Այսօր հայ մեծ դարասանուհու` Սիրանույշի ծննդյան տարեդարձն է

Հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը` Սիրանույշը (Մերոպե Գանթարճյան) ծնվել է 1857 թվականի մայիսի 25-ին Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսում: 1873 թվականին ընդունվել է Պետրոս Մաղաքյանի գլխավորած Արևելյան թատրոնի թատերախումբ: Արևելյան թատրոնի ժամանակավոր կազմալուծումից հետո` 1874 թվականին ընդգրկվել է Թովմաս Ֆասուլաճյանի թատերախմբում: Նույն տարվա աշնանից տեղափոխվել է Հակոբ Վարդովյանի Օսմանյան թատրոն, խաղացել հայկական և թուրքական ներկայացումներում: Լինելով դրամատիկ դերասանուհի` Հակոբ Վարդովյանի թատրոնում հանդես է եկել գլխավորապես որպես օպերետային երգչուհի և հասել բավական մեծ հաջողության, մեկնել հյուրախաղերի: 1878 թվականին Սիրանույշը գործել է Սերովբե Պենկլյանի օպերետային խմբում: Նույն թվականին սուլթանական հրամանագրով արգելվել է հայկական թատրոնների գործունեությունը Օսմանյան կայսրությունում: 1879 թվականին հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել տեղի հայկական մշտական թատերախմբում: Անձնավորել է դրամատիկական կերպարներ` Կատարինա (Վ. Հյուգո «Անջելո»), Օֆելյա (Վ. Շեքսպիր «Համլետ»), Յուլինկա (Ալ. Օստրովսկի «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գ. Սունդուկյան «Էլի մեկ զոհ») և այլն:

1881 թվականին Սիրանույշը վերադարձել է Կ. Պոլիս, մասնակցել տեղի թատերական ընկերության կազմակերպած ներկայացումներին: 1882 թվականին Սիրանույշը հրավիրվել է Սանկտ Պետերբուրգի նորաստեղծ օպերետային թատրոն: Հյուրախաղերի է մեկնել Հունաստան, այնուհետև` Եգիպտոս: 1891 թվականին կրկին հրավիրվել է Թիֆլիսի  մշտական թատերախումբ: 1892 թվականի վերջին վերադարձել է Կ. Պոլիս: 1895 թվականից հանդես է եկել տարբեր թատերախմբերի հետ, երբեմն` սեփական խմբով հյուրախաղերով եղել Բուլղարիայում, Եգիպտոսում և Ռումինիայում:

1897 թվականին Սիրանույշը հրավիրվել է Բաքվի նորակազմ դերասանական ընկերախումբ: Այստեղ հանդես է եկել գլխավորապես ողբերգական դերերով, որոնցով էլ կարճ ժամանակամիջոցում հռչակվել է որպես մի դերասանուհի, որի անզուգական մարմնավորումների հմայքն ու ներգործությունը Պետրոս Ադամյանի մահից հետո հանդիսատեսին վերստին մեծ ուժով կապել են թատրոնի հետ: Նա լայն գործունեություն է ծավալել Թիֆլիսում և Բաքվում իբրև թատերախմբի կենտրոնական դեմք, երբեմն էլ` ղեկավար: Ներկայացումներով հանդես է եկել նաև Զուբոլովի ժողովրդական տանը, Բաքվի բանվորական ակումբներում: 1901 թվականին Թիֆլիսում անձնավորել է Համլետի կերպարը, որը անսովոր իրադարձություն էր ողջ Ռուսական կայսրությունում, երբ կինը մարմնավորում է տղամարդու դեր:

Սիրանույշը խաղացել է շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունում։ Սիրանույշը լավագույնս խաղացել է նաև որպես Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը») Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն։

1909 թվականին Բաքվում նշվել է Սիրանույշի բեմական գործունեության 35 ամյակը, որը մեկ անգամ ևս հաստատել է այն մեծ ժողովրդականությունը, որը վայելել է դերասանուհին: Սիրանույշը հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի), Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի բազմաթիվ քաղաքներում: 1912 թվականին Թիֆլիսի հայ թատերական լավագույն ուժերը Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի գլխավորությամբ հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում և մեկ ներկայացումով` Սանկտ Պետերբուրգում: Սիրանույշի մարմնավորած Մագդան և Զեյնաբը արժանացել են բարձր գնահատականի: Նրան համեմատել են աշխարհահռչակ Էլեոնորա Դուզեի հետ:

1918-1921 թվականներին Սիրանույշը հյուրախաղերով շրջագայել է Պարսկաստանում: Մտադրվելով իր դստեր հետ տեղափոխվել Կ. Պոլիս` 1922 թվականին Թիֆլիսում տվել է հրաժեշտի ներկայացումներ` իր դերերից խաղալով Համլետ, Իզեիլ, Մեդեայ և Թերեզա: Այդ ներկայացումները եղել են Սիրանույշի թատերական գործունեության բարձրակետը: Դրանից հետո 10 տարի շարունակ այլևս բեմ չի բարձրացել: Սիրանույշի վերջին դերը եղել է 1932 թվականին Ալեքսանդրիայում խաղացած Մարգարիտ Գոթիեի դերը Ալեքսանդր Դյումայի «Քամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ:

Սիրանույշը հայ թատերական մշակույթի գագաթներից է, մեկն այն զորեղ անհատներից, որոնց անվան հետ է կապվում թատրոնի պատմության մի ամբողջ դարաշրջան: Նա այն եզակի արվեստագետներից է, որի գործունեությունը բարձրացրել է հայ թատրոնի հեղինակությունը ոչ միայն ազգային իրականության մեջ, այլև հայրենի երկրի սահմաններից դուրս: Ունենալով սուր միտք, հուժկու տեմպերամենտ, լինելով հմայիչ դերասանուհի` իր խաղով հասել է ցնցող ազդեցության: Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) համարվում են հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից։

Հայ մեծ դերասանուհին իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում, որտեղ էլ 1932 թվականի հունիսի 10-ին կնքել է իր մահկանացուն: Նրա մարմինը հողին է հանձնվել Կահիրեի հայկական գերեզմանատանը:

Սիրանույշի կյանքի և բեմական գործունեության մասին են պատմում Ռուբեն Զարյանի «Սիրանույշ» (Երևան, 1957, 344 էջ), Գառնիկ Ստեփանյանի «Սիրանույշ» (Երևան, 1957, 48 էջ), Ս. Զատիկյանի (Բոգեմսկի) «Սիրանույշ» (Երևան, 1961, 186 էջ), Գևորգ Աղաջանյանի «Սիրանույշ» (Երևան, 1995, 124 էջ) աշխատությունները: Իսկ Սիրանույշի 1883-1932 թվականին գրած նամակները Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից հրատարակվել են 2008 թվականին Երևանում:

Նյութի աղբյուր`

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 10, Երևան, 1984, էջ 406-408:
  2. Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 472-473:
  3. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:
  4. https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1604

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view