Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Անվանի դերասան՝ Ազատ Գասպարյան

Իր ապրած տարիները՝ Ազատ Գասպարյան․  «Սիրում եմ մտաբերել անցած-գնացած տարիները: Տարիներ, տարիներ….Եղել են գտած տարիներ, կորցրած տարիներ…Մանկությանս տարիները ծանր են անցել: Ես ունեցել եմ հետպատերազմյան մանկություն. Ո՛չ իսկական գնդակ ունեի, ո՛չ իսկական խաղալիքներ, բայց ունեի ինձ շրջապատող բնությունը, որտեղ անցնում էր իմ մանկությունը, և կազմակերպվում էին խաղեր: Հիմա մտովի հետ նայելով եմ հասկանում, թե ինչ օրեր եմ ունեցել` սիրով ու խաղաղությամբ լի, ատելությամբ ու բռնությամբ լի: Ամեն տեսակի օրեր ունեցել եմ: Ատելություն կար մեջս բռնության հանդեպ, որովհետև աքսորված ընտանիքի զավակ եմ եղել:  Բայց հետո ընդունվեցի Թատերական, և դա մեծ երջանկություն էր ինձ համար: Ամեն ինչ մոռացա, ուղղակի երջանիկ էի: Պապիկս ասում էր` գոհ լինենք, բայց չբավարարվենք» :

 Անվանի դերասան Ազատ Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի №1 միջն. դպրոցը, 1970թ.`   Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը`   ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում:
1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.`   Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում:
Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմում`   «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Ու՞ր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչու՞» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.) և այլն:
Առավել հայտնի և սիրված են Ազատ Գասպարյանի մասնակցությամբ «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերը:
Նկարահանվել է նաև շուրջ 30 հեռուստաբեմադրությունում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում`   ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն: Հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-ձայնասկավառակներ:
Մահացել է 2013 թ. օգոստոսի 2-ին Երևանում:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.