Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի
Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ առաջին
հանդիպման շրջանակներում կողմերի միջև տեղի է ունեցել երկկողմ համագործակցության քննարկում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու
երկրները պետք է զարգացնեն մասնագիտական հարաբերությունները` հետագա համագործակցության
հնարավորություններն ավելի ընդլայնելով: Նա առանձնահատուկ շեշտել է, որ Չեխիայի առողջապահական
համակարգի փորձով կարող են կիսվել Հայաստանի հետ:


«Մենք նույնպես ունենք լավ արդյունքներ: Հայաստանն իր հերթին կարող է պատվաստումների,
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և այլ փորձով ևս փախանակվել: Համագործակցել հնարավոր է և' կառավարության,
և' դեղագործական ընկերությունների, և' բժշկական հաստատությունների հետ», — ասել է նախարարը:
Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բեդրիխ Կոպեցկուն ներկայացրած
առաջարկների համար, և Հայաստան գալու հրավեր է արել Չեխիայի առողջապահության նախարարին:
Չեխիայի հետ առողջապահության բնագավառում համագործակցությունն սկսվել է դեռևս 2014
թվականին, երբ երկրների միջև ստորագրվել է «Հայաստանի և Չեխիայի առողջապահության
նախարարությունների միջև առողջապահության ու բժշկագիտության ոլորտներում համագործակցության
մասին» համաձայնագիրը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: