Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Այսօր հայ ազատագրական պայքարի գործիչ Արամ Արամյանի` Թաթուլի հիշատակի օրն է

Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Թաթուլը (Աշոտ, Արամ Արամյան) ծնվել է 1870 թվականին Կարինում (Էրզրում): Ուսանել է Կարինի Արծնյան, ապա` Սանասարյան վարժարաններում: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1889–1890 թվականներին Թիֆլիսում մտել է հեղափոխական մի խմբի կազմի մեջ, ապա կազմավորել 10–15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: 1891 թվականին անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Նույն թվականին Կարինում գաղափարական տարաձայնությունների պատճառով անարդարացիորեն ահաբեկել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր–անդամ Խաչատուր Կերեկցյանին: 1895–1896 թվականներին գործակցել է Հրայր–Դժոխքի (Արմենակ Ղազարյան) հետ` գործունեություն ծավալելով Կարսում, Բասենում, Կարինում: Կարսում մասնակցել է ՀՅԴ մարտական և զինատար խմբերի կազմավորման, զինման և Արևմտյան Հայաստան առաքման աշխատանքներին: 1896 թվականի հուլիսի 2-ին Բասենի Քյոփրիքյոյ գյուղում մատնությամբ ձերբակալվել է: 1897 թվականին փոխադրվել է Էրզրումի բանտ: Թաթուլը բանտից գաղտնի կապեր է հաստատել Կարինի և Տարոնի ՀՅԴ գործիչների հետ: 1899 թվականի օգոստոսի 9-ին (ն. տ. օգոստոսի 21-ին) Թաթուլը թուրքական դատարանի վճռով կախաղան է բարձրացվել` Խաչատուր Կերեկցյանին սպանելու մեղադրանքով: Թաթուլին է նվիրված «Քաջ Արամ» երգը: Թաթուլը պաշտպանել է անհատական ահաբեկչության գաղափարը:

 

Նյութի աղբյուր`

  1. Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. 1, խմբ. Ս. Վրացեան, Պոսթըն, 1934, 395 էջ:
  2. Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. 2, խմբ. Ս. Վրացեան, Պոսթըն, 1938, 464 էջ:
  3. Սեւեան Ռուբէն «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին գործիչներն ու հերոսները», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1937, թիւ 9, էջ 107–108:
  4. Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1937, թիւ 12, էջ 126–133:
  5. Լազեան Գաբրիէլ «Դէմքեր հայ ազատագրական շարժումէն», Գահիրէ, 1949, 397 էջ:
  6. Աւօ «Աշօտ–Թաթուլ (Արամ Արամեան)», «Յեղափոխական ալպոմ», հատ. 2, Հալէպ, 1958, էջ 126–131:
  7. Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 52:

 

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.