Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Արայիկ Ղազարյանը հավասարակշռված տղա էր, նա չէր լքի մարտական դիրքը. Ծառայակից ընկերոջ հայտարարությունը

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի նախկին ծառայակից Հովհաննես Վարդանյանը վստահ է՝ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։

«Ըստ իս Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ։ հանգիստ ու հավասարակշռված տղա է։

Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճան» պիտակավորումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը նրանց մոտ է։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.