Այսօր վաղամեռիկ բանաստեղծ Սիփան Շիրազի հիշատակի օրն է:

22 տարի առաջ այս օրը 30 տարեկանը դեռ չբոլորած կյանքից անժամանակ հեռացավ բանաստեղծ, քանդակագործ Սիփան Շիրազը: Սիփան Շիրազը ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին Երևանում հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի և գրականագետ Շուշանիկ Արիստակեսյանի ընտանիքում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թվականին Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեականը» պոեմը: Սիփան Շիրազը մահացել է 1997 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Սիփանը Հովհաննես Շիրազի 3-րդ արու զավակն էր, իսկ իր տաղանդով և ճանաչվածությամբ Շիրազի 8 զավակներից երկրորդը` Արա Շիրազից հետո:

Սիփանը ստեղծագործել սկսել է մանկությունից` սկզբնական շրջանում իր վրա կրելով հոր ակնհայտ ազդեցությունը, սակայն, հետագա տարիներին Սիփանին հաջողվել է միանգամայն զերծ մնալ հոր ազդեցությունից և ստեղծել սեփական ոճն ու ձեռագիրը ունեցող միանգամայն յուրօրինակ բանաստեղծություններ, որոնք անհնար է նմանեցնել որևէ այլ բանաստեղծի գործերին: Սիփանը մահաշունչ բանաստեղծ է: Նրա գրեթե բոլոր գործերում կա մահվան շունչը, ամեն մի բանաստեղծության մեջ ներկա է մահը և կարծես, թե իր բանաստեղծություններով բանաստեղծը գուժում էր իր իսկ մահը: Սակայն, իր բանաստեղծություններում Սիփանը` կանխագուշակելով ապագան, ասում է, որ մի օր ինքը կվերադառնա որպես բանաստեղծ, սակայն, ավաղ, նա արդեն մարմնապես մեզ հետ չի լինի: Այսօր, կարծես թե կատարվել է Սիփան Շիրազի կանխագուշակումը: Գնալով ավելի են շատանում նրա պոեզիայով հետաքրքրվողներն ու Սիփան Շիրազի բանաստեղծություններն ընթերցողները, բայց, ցավոք, մեզ հետ չէ տաղանդավոր բանաստեղծը:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲՃԵՐ:

ԵՐԿԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ` Սիփան Շիրազ

 

Թող աչքերս քնեն խոռոչներում

Ու մահանամ խաղաղ ու մահանամ:

Ինձ լքեցիր. մնաս թող որ դու խավարում,

Իսկ ես` սիրո մեջը, իսկ ես` մեջը մահվան:

 

Սև օրերը կանցնեն ու գարունը կգա,

Բայց կմնա՞մ, ասեք, բայց կլինե՞մ.

Նախապես ասել եմ, կամ ասելու կգամ.

ԵՍ ՁԵՐ ԱՆՏՈՒՆ – ԱՆՏԵՐ ՏԵՂՆ Ու ՑԵՂԸ ՈՒՆԵՄ:

 

Լավ օրերն անցել են, լավ օրերը քիչ են,

Սակայն, հետո, հետո, մի օր լույսեր կգան.

Զուր կգան ու կանցնեն – հավատարիմ բճեր –

Սակայն, կգան մի օր, թեկուզ` քամու նման:

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ԿԱՄ ԲԱՐՈՎ ՄՆԱՔ

Հեղինակ` Սիփան Շիրազ

 

Մեռելներից առաջ մեռած ու մեռած սեր,

Սեր` մահացյալ ու հարություն առած,

ՈՒնայնության ճանապարհին – հեքիաթը մեր

Մուրացիկ էր` ափերը բաց:

 

Գնում էինք, գնում էինք տխուր, հարբած,

Քայլում էինք, որպես անթել խամաճիկներ,

Օտար էին մեզ խնդության դռները բաց

ԵՎ երկիրն այս – այդ մերը չէր:

 

ՄԵՐԸ երկինքն էր անորոշ ու անթափանց,

Մահամերձ էր ՓՐԿԻՉԸ մեր ու մահվան մոտ,

Ավելի ճիշտ` նա մեռյալ էր, աչքերը բաց,

Ջրափոս էր նա գարշահոտ:

 

Եվ, փրկության ոչ մի փողոց մեզ չմնաց,

Մեզ չտրվեց ԿՅԱՆՔՆ ԱՊՐԵԼՈՒ ոչ մի փողոց,

Մենք մթնեցինք աստղերի պես գիշեր հագած,

Մեր ճակատին պարզ գրված էր – ԳՐՈՂԻ ԾՈՑ:

 

Գրողի ծոցն անցնի աշխարհն ու կյանքնը այս,

Բարով մնաք, իմ անիծված – մենակ օրեր,

ԵՎ դու, իմ շուն հավատարիմ, բարով մնաս,

Բարով մնաս, մեռած իմ սեր:

ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ

ՎԵՐԱԴԱՐՁ ՅՈԹ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Հեղինակ` Սիփան Շիրազ

 

Կվերադառնամ ինքս ինձ մի օր

Եվ ինձ չեմ գտնի, և կշփոթվեմ,

Գոցե փոխակերպ – խեղճ խուղն եմ իմ հոր,

Գուցե պառաված լքյալի մի շեմ:

 

Եվ գուցե մի նոր, մի խ՛որ վախճանի

Կրկնություն դառնա վերադարձը այս –

Զուր իրար պիտի այս բախտը խառնի

Խաչ և օրորոց, օգուտ և վնաս:

 

Եվ կրկին, այսպես խառնելով իրար,

Տաղտուկ օրերը իրար հաջորդում`

Նեխում են, փտում, և չկա հնար

Մաղձ – գարշահոտը խեղդել կոկորդում:

 

Եվ այսպես, մի օր ես այն կդառնամ,

Ինչ կայի, ինչ կար նախորդ կտակում.

Որպես հուշ մի տաք` կվերադառնամ

Եվ ինձ կգտնեմ ԴԱՏԱՐԿ ԱՆՕԴՈՒՄ:

 

Զուր է անհոգի կյանքն այս կատակում

Եվ փորձաքարեր շպրտում վրաս.

Վերադարձն իմ այս ցավ է կուտակում.

ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆ ԻՄ ԱՅՍ:

 

Կվերադառնամ: ԱՄԵՆ ՎԵՐԱԴԱՐՁ

ԿՐԿԻՆ ԿՈՐՈՒՍՏ Է գտած ավարի,

Ես դեռ հիշում եմ – փողոցներում թաց

Փախուստը նկուն իմ ողնաշարի:

Նյութի աղբյուր`

  1. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:
  2. Սիփան Շիրազի ֆեյսբուքյան էջ – https://www.facebook.com/Սիփան-Շիրազ-Sipan-Shiraz-450832358291488/

Հրապարակեց Կարապետ Հակոբյանը

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com