Իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը.Նիկոլ Փաշինյան

Այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ենթածրագիր շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր:

2019 թ. հունվարի 15-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։

Նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։ Նախատեսվում է նաև նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9 տոկոս տարեկան, գործող 12 տոկոսի փոխարեն, որի արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3 տոկոսային կետով սուբսիդավորվելուց հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ 2 տոկոս սուբսիդավորումից հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 7 տոկոս տոկոսադրույքով:

Բացի մագիստրատուրայի ուսանողներից, նախատեսվել է նաև կլինիկական օրիդինատուրայի ուսանողների ուսման վարձերի համար ուսանողական վարկավորման այս ծրագրից օգտվելու հնարավորություն։

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com