Թուրքիայի խորհրդարանի շենքում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է ծրագրված ահաբեկչությունը, որը պետք է տեղի ունենար երկրի խորհրդարանի շենքում, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի հեռահաղորդակցության հարցերով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունին:

Պաշտոնյան մանրամասնել է, որ ահաբեկչությունը փորձել է իրագործել «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն՝ ճակատ» ծայրահեղական  խմբավորման երկու անդամ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուսը մուտք են գործել խորհրդարանի շենք ու փորձել օրենսդրական մարմնի աշխատակիցներին պատանդ վերցնել: Սակայն անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին:

Ալթունը, մեկնաբանելով կատարվածը,  նշել է, որ խորհրդարանի շենքում ահաբեկչություն գործելու մտադրությունը ժողովրդի կամքը թիրախավորելու փորձ էր:

«Ահաբեկիչների ունեցած բոլոր կապերը պարզվելու են և նրանք պատասխան են տալու: Թուրքիան որևէ հնարավորություն չի տալու ոչ մի ահաբեկչական կազմակերպության»,- Twitter-ում գրել է Ալթունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն՝ ճակատ»-ը հիմնադրվել է 1978թ. և արմատական մարքսիստական-լինինյան գաղափարախոսության հետևորդ է: Ավելի վաղ թուրքական իշխանությունները խմբավորմանը մեղադրել էին մի շարք խոշոր ահաբեկչությունների իրականացման համար:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: