Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Գյումրին մոռացված գանձ է․ Արմեն Սարգսյան

Գյումրին ունի բոլոր նախադրյալները իտալացի գործարարներին գրավելու համար: Այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով հայ-իտալական բիզնես համաժողովի շրջանակներում Իտալիայի պատվիրակության՝ Գյումրի կատարած այցին: Սա, ըստ ՀՀ նախագահի, մի նախաձեռնություն է, որը կնպաստի իտալացի գործարարների, շինարարական ու ինժեներական մի շարք ընկերությունների ներգրավմանը Գյումրիի զարգացման գործում:

«Սա մի քայլ, կամ պարզապես նախաձեռնություն չէ, այլ լայն նախաձեռնություն է, որը մի կարևոր նպատակ ունի՝ վերադարձնել կյանքը Գյումրիին, պաշտպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը և վերակենդանացնել, որպեսզի մեր հայրենակիցներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները շատ այցելեն: Այդ առումով կապը Գյումրիի հետ շատ կարևոր է: Ամիսներ առաջ Իտալիայում էի և այնտեղ հանդիպեցի Իտալիայի շինարարների և ճարտարապետների միության հետ ու այդտեղ որոշեցինք, որ իրենց հրավիրեմ այստեղ, հիմա էլ մարդիկ եկել են: Գաղափարն այն է, որ նրանց հետ միասին Գյումրիի մի մասը վերանորոգվի: Ինչո՞ւ իտալացիները. մի պարզ պատճառով, որովհետև նրանք հսկա մշակութային ժառանգություն ունեն և գիտեն պահպանել ու գնահատել մշակույթը։ Սա այն է, ինչ ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակութային կենտրոն»,- նշել է ՀՀ նախագահը՝ տեղեկացնելով, որ սա առաջին ճանաչողական այցն է, որին կհետևեն աշխատանքային այցերը, ինչի մասին վկայում են իտալացի ներկայացուցիչների տպավորությունները:

Խոսելով Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն դարձնելու մասին՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Իտալական պատվիրակության այս այցը կապ չունի այդ գործողության հետ: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ գործողություն է։  Նախ և առաջ` մենք Հայաստանում պետք է ընդունենք օրենքներ, որոնք պահպանում և պաշտպանում են Գյումրիի կենտրոնը, որպես ազգային մշակութային ժառանգություն, հետո դիմենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, քանի որ եթե մենք ինքներս չպաշտպանենք, ինչպե՞ս մյուսները պաշտպանեն»,- ասել է նախագահը:

ՀՀ նախագահը նշել է նաև, որ այդ քայլերն արվում են այն գյումրեցիներին ոգևորելու համար, ովքեր ճակատագրի բերումով հիմա Գյումրիում չեն: «Սպասելով ոչ մի բան դուրս չի գա, պետք է աշխատենք: Ես իմ տեղում եմ աշխատում, պետք է նաև ոգևորենք հանրությանը, նաև այն գյումրեցուն, ով այսօր Գյումրիում չէ, որ գա, ապրի, իսկ եթե չի գալիս, թող գա ու վերանորոգի։ Սա բոլորին է վերաբերվում, նաև՝ օտարներին: Գյումրին մոռացված գանձ է»,-հավելել է ՀՀ նախագահը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.