Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայկական հեթանոսական տոմարը

Քրիստոսի ծննդից առաջ առաջին հազարամյակի կեսերից սկսած հայերը, որոնք նախկինում օգտվում էին լուսնային, այնուհետև` լուսնա–արեգակնային օրացույցներից, անցում են կատարում դեպի հայկական հեթանոսական օրացույցը: Ինչպես այլ ժողովուրդների, այնպես էլ հայկական հեթանոսական տոմարը ստեղծվել է երկնային լուսատուների շարժման հիման վրա: Հայկական արեգակնային տոմարով տարին ուներ 365 օր և բաղկացած էր 12 հիմնական և մեկ լրացուցիչ ամիսներից: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր անվանումը`

  1. Նավասարդ (օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը)
  2. Հոռի (սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9-ը)
  3. Սահմի (հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 8-ը)
  4. Տրե (նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 8-ը)
  5. Քաղոց (դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ը)
  6. Արաց (հունվարի 8-ից փետրվարի 6-ը)
  7. Մեհեկան (փետրվարի 7-ից մարտի 8-ը)
  8. Արեգ (մարտի 9-ից ապրիլի 7-ը)
  9. Ահեկան (ապրիլի 8-ից մայիսի 7-ը)
  10. Մարերի (մայիսի 8-ից հունիսի 6-ը)
  11. Մարգաց (հունիսի 7-ից հուլիսի 6-ը)
  12. Հրոտից (հուլիսի 7-ից օգոստոսի 5-ը)
  13. Ավելյաց (օգոստոսի 6-ից 10-ը)

Հայկական ամիսների անունների բացատրությունը տրվում է հետևյալ կերպ: Նավասարդ անունը համարում են իրանական փոխառություն, որ նշանակում է Նոր տարի: Հոռի և Սահմի ամիսների անվանումները կապվում են վրացերեն «օրի» և «սամի», այսինքն` «երկու» և «երեք» բառերի հետ, որով այդ ամիսները նշանակում են երկրորդ և երրորդ: Ենթադրում են նաև, որ «Հոռի» անունը առաջացել է եգիպտական «Օրուս» և հունա–հռոմեական «Հոռա» անուններից: Տրե և Մեհեկան ամիսների անունները առաջացել են Տիր և Միհր աստվածների անուններից և նվիրված են եղել նրանց: Քաղոց և Մարգաց ամիսները կապված են եղել բերքահավաքի և մարգեր կապելու գյուղատնտեսական աշխատանքների հետ: Արեգ ամիսը, ինչպես ցույց է տալիս նրա անունը, նվիրված է եղել արեգակին: Ավելյաց կոչվել է վերջին` լրացուցիչ ամիսը, որպես հավելյալ ամիս:

Հայկական օրացույցի ամիսներից յուրաքանչյուրը, բացառությամբ` վերջին` Ավելյաց ամսի, բաղկացած էր 30 օրից, որոնցից յուրաքանչյուրը ևս ուներ իր անվանումը: Այսպես`

  1. Արեգ
  2. Հրանդ
  3. Արամ
  4. Մարգար
  5. Ահրանք
  6. Մազդեղ
  7. Աստղիկ
  8. Միհր
  9. Ձոպաբեր
  10. Մուրց
  11. Երեզկան
  12. Անի
  13. Պարխար
  14. Վանատուր
  15. Արամազդ
  16. Մանի
  17. Ասակ
  18. Մասիս
  19. Անահիտ
  20. Արագած
  21. Գրգուռ
  22. Կորդուիք
  23. Ծմակ
  24. Լուսնակ
  25. Ցրոն
  26. Նպատ
  27. Վահագն
  28. Սիմ
  29. Վարագ
  30. Գիշերավար

Իսկ լրացուցիչ` Ավելյաց ամսվա օրերը, որոնք 5-ն էին, կոչվում էին`

  1. Լուծ
  2. Եղջերու
  3. Փառազնոտ
  4. Արտախույր
  5. Ծկրավորի

Այս 5 օրյա փոքր ամիսը հայկական տոմարում ավելացվել է հետագայում: Այդ 5 օրյա տարբերությունը նախկինում գոյություն ունեցող 12 ամիսների վրա չի ավելացվել` հավանաբար նախկինում սահմանված կրոնական տոների կարգը չխախտելու համար:

Ք. ա. 2-րդ դարից սկսած, երբ Արտաշես Ա Բարեպաշտ արքայի օրոք (Ք. ա. 189–160 թթ.) հայկական տոմարում կատարվեց առաջին ռեֆորմը, օրերը իրենց հերթին բաժանվեցին 24 հավասար մասերի` ժամերի, որոնք նույնպես ունեին իրենց անվանումները`

  1. Խավարակ (00:00)
  2. Աղջամուղջ (01:00)
  3. Մթացյալ (02:00)
  4. Շաղավոտ (03:00)
  5. Կամավոտ (04:00)
  6. Բավական (05:00)
  7. Հավաթափյալ (06:00)
  8. Գեղակ (07:00)
  9. Լուսաճեմ (08:00)
  10. Առավոտ (09:00)
  11. Լուսափայլ (10:00)
  12. Փայլածու (11:00)
  13. Այգ (12:00)
  14. Ծայգ (13:00)
  15. Զորացյալ (14:00)
  16. Ճառագայթյալ (15:00)
  17. Շառավիղյալ (16:00)
  18. Երկարատես (17:00)
  19. Շանթակող (18:00)
  20. Հրակաթ (19:00)
  21. Հուրփայլայլ (20:00)
  22. Թաղանթյալ (21:00)
  23. Արագոտ (22:00)
  24. Արփող (23:00)

Հայկական տոմարում ժամանունները ևս պատահական չեն դրվել: Դրանք տրվել են ըստ օրվա ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ` ջերմացման աստիճանի:

Այսպիսով, հայկական օրացույցային տարին պարունակում էր 365 օր, այսինքն` արևադարձային տարուց մոտ ¼ օրով պակաս: Չորս տարին մեկ օրով տեղափոխվելով` արևադարձային 1461 տարի անց տարեսկիզբը վերականգնում էր իր դիրքը: Հայերն այդպիսի տարիներն անվանել են «նահանջից նահանջ», իսկ 1461–ամյա պարբերաշրջանը` «Հայկական շրջան»: Հայկական կամ Հայկյան 2–րդ շրջանը վերջացել է 428 թվականին: Իսկ հայկական օրացույցի առաջին շրջանի սկիզբը կամ բուն հայկական թվականը հաշվվել է Ք. ա. 2492 թվականի օգոստոսի 11–ից, այն թվականից, երբ ավանդության համաձայն  հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետը սպանել է Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելին: Իսկ օգոստոսի 11–ը համարվել է հայկական տոմարի առաջին ամսվա` Նավասարդի առաջին օրը:

Հայկական տոմարը Հայաստանում գործածվել է մինչև Հայոց Մեծ թվականի ընդունումը, որի առաջին տարին համարվում է 552 թվականը:

 

Նյութի աղբյուր`

  1. Հայկազ Ժամկոչյան, Աշոտ Աբրահամյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Սերոբ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև 3-րդ դարի վերջը)», Երևան, 1975, էջ 205:
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 4, Երևան, 1978, էջ 275:
  3. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 6, Երևան, 1980, էջ 193–194:
  4. Հայ ժողովրդի պատմություն (ՀԽՍՀ ԳԱ հրատ.), հատ. II, Երևան, 1984, էջ 538–544:
  5. Բագրատ Ուլուբաբյան «Զրուցարան», գիրք 2. «Ծաղկաքաղ հայոց մշակույթի պատմության», 1988, էջ 20–21:

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.