«Կոմիտաս 150» փառատոնի գլխավոր հովանավորը կլինի հայաստանյան բանկերից մեկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Արդշինբանկի միջև ստորագրված պայմանագրի շրջանակում բանկը դարձավ «Կոմիտաս 150» փառատոնի գլխավոր հովանավորը՝ նվիրաբերելով 20 մլն ՀՀ դրամ: Արդշինբանկի միջոցներով կիրականացվեն հոբելյանական մի շարք հրատարակությունների տպագրություն, համերգների և այլ միջոցառումների կազմակերպում:

Այսօր կողմերը պայմանագիրը ստորագրեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Կոմիտասի 150-ամյա հոբելյանը մեր ազգի համար մեծ նշանակություն ունի: Ադշինբանկի աջակցությունն ու հովանավորությունը նշանակալի դեր կունենա  հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման հարցում: Աջակցությունը լինելու է ոչ միայն «Կոմիտաս» միջազգային  գիտաժողով-փառատոնին, այլև ուղղվելու է հրատարակություններին, համերգային շարքերին»,-նշեց Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Արդշինբանկի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս հրավերը: «Մեր համագործակցությունը նախարարության հետ առաջին անգամը չէր: Բանկի սոցիալ կորպորատիվ պատասխանատվության շրջանակում է հայ մշակույթի կողքին լինելը: Համոզված եմ, որ համագործակցությունը լինելու է շարունակական ու բեղուն»,-ասաց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ նշեց, որ 2019 թվականը բացառիկ է հայ ժողովրդի համար, քանի որ լրանում է ոչ միայն Կոմիտասի, այլև Հովհաննես Թումանյանի  150-ամյակը, և հոբելյաններն անցկացվում են պետական բարձր հովանու ներքո: Նա  հիշեցրեց, որ այս հոբելյաններն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր  իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում և անցկացվում են հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

1 thought on “«Կոմիտաս 150» փառատոնի գլխավոր հովանավորը կլինի հայաստանյան բանկերից մեկը

  1. Ծանուցում՝ Pilates in Manassas Virginia

Comments are closed.