Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայաստանի Հանրապետության և Արցախի 70 նշանավոր քարանձավները

Ինչպես հայտնի է՝ մարդկությունն իր կյանքը սկսել է քարանձավներում. քարանձավներն են հանդիսացել մարդու հիմնական բնակավայրը: Գուցե քչերը գիտեն, բայց այսօր էլ աշխարհի որոշ երկրներում կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք նախընտրում են բնակվել քարանձավներում: Ճիշտ է՝ մեր օրերում նման մարդկանց թիվը շատ քիչ է, բայց, ընդամենը 60 տարի է անցել այն օրից, երբ 1958 թվականին Հայաստանում վերջին մարդը լքեց հազարամյակներ շարունակ իր բնակավայրն հանդիսացող քարանձավը: Այսօր էլ Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում կարելի է տեսնել և զրուցել այն մարդկանց հետ, որոնց մանկությունն անցել է Հին Խնձորեսկի քարանձավներում:

Աշխարհում կան հազարավոր քարանձավներ, որոնք ոչ միայն ծառայել են մարդու համար որպես բնակավայր, այլև նրանցից որոշներն ունեցել են ծիսապաշտական նշանակություն: Այդպիսի քարանձավներում բնակվելն արգելված էր: Նման մի քարանձավում՝ Արենի 1-ում, 2010 թվականին հայ-իռլանդական հնագիտական միացյալ արշավախումբը հայտնաբերել է մինչև օրս աշխարհում հայտնի ամենահին կոշիկը, որը թվագրվում է Ք. ա. 4-րդ հազարամյակով:

Մինչև օրս էլ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնաբերվում են մարդկությանն անհայտ նոր քարանձավներ, իսկ վաղուց հայտնի քարանձավներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում ի հայտ են գալիս աշխարհին զարմացնող հնագիտական իրեր:

Ինչ վերաբերում է Հայաստանի քարանձավներին, ապա նրանց թիվն հասնում է մի քանի տասնյակի, որոնցից շատերի նշանակությունը թե’ բնապահպանության, թե’ քարանձավագիտության տեսակետից շատ մեծ է:

Ստորև ներկայացնում ենք այդ քարանձավներից 70-ը ըստ գտնվելու վայրի:

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

  1. Սպիտակի վիմափոր քարանձավային բնակավայր (Լոռու մարզ, Սպիտակի շրջան, գ. Գեղասար):
  2. Մեծ Պարնիի քարանձավներ (Լոռու մարզ, Սպիտակի շրջան, գ. Մեծ Պարնի):
  3. Ղշի զաղա քարանձավ (Լոռու մարզ, Ստեփանավանի ձոր):
  4. Գետնազաղա քարանձավ (Լոռու մարզ, Ստեփանավանի շրջան, Լոռի Բերդ):
  5. Գոմեշի քարանձավ (Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Կարմիր Աղեկ):
  6. Ճանճանոցի քարանձավ (Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Կարմիր Աղեկ):
  7. Սղնախի քարանձավ (Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Կարմիր Աղեկ):
  8. Քոբայրի քարանձավ (Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Քոբայր):
  9. Օձունի քարանձավ (Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Օձուն):
  10. Պատած կամ Պնդոց այր (Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Դեբեդի ձոր):
  11. Զառնի այր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Հաղպատ):
  12. Պառնի այր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Հաղպատ):
  13. Ծակայր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Հաղպատ):
  14. Սանահինի յոթհարկանի այր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Սանահին):
  15. Գոմայր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Սանահին):
  16. Ալիխանի այր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Սանահին):
  17. Աչառանց այր (Լոռու մարզ, Ալավերդու շրջան, գ. Սանահին):

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

  1. Գագ բերդի քարանձավ (Տավուշի մարզ, Նոյեմբերյանի շրջան, գ. Կոթի):
  2. Լաստիվերի երկհարկանի քարանձավ (Տավուշի մարզ, Իջևանի շրջան, Ենոքավան գյուղի մոտ):
  3. Զրնգանի քարայր (Տավուշի մարզ, Իջևանի շրջան, գ. Դիտավան, Համզա լեռան գագաթին):
  4. Գավարզին լեռան քարանձավ (Ադրբեջանի Ղազախ քաղաքի և ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի միջև):
  5. Տեսիլք քարանձավ (Տավուշի մարզ, Իջևանի շրջան, Գանձաքար գյուղից արևելք, Տեսիլք լեռան արևելյան կողմում):
  6. Կանաչ քարանձավ (Տավուշի մարզ):

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

  1. Դավրիժեցու քարանձավ (Կոտայքի մարզ):
  2. Մաղազրեք քարանձավային բնակավայր (Կոտայքի մարզ, Չարենցավանի շրջան, գ. Քարաշամբ, Հրազդանի կիրճ):
  3. Լուսակերտի քարանձավներ (Կոտայքի մարզ, Չարենցավանի շրջան, գ. Արգել, Հրազդանի կիրճ):
  4. Նուռնուսի քարանձավային ամրոց (Կոտայքի մարզ, Բյուրեղավանի շրջան, գ. Նուռնուս, Հրազդանի կիրճ):
  5. Ողջաբերդի քարայրներ (Կոտայքի մարզ, Աբովյանի շրջան, գ. Ողջաբերդ):
  6. Գեղարդի քարանձավ (Կոտայքի մարզ, Աբովյանի շրջան, Գեղարդի վանքի մոտ):
  7. Վարպետ Լևոնի ձեռակերտ քարանձավ (Կոտայքի մարզ, Աբովյանի շրջան, գ. Առինջ):

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

  1. Յոթ հորերի քարանձավ (Արագածոտնի մարզ):
  2. Յոթ դռնանի Զաղա դռնավոր քարանձավ (Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, գ. Կոշ):
  3. Ղազարի Զաղա քարանձավ (Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, գ. Ուջան):
  4. Ամբերդի դռնավոր քարանձավ (Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, գ. Աղձք, Ամբերդի ձոր):
  5. Վարդիկի քարայր (Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, գ. Օշական):
  6. Գեղամավանի Կարմիր քարանձավ (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Արտաշավան):
  7. Արտաշավանի քարանձավ (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Սաղմոսավան):
  8. Չարխիֆալաքի քարանձավ (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Սաղմոսավան):
  9. Կարմիր վանքի քարանձավ (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Սաղմոսավան):
  10. Կարմիր Փետի քարանձավ (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Սաղմոսավան):
  11. Դարաբանների այրեր (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Սաղմոսավան):
  12. Սերկևիլի վանքի քարանձավ (Արագածոտնի մարզ, Քասախի կիրճ, գ. Սաղմոսավան):
  13. Ծաղկեվանք քարայր (Արագածոտնի մարզ, Արա լեռան ստորոտին):
  14. Արա լեռան քարանձավ (Արագածոտնի մարզ, Արա լեռան գագաթին):

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

  1. Մոզրովի քարանձավ (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան, գ. Մոզրով):
  2. Կարմիր քարանձավ (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան, գ. Մոզրով):
  3. Մագելի քարանձավ (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան, Նորավանքի մոտ):
  4. Մյարոզի կամ Քրատակի քարանձավ (Վայոց ձորի մարզ, Նորավանքի մոտ):
  5. Աղունիկի զաղա քարայր կամ Աղունիկների քարանձավ (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան, գ. Ամաղու, Ուփի ձորում, Արփա գետի վտակ Գնիշիկ գետակի ձորահովտում):
  6. Արջերի քարանձավ (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան, գ. Արփի):
  7. Թռչունների կամ Արենի 1 քարանձավ (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան, գ. Արենի):
  8. Ախտա-Ծակեր անձավներ (Վայոց ձորի մարզ, Արփայի գետահովիտ):
  9. Անահիտ քարանձավ (Վայոց ձորի մարզ):
  10. Ջրովանքի քարանձավ (Վայոց ձորի մարզ):

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

  1. Հին Խնձորեսկի քարանձավներ (Սյունիքի մարզ, Գորիսի շրջան, գ. Խնձորեսկ):
  2. Լաստի խութ կամ հին Կյորես քարանձավային բնակատեղի (Սյունիքի մարզ, Գորիսի շրջան, քաղ. Գորիս):
  3. Քարանձավային թատրոն (Սյունիքի մարզ, Գորիսի շրջան, քաղ. Գորիս):
  4. Սատանի կամրջի քարանձավ (Սյունիքի մարզ, Գորիսի շրջան, Տաթև գյուղից արևելք):
  5. Տնտղնածակ քարանձավ (Սյունիքի մարզ, Գորիսի շրջան, գ. Հարժիս):
  6. Հարսնաքարի կամ Սառնատուն քարանձավներ (Սյունիքի մարզ, Կապանի շրջան, գ. Վերին Խոտանան):
  7. Խուստուփ լեռան քարանձավ (Սյունիքի մարզ, Կապանի շրջան, Խուստուփ լեռան գագաթին):
  8. Հովազաձորի քարանձավներ (Սյունիքի մարզ, Մեղրու շրջան, գ. Այգեձոր):

 

ԱՐՑԱԽ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

  1. Ազոխի Որվան քարանձավ (Արցախ, Հադրութի շրջան, գ. Ազոխ):
  2. Ալեքսանա Ղուզե քարանձավ (Արցախ, Շուշիի շրջան, Հունոտի կիրճ, գ. Քարինտակ):
  3. Եղունիկի կարա քարայր (Արցախ, Շուշիի շրջան, Հունոտի կիրճ, գ. Քարինտակ):
  4. Ծաղկաբերդի քարանձավային համալիր (Արցախ, Քաշաթաղի շրջան, գ. Ծաղկաբերդ):
  5. Հոչանցի անապատ (Արցախ, Քաշաթաղի շրջան, գ. Հոչանց):

 

ԱՅԼ ՄԱՐԶԵՐ

  1. Լճաշենի քարայրներ (Գեղարքունիքի մարզ, Սևանի շրջան, գ. Լճաշեն):
  2. Ամասիայի քարանձավ (Շիրակի մարզ, գ. Ամասիա, Ախուրյան գետի կիրճի աջ ափին):
  3. Բղոյի գեղի յոթ դռնանի քարանձավ:

 

Վերջում նշենք, որ քարանձավները որպես ուսումնասիրության աղբյուր սկսել են դիտարկվել միայն 20-րդ դարի կեսերից, հետևաբար քարանձավագիտությունը համարվում է երիտասարդ գիտություն: Այդ է պատճառը, որ քարանձավների մասին պատմող գրքերը մեզանում քիչ են: Այնուհանդերձ դրանք կան և ընթերցող հասարակությունը քարանձավների մասին կարող է կարդալ Կաստերե Նորբերի «Տասը տարի գետնի տակ», «Անդունդի կանչը», Էդվարդ Սարգսյանի «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» և Սամվել Շահինյանի «Հայաստանի քարանձավները» գրքերում:

Իսկ քարանձավներով հետաքրքրված պատանի ընթերցողներին խորհուրդ է տրվում կարդալ Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Կարեն Սիմոնյանի «Ցտեսություն, Նաթանայել», Վախթանգ Անանյանի «Դժոխքի դռան գաղտնիքը», «Սևանի ափին», և Վալտեր Թորոսյանի «Քարանձավի առեղծվածը» վիպակները:

 

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.