Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

«Թույլ մի տվեք, որ Ադրբեջանը քողարկի մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում»․Amnesty International

Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլը անցկացնելու որոշումը քննադատության է ենթարկվել երկրպագուների և իրավապաշտպան կառույցների կողմից:

Amnesty International-ը ավելացրել է ճնշումը Եվրոպայի ֆուտբոլի ղեկավար մարմնի՝ ՈւԵՖԱ-ի վրա, ասելով, որ Ադրբեջանին չպետք է թույլատրվի «սպորտով քողարկել իր սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»՝ բարձրակարգ ֆուտբոլային խաղեր բեմադրելով:

Բաքվի Օլիմպիական մարզադաշտը, որը հյուրընկալում է «Արսենալի» և «Չելսիի» միջև ընթացող Եվրոպայի լիգայի  եզրափակիչը, նաև ընտրվել է որպես հաջորդ տարվա Եվրոպայի առաջնության չորս խաղերի անցկացման վայր:

Սակայն այդ որոշումը խիստ քննադատության է ենթարկվել երկրպագուների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, իսկ երեքշաբթի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ չի մասնակցի խաղին՝  երկրում իր անվտանգության համար վախի պատճառով, ինչը պայմանավորված է իր հայրենիքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա սառեցված հակամարտությամբ:

«Մենք պետք է ապահովենք, որ Ադրբեջանին թույլ չտան ֆուտբոլային տոնախմբությամբ թաքցնել իր սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում», — ասել է Amnesty International- ի Մեծ Բրիտանիայի ղեկավար Քեյթ Ալենը: «Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարումները, լրագրողներին, բլոգերներին և իրավապաշտպաններին նպատակաուղղված ձերբակալությունները: Անթույլատրելի դատավարությունները և զրպարտողական քարոզարշավները մնում են սովորական․․․ Շատ հաճախ կառավարությունները օգտագործում են բարձրակարգ սպորտային մրցույթներ, որպեսզի ուշադրությունը շեղեն իրենց ռեպրեսիվ քաղաքականությունից և մարդու իրավունքների խախտումներից: Սրանից չկարողացավ խուսափել ներկայիս վարչակազմը ևս, իսկ «Արսենալ»-«Չելսիի» հանդիպումը պարզապես վերջին հիշեցումն է»:

Ադրբեջանական իրավապաշտպանների տվյալներով երկրում քաղաքական դրդապատճառներով բանտարկված են ավելի քան 150 մարդ, և զանգվածային ձերբակալությունները օգտագործվում են լրատվամիջոցներին լռեցնելու ու հասարակական կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու համար: 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող երկիրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է 166-րդ տեղը, որն ամենացածր ցուցանիշն է Եվրոպայում:

Մինչ այժմ, սակայն, ՈւԵՖԱ-ի կողմից եզրափակիչ խաղի համար Բաքվի ընտրության հարցի քննադատության մեծ մասը կենտրոնացած էր այն բանի վրա, թե որքան դժվար և թանկ է «Արսենալի» ու «Չելսիի» երկրպագուների համար այնտեղ հասնելը, ինչպես նաև տեղացի երկրպագուների և հովանավորներ համար հատկացված տոմսերի մեծ թվաքանակը:

Բացի այդ, Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան ափսոսանք է հայտնել Մխիթարյանի «անհիմն» որոշման համար:

Աղբյուր՝ https://www.theguardian.com/football/2019/may/22/amnesty-international-azerbaijan-human-rights-football ։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.