք հետևյալ աղբյուրներից`

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1977, էջ 288:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1990, էջ 757:
  3. Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», Երևան, 1986, էջ 138-139:

 

[1] Խաչիկ Դաշտենց «Լեռան ծաղիկներ», Երևան, 1963, էջ 26:

[2] Մուշեղ Գալշոյան «Բրաբիոն ծաղիկ որոնողը», տե’ս Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը», Երևան, 1984, էջ 521:

 

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: