Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայաստանի Հանրապետության նշանավոր բնական հուշարձանները

Լաստիվերի երկհարկանի քարանձավ (Տավուշի մարզ, Իջևանի շրջան, Ենոքավան գյուղից 3 կմ. հեռու): Քարանձավի պատերին պահպանվում է 1950-ական թվականներին արված գեղեցիկ որմնաքանդակներ:

Պարզ լիճ (Տավուշի մարզ, Դիլիջանի արգելոց, Դիլիջան քաղաքից 9 կմ. հյուսիս-արևելք): Ծովի մակերևույթից բարձր է 1350 մետր: Սնվում է աղբյուրներից։ Ունի 300 մետր երկարություն և 100 մետր լայնություն։ Միջին խորությունը 3 մետր է, առավելագույնը` 18 մետր։ Շրջապատված է անտառներով։

Գոշի լիճ (Տավուշի մարզ, Գոշ գյուղից 2,5 կմ. հարավ-արևմուտք): Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի երկարությունը 100 մետր է, լայնությունը՝ 80 մետր։ Առավելագույն խորությունը 8 մետր է, ջրի ծավալը՝ 1500 մ3։

Թռչկանի ջրվեժ (Լոռու մարզ, Շիրակամուտ գյուղից 10 կմ. հյուսիս — արևմուտք, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա): Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժներից է: Բարձրությունը կազմում է 23, 5 մետր։

Արագած լեռ (Արագածոտնի մարզ): Հրաբխային ծագման քառագագաթ լեռ: Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ. տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Բարձրությամբ ամենամեծը հյուսիսային գագաթն է (4090 մ.), այնուհետև` արևմտյան (4080 մ.), արևելյան (3916 մ.) և հարավային (3879 մ.) գագաթները:

Քարի լիճ (Արագածոտնի մարզ, Արագածի լեռան վրա): Ծովի մակերևույթից բարձր է 3207 մետր: Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։

Քասաղի ջրվեժ (Արագածոտնի մարզ, Քասախ գետի վրա, Հովհաննավանքի դիմաց): Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։ Բարձրությունը 70 մետր է։

Գեղարոտի ջրվեժ (Արագածոտնի մարզ, Արագած գյուղից 11 կմ. հյուսիս-արևմուտք, Գեղարոտ գետի վրա): Ծովի մակերևույթից գտնվում է մոտ 3000 մետր բարձրության վրա: Բարձրությունը 17 մետր է:

Արա լեռ (Արագածոտնի մարզ, գյուղ Սարալանջ): Ծովի մակերևույթից բարձր է 2577 մետր: Արա լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։ Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսաանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ։

Մեծամոր լիճ (Արմավիրի մարզ, Ակնալիճ գյուղից 1 կմ. հարավ–արևելք): Ծովի մակարդակից բարձր է 853 մետր։ Միջին խորությունը 9, 4 մետր է:

Ակնա լիճ (Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ. արևմուտք): Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետր։ Ջուրը պարզ է, քաղցրահամ։ Առավելագույն խորությունը 15 մետր է:

Ողջաբերդի քարայրներ (Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղի հյուսիսային կողմում): Իրենից ներկայացնում է 10-15-րդ դարերի քարայր-կացարանների համալիր:

«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձան (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Ազատ գետի կիրճ):

Սևանա լիճ (Գեղարքունիքի մարզ): Ծովի մակերևույթից բարձր է 1900 մետր: Այն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող 2–րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է ունեցել` Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով, Գյոկչայ, Դարյա–Շիրին, Լակնիտիս:
Երկարությունը 70 կմ. է, առավելագույն լայնությունը` 55 կմ.: Հայելու մակերեսը կազմում է 1260 քառ. կմ., որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում: Միջին խորությունը 46, 8 մետր է, ամենախոր վայրը` 83 մետր (Փոքր Սևանում, թերակղզուց ոչ հեռու): Ջրի ծավալը 32, 92 միլիարդ խորանարդ մետր է:

Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է երկու մասի` Մեծ Սևանի (37, 7 մետր միջին խորություն) և Փոքր Սևանի (50, 9 մետր միջին խորություն): Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճն է` Վանա լճից և Ուրմիա լճից հետո: Ի տարբերություն այդ երկուսի` Սևանա լիճը բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր: Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ` Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ գետերը, սակայն սկիզբ է առնում միայն մեկը` Հրազդանը:

Ջերմուկի ջրվեժ (Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա): Բարձրությունը 68 մետր է: Երեք գմբեթաձև դարավանդով թափվում է Արփա գետը: Հայտնի է իր հանքային աղբյուրներով և բուժիչ ու կենարար ջրով:

Թռչունների կամ Արենի 1 քարանձավ (Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի): 2010 թվականի հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը թվագրվում է Ք. ա. 4-րդ հազարամյակով: Նույն թվականին այստեղ հայտնաբերվել է Ք. ա. 3900 թվականին թվագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Մոզրովի քարանձավ (Վայոց ձորի մարզ, գյուղ Մոզրով): Հայտնաբերվել է 1980 թվականին ճանապարհաշինարարական պայթեցումների ժամանակ: Մոզրովի քարանձավը երկարությամբ Հայաստանում երրորդն է (մոտ 260 մետր)։ Հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական և երկրաբանական գոյացություններով։

Մագելի քարանձավ (Վայոց ձորի մարզ, Նորավանքի մոտ): Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով 1980 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը: Քարանձավի մուտքն այնքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։ Մագելի քարանձավում ապրում են չղջիկների ութ տեսակ, որոնցից վեցը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ Ուսումնասիրված է քարանձավի մինչև 1, 7 կմ. խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ ուսումնասիրված չեն։

Արջերի քարանձավ (Վայոց ձորի մարզ, Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ. հեռավորության վրա): Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների և այն բանի հետ, որ այստեղ արջերի որջ է եղել:

Հերհերի ջրվեժ (Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղից 2, 5 կմ. հյուսիս` Հերհեր գետի վրա):

* Սյունիքի և Արցախի նշանավոր բնական հուշարձանները ներկայացվել են առանձին հրապարակումով: Տես` https://newinfo.am/սյունիքի-և-արցախի-նշանավոր-բնական-հու/newinfokarapet/

 

Նյութի աղբյուր՝

  1. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:
  2. Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հատ. 1-5, Երևան, 1985-2001:

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.