Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է

Կառավարությունը որոշում կայացրեց բյուջեի վերաբաշխում կատարել, որով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2 մլն դրամը վերաբաշխման միջոցով ուղղել «Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում» ծրագրի աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը:

Որոշումը  պայմանավորված է հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ՝ նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:

Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների և արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը համապարփակ տեղեկատվություն կմատուցի հայկական  տեխնոլոգիական զարգացման նախապատմության և հեռանկարների մասին: Բացի այդ, կիրականացվեն  միջոցառումներ, ինչի արդյունքում կստեղծվի տեղեկատվական փաթեթ` Հայկական բարձր տեխնոլոգիական զարգացման ուղու մասին:

Փաթեթը նախատեսվում է մշակել հայերեն և անգլերեն լեզուներով, որը նաև կիրառելի կլինի և՛ տեղական հայկական ըներությունների, և՛ միջազգային շուկաներում նոր գործընկերների ներգրավման, ինչպես նաև հայկական արտադրանքի բրենդավորման համար:

Հաշվի առնելով, որ սույն թվականի հոկտեմբեր ամսից նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հանդիպումներ, ուստի անհրաժեշտ է նշված ծառայությունների ամբողջ ձեռքբերումը իրականացնել մինչև 2019 թվականի երրորդ եռամսյակի ավարտը՝ գնման ձև սահմանելով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև 80 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: