Հայաստանի մարզերի 16 նորակառույց նշանավոր եկեղեցիները

Անկախության հռչակումից ի վեր` վերջին 28 տարիների ընթացքում Հայաստանի հանրապետությունում հին վանքերի ու եկեղեցիների վերանորոգմանը զուգահեռ կառուցվել են մի քանի տասնյակ նոր եկեղեցիներ: Դրանցից առանձնացրել ենք ՀՀ մարզերի ճարտարապետական առումով և ունեցած նշանակությամբ 15 առավել ուշագրավ եկեղեցիները, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սուրբ Հակոբ Մծբնացի եկեղեցի (գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասում): Կառուցվել է 2002 թվականին ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Եկեղեցին կրում է 4-րդ դարի եկեղեցական գործիչ Սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետի անունը: Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը: Եկեղեցին օծվել է 2002 թվականի օգոստոսի 29-ին:

Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի (Լոռու մարզ, քաղ. Սպիտակ): Սպիտակ քաղաքի միակ եկեղեցին է: Եկեղեցու կառուցումը նախատեսել է Վազգեն Առաջին կաթողիկոսը: Շինարարությունը սկսվել է 1997 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի օրոք և ավարտվել 2000 թվականին` օծվելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Եկեղեցին կառուցվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջոցներով և ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը:

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Լոռու մարզ, քաղ. Վանաձոր): Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Կառուցվել է 2005 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, ամերիկահայ բարերարներ Սարգիս և Ռուդ Բեդևյան ընտանիքի միջոցներով և ճարտարապետ Ռուբեն Ազատյանի նախագծով: 2007-2008 թվականներին եկեղեցու խորանը զարդարվել է հայազգի սրբերի որմնանկարներով: 2012 թվականին եկեղեցու ներսում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքի մատուռ-պահարան:

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Լոռու մարզ, քաղաք Ալավերդի): Կառուցվել է 2000-2001 թվականներին: Օծվել է 2001 թվականի նոյեմբերի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ:

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տավուշի մարզ, քաղ. Բերդ): Եկեղեցու կառուցումը սկսվել է 2012 թվականի մայիսի 20-ին և ավարտվել 2014 թվականին: Օծման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, որին մասնակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պետական և հոգևոր այլ բարձրաստիճան այրեր:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան): Կառուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, մեծահարուստ, բարերար Գագիկ Ծառուկյանի միջոցներով և ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել են 40 քանդակագործ վարպետներ: Եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թվականի օգոստոսի 24-ին և ավարտվել 2013 թվականին: Օծման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, որին մասնակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պետական և հոգևոր բարձրաստիճան այրեր:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն): Կառուցվել է 2011-2015 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավոր, մեծահարուստ, բարերար Գագիկ Ծառուկյանի միջոցներով և ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: Օծման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 22-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, որին մասնակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պետական և հոգևոր բարձրաստիճան այրեր:

Սուրբ Փրկիչ եկեղեցի (Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան): Կառուցվել է կանադահայ բարերարներ տեր և տիկին Դերվիշյանների միջոցներով: Օծվել է 2000 թվականի հուլիսի 20-ին:

Սուրբ Աննա եկեղեցի (Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն): Եկեղեցին կառուցվել է մոսկվաբնակ բարերար Վահան Ավագյանի միջոցներով: Նորակառույց այս եկեղեցու հանդիսավոր բացումն ու օծումը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 21-ին: Եկեղեցու բացմանը բազմաթիվ ուխտավորների և հոգևորականների հետ միասին ներկա են եղել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղադրվել են 17 խաչքարեր, որոնց հեղինակը քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է:

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Արարատի մարզ, քաղ. Արտաշատ): Կառուցվել է 2002-2015 թվականներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցներով և ճարտարապետներ Արտակ Ղուլյանի և Էմմա Ֆահրադյանի նախագծով: Եկեղեցու կառուցումը սկսվել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին, իսկ օծման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 31-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, որին մասնակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ բարձրաստիճան այրեր:

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արարատի մարզ, գյուղ Արևշատ): Կառուցվել է 2005-2006 թվականներին ծնունդով արևշատցի բարերար Սամվել Դավթյանի միջոցներով նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա: Եկեղեցին օծվել է 2006 թվականի հուլիսի 23-ին` Վարդավառի օրը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր-Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

Սուրբ Գևորգ եկեղեցի (Արարատի մարզ, գյուղ Մարմարաշեն): Կառուցվել է 2001-2002 թվականներին Վալոդյա Սարոյանի նախաձեռնությամբ, մոսկովաբնակ բարերար Սերգեյ Ղազարյանի միջոցներով և ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով: Եկեղեցին օծվել է 2002 թվականի նոյեմբերի 4-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Արարատի մարզ, գյուղ Բյուրավան): Կառուցվել է 1992 թվականին 1930-ական թվականներին ավիրված եկեղեցու տեղում ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով: Եկեղեցու բակում կանգնեցված է ազատագրական պայքարի նահատակներին, հայոց մեծ եղեռնի և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարեր:

Սուրբ Գևորգ եկեղեցի (Արարատի մարզ, քաղ. Մասիս): Կառուցվել է գործարար Գագիկ Ադիբեկյանի և բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի միջոցներով, ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով: Եկեղեցին օծվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել մի շարք հոգևոր բարձրաստիճան այրեր:

Սուրբ Տրդատ եկեղեցի (Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք): Կառուցվել է 2000 թվականին ամերիկահայ բարերարներ Գալուստ և Էմմա Սողոյանների միջոցներով: Եկեղեցին օծվել է 2000 թվականի Օգոստոսի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Եկեղեցու բակում 2014 թվականի մայիսի 25-ին տեղադրվել է քանդակագործ Վարազդատ Հարությունյանի կերտած Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողը:

Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար (Արցախ, Ստեփանակերտ, Վ. Սարգսյան փող.): Տաճարի կառուցումը սկսվել է 2006 թվականի հուլիսի 19-ին և ավարտվել 2019 թվականին: Կառուցվել է ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծով: Օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Եկեղեցու կառուցմանը մեծ օժանդակություն են ցուցաբերել Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրները:

Նյութի աղբյուր`

  1. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:
  2. https://www.qahana.am/am/churches/18
  3. https://hetq.am/hy/article/71613
  4. http://ter-hambardzum.net/օծվեց-նոր-հաճըն-քաղաքի-սուրբ-ամենափրկ/
  5. https://www.facebook.com/charentsavanmunicipality/photos/a.892966157466211/1569518429810977/?type=1&theater

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view