Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ծովերի ամենահայտնի գիշատիչները` Շնաձկներ

Շնաձկները հասարակածային գոտու հյուսիսային և հարավային 30օ լայնությունների միջև ընկած բոլոր կուրորտների չարիքն են: Հասարակածից հյուսիս և հարավ 30օ-ի և 40օ-ի միջև նրանք վտանգավոր են միայն տարվա տաք եղանակին: Շնաձուկը հարձակվում է ջրի 21 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում, հազվադեպ հարձակվում է 16-ից մինչև 21 աստիճան ջերմաստիճանի ժամանակ: Առավել սառը ջրերում այդ շարժուն գիշատիչը դառնում է անվտանգ: Գիշերը շնաձուկը ավելի վտանգավոր է, քան ցերեկը: Հավայան կղզիներում և Կալիֆորնիայում կազմակերպում են յուրատեսակ «դերբի»` այդ վտանգավոր ձկների որսի մրցություն: Թե որքան շատ է այստեղ նրանց թիվը, կարելի է որոշել ելնելով նրանից, որ 1952 թվականին այդպիսի մրցության ժամանակ Կալիֆորնիայի Պոյնտ Դերբիի մոտ 1454 ձկնորս 6 ժամվա ընթացքում բռնեցին 1871 շնաձուկ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծովային նավերի և ինքնաթիռների հաճախակի վթարները օվկիանոսի վրա ստիպեցին մտածել շնաձկներին վախեցնելու միջոցների մասին: 18-րդ դարի ֆրանսիացի բժիշկ Պոլ Բյուդկերը նավաստիներին խորհուրդ էր տալիս այդպիսի դեպքերում շնաձկներին շպրտել մի բոքոն հաց, իսկ եթե դա չբավարարի, սևեռուն նայել նրա աչքերի մեջ, որից շնաձուկը շփոթված հեռանում է: 20-րդ դարում այդ միջոցներն անբավարար դուրս եկան: Ամերիկյան օդաչուներին սկսեցին բաժանել նիգրոզին ներկանյութի և պղնձարջասպի խառնուրդի ծրարներ: Սակայն, այդ «հակադոտ»-ը ևս լրիվ անվտանգություն չէր երաշխավորում: 5 սմ3 ստրիխնինի ամպուլայով հարպունը իր սուր ծայրով շնաձկանը սպանում է 1 րոպեի ընթացքում, սակայն, շնաձկան հետ պայքարելիս ժամանակը պետք է հաշվել վայրկյաններով, այնպես որ այդ միջոցը ևս պաշտպանության համար պիտանի չէ:

Շնաձուկն ունի միանգամայն թույլ տեսողություն, սակայն, օժտված է արտակարգ ընկալունությամբ ալիքային տատանումների նկատմամբ, որ առաջանում է ջրում մյուս կենդանիների շարժումից: Ցածր հաճախականության տատանումները նա որսում է կողագծերի օգնությամբ, իսկ բարձր հաճախականության տատանումները` հատուկ ապարատով, որը գտնվում է նրա ականջների և գլխի մեջ: Բացի այդ շնաձկան մոտ խիստ զարգացած է հոտառությունը: Նրանք կարող են իրենց զոհին գտնել մինչև 1000 մետր հեռավորության վրա:

Եթե վթարից հետո ջրում հայտնվում են շատ մարդիկ, ընդ որում` մի մասը վիրավոր, շնաձկների բազմությունը անսպասելիորեն հայտնվում է խորքերից: Նրանք արտակարգ արագությամբ ուղղահայաց վեր են բարձրանում և առանց ընտրություն կատարելու բռնում այն ամենը, ինչ որ ընկնում է ատամի տակ: Կատաղած` նրանք այդպիսի դեպքերում հաճախ պատառոտում են նույնիսկ իրենց կերուխումի մասնակից մյուս շնաձկներին: Երբեմն նրանց վարքը դժվար է բացատրվում: Հաճախ մի քանի շնաձուկ թաղնում են իրենց հեշտ որսը և նետվում հեռվում կանգնած մարդու վրա: Եթե նույնիսկ նրանց խանգարում են, նրանք իրենց ճանապարհին գտնվող մարդկանց վրա ուշադրություն չեն դարձնում և համառորեն նետվում են դեպի այն մարդը, որին աչքադրել են: 1960 թվականի ընթացքում մարդու վրա շնաձկների հարձակման գրանցված 53 դեպքից 30-ը եղել է իրենց իսկ` շնաձկների «անձնական նախաձեռնությամբ», 11-ը մարդկանց անզգուշության հետևանքով, 7-ը տեղի է ունեցել ավիացիոն աղետների ժամանակ և 5-ը` «ոչ ոքի»: Թե որքան հարձակում չի մտել այդ վիճակագրության մեջ, մնում է անհայտ:

Հաշվվում է շնաձկների 450 տեսակ, որոնց չափերը սկսվում են 17 սմ.-ից և հասնում մինչև 18 մետրի: Շնաձկների վարքագիծը դեռևս քիչ է ուսումնասիրված: Շնաձկների 3 տեսակ, այդ թվում` կետային շնաձուկը, սնվում են փոքր ձկներով ու պլանկտոններով և չեն հարձակվում մարդկանց վրա: Սակայն, բոլորի բախտը չէ, որ բերում է:

Շնաձկներից ամենավտանգավորները համարվում են չորս ընտանիք` մարդակեր շնաձկներ, շնաձուկ ռեքվիեմ, ավազաբնակ շնաձկներ և մուրճ-շնաձուկ:

Շնաձկանը կարելի է վախեցնել փայտով` ուժեղ հարվածելով քթին կամ խռիկներին: Մուգ հագուստը և մուգ գործիքները ավելի քիչ են գրավում շնաձկանը, քան բաց գույնի և փայլուն առարկաները: Նկատելով շնաձկանը` պետք է խուսափել խիստ շարժումներից և շատ ավելի լավ է ջրում անշարժ պառկել, մինչև նա, բավարարելով իր հետաքրքրությունը, հեռանա:

Նյութի աղբյուր`

Հրապարակեց Կարապետ Հակոբյանը

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.