«Թուրքիան, Քեմալիզմը և Խորհրդային Միությունը» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում

2019 թվականի մայիսի 27֊ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայ֊ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր֊Մաթևոսյանի «Թուրքիան, Քեմալիզմը և Խորհրդային Միությունը» գրքի շնորհանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Նա շեշտեց, որ նախևառաջ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանում ստեղծվում են արժեքավոր գիտական աշխատանքներ, որոնք տպագրվում են աշխարհի ամենաառաջատար տպագրատներում։ Նա նաև կարևորեց քեմալիզմի գաղափարախոսության ներկայացումը, Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերությունների նկարագրումը հայկական շրջանակներում։

«Այս գրքի շնորհիվ հայոց պատմության վերաբերյալ մի շարք օբյեկտիվ տեսակետներ հասու են դառնում գիտական լայն շրջանակների համար: Բացի դրանից՝ Թուրքիան հասկանալու համար քեմալիզմի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի: Գրքում տեղ են գտել մի շարք թեմաներ՝ Ստալինի վերաբերմունքը քեմալիզմին, քեմալիզմի առօրյա ընկալումները և այլն»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ շնորհավորելով գործընկերոջը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը իր ելույթում պատմեց այն մասին, թե ինչպես կարելի է տպագրվել աշխարհի ամենահռչակավոր հրատարակչատներում։ Այնուհետև խոսեց գրքի ստեղծման պատճառների ու այդ ոլորտում եղած գիտական բացի մասին։ Նա ներկայացրեց գրքի կառուցվածքը, բովանդակությունը, թեմայի շուրջ գոյություն ունեցող կարծիքներն ու առկա ուսումնասիրությունները։ Ինչպես նաև պատմեց Թուրքիայի ամենօրյա կյանքում քեմալիզմի ունեցած տեղի ու դերի մասին։ Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց նաև 1920-30 թվականների քեմալիզմի վերաձևավորման, 1940-50-ականներին՝ քեմալիզմի գերիշխանության կերպափոխման մասին: Նա ներկայացրեց նաև, թե ինչ գործիքակազմով է հանրայնացվել և տարածվել քեմալիզմը: Մենագրության հեղինակը խոսեց քեմալիզմի 6 սկզբունքներից՝ հանրապետականություն, ազգայնականություն, աշխարհիկություն, հեղափոխականություն, ժողովրդականություն, էտատիզմ:

Շնորհանդեսը տեղի ունեցավ միջազգայնորեն ընդուված ֆորմատով, և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնայանը և Վահրամ Տեր-Մաթևոսյանը բանավիճեցին թեմային վերաբերող 3 հարցի շուրջ։

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու գրքի հեղինակին։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: