Լավագույն այլընտրանքային տարբերակները զարկերակային ճնշման կարգավորման համար

Զարկերակային գերճնշումը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ, որի դեպքում ճնշումը կարգավորող հատուկ դեղորայքի ընդունումը պարտադիր է, սակայն ոչ շատ լուրջ դեպքերում զարկերակային ճնշումը կարելի է կարգավորել նաև որոշ փորձված հնարքների միջոցով: Ընդ որում, այս հնարքները կարող են բավական օգտակար լինել նաև լուրջ դեպքերում, եթե համադրվեն դեղորայքային թերապիայի հետ:

Զարկերակային բարձր ճնշումն առանց դեղամիջոցների կարգավորելու լավագույն միջոցներից մեկը ճիշտ սննդակարգն է: Օրինակ՝ շատ արդյունավետ է DASH-սննդակարգը (Dietary Approaches to Stop Hypertension — սննդաբանական մոտեցում զարկերակային գերճնշման բուժմանը), որը մշակված է գերճնշման բուժման համար:

Այս սննդակարգը կօգնի կարգավորել ճնշումն ընդամենը 14 օրում, սակայն հարկավոր է խստորեն հետևել դրա բոլոր կանոններին: Սննդակարգի հիմնական բաղադրիչներն են բանջարեղենը, մրգերն ու հատիկեղենը: Կարելի է նաև անյուղ կաթնամթերք, սպիտակ թռչնամիս ու ձուկ ուտել, սակայն չչարաշահել:

Զարկերակային գերճնշումից ազատվելու ևս մի արդյունավետ միջոց է ճիշտ կազմակերպված հանգիստը: Հարկավոր է օրվա ընթացքում գոնե մեկ անգամ որոշակի ժամանակահատված տրամադրել հանգստին, որի ժամանակ կարելի է մեդիտացիա անել, պարզապես զբոսնել կամ զբաղվել որևէ այլ հաճելի զբաղմունքով:

Բացի այդ, խորհուրդ է տրվում հրաժարվել աղից ու ալկոհոլից, ինչպես նաև ազատվել ավելորդ քաշից, որը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:

Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ նշված այլընտրանքային միջոցներից հարկավոր է հրաժարվել զարկերակային ճնշման շատ բարձր ցուցանիշների դեպքում: Սա կարող է շատ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, մինչդեռ զարկերակային ճնշումը կարգավորող նշված մեթոդները բավական դանդաղ են ազդում:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: