Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 11-ին հանդիպել է Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ և շնորհակալություն հայտնել կենտրոնի կողմից հրատարակվող «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար։ Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև  համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները։

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Վալերի Սադոխոն ներկայացրել է կենտրոնի հնարավորություններն ու աշխատանքի առանձնահատկությունները և նշել Հայաստանի և Բելառուսի՝ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների ներքո առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժը։ Այս համատեքստում կարևորվել են նաև երկու պետությունների գործարարների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հաճախակի շփումները։

Շնորհակալություն հայտնելով Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի կողմից հրատարակվող «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար՝ դեսպան Ղևոնդյանն ընդգծել է նմանօրինակ ծրագրերի դերակատարությունը հայ-բելառուսական փոխգործակցության երկկողմ առևտրատնտեսական օրակարգի ընդլայնման և առաջմղման հարցում։

Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև  համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ազգային արտահանման ծավալների ավելացումն ու տեսականու բազմազանությանը։

Միաժամանակ, Վալերի Սադոխոն պատրաստակամություն է հայտնել տրամադրել համապատասխան հարթակ, ապահովել տեղեկատվական ուղեկցում և լուսաբանում հայ-բելառուսական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հնարավոր բիզնես-համաժողովների մասով։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com