Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Այսօր հայ ականավոր երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան տարեդարձն է

Աստվածատուր ձայնով օժտված հայ ականավոր երգչուհի (քնարական սոպրանո), Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Հաբեթի Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վրաստանի հայաշատ Ախալցխա քաղաքում երաժիշտների գերդաստանում: Նրա մորական պապը՝ լեհահայ Իոսիֆ Տոմաշեվիչը եղել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։ Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի էր։

Լուսինեն մեծացել է Ախալցխայում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել և 1962 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Այդ տարիներին նրա տաղանդն արդեն բացահայտ էր։ 1965 թվականին Լուսինեն ամուսնացել է հոգևոր երգիչ, շարականագետ, բանասեր Խորեն Պալյանի հետ: Նույն՝ 1965 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի, 1970-1983 թվականներին՝ Հայաստանի ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ 1958 թվականից երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։ Գերազանց կատարել է ինչպես արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։

1972 թվականին Լուսինեն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Բազմիցս համերգներով եղել է արտասահմանում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերն ու շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզ»-ը: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Արշալույս Մարգարյանը, այլազգի բանաստեղծներ Էդուարդաս Մեժելայտիսը, Անտոն Խիժնյակը, Միխայիլ Մատուսովսկին։

Հոգեթով ձայնի շնորհիվ Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարանի ոսկե ֆոնդը։ Լուսինե Զաքարյանը ծանր հիվանդությունից վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Քանի որ այդ ժամանակվա ՀՀ կառավարությունը թույլ չի տվել նրա հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ Լուսինեի մարմինը 1993 թվականի հունվարի 2-ին հողին են հանձնել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, ուր և այժմ գտնվում է ժողովրդի կողմից շատ սիրված մեծանուն երգչուհու շիրիմը:

Մինչև այժմ հրատարակվել է մեծանուն երգչուհու մասին պատմող երեք գիրք: Դեռևս Լուսինեի ստեղծագործական գործունեության բուռն շրջանում գրականագետ Կարլեն Դանիելյանը գրել և 1981 թվականին Երևանում հրատարակել է «Լուսինե Զաքարյան» 204 էջից բաղկացած աշխատությունը: Լուսինեի մահից հետո նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի և բանասեր Լիդա Գևորգյանի կողմից կազմվել և 1999 թվականին Երևանում հրատարակվել է «Լուսինե» ժողովածուն: Սակայն, տեսնելով ընթերցող հասարակության անտարբերությունը` Խորեն Պալյանը գնել է «Լուսինե» գրքի բոլոր չվաճառված օրինակները և տեղափոխել իր բնակարան: 2015 թվականին հրատարակվել է Լուսինե Զաքարյանի մասին պատմող թվով 3-րդ գիրքը՝ Սերգեյ Մանվելյանի աշխատասիրությամբ հրատարակված «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն:

Նյութի աղբյուր`

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1977, էջ 675:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 190:
  3. Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 395:
  4. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.