Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հրաժարականի վերաբերյալ Արամ Սիմոնյանի ելույթը բացարձակ կեղծիք էր, հրաժարականի հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին. Արայիկ Հարությունյան

Ես որպես կրթության և գիտության նախարար մասնակցում եմ ԵՊՀ նոր ռեկտորի քննարկումներին, բայց հանրային չեմ մեկնաբանում որևէ թեկնածություն, որպեսզի դա հետագայում չդիտվի որպես ուղղորդում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո այսօր ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ մամուլի հրապարակումների՝ ԿԳ նախարարությունը փորձում է ռեկտորի ԺՊ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին: Սրա վերաբերյալ նախարարը հայտնեց.

«Այսօր խորհրդի նիստ է, որի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Առհասարակ, տեսել եք, որ ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները որևէ կերպ չեմ մենաբանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Գեղամ Գևորգյանին նշանակելու հարցին:  Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի հայտարարություններին, որ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի վերաբերյալ որևէ շնորհավորանք չի եղել պետական պաշտոնյաների կողմից, ԿԳ նախարարը նկատեց.

«Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ: Ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել և համաձայնեցրել, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա ԵՊՀ 100-ամյակին, և երբ պետք է լինի: Մենք պայմանավորվել էինք, որ դա այս տարվա աշնանը պետք է լինի: Հետևաբար և պետական այրերի մասնակցությունը, նրանց ուղերձները, շնորհավորանքներն այդ ժամանակ պետք է լինեն: Իսկ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնելու որոշման 100-ամյակի օրը, ես ինքս ուղերձ հղել եմ: Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում: Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ վերջին զանգի կապակցությամբ դրամահավաքների հետ կապված ահազանգեր գրեթե չեն եղել այս տարի:  «Ֆիքսվում է, որ շատ զգալի նվազել են այս առումով ահազանգերը: Այն դպրոցները, որտեղ գնացի, թե ծնողները, թե երեխաները մոտենում և ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել դրամահավաքների առումով, և որ որևէ դեպք չի գրանցվել, որևէ պարտադրանք չի եղել: Չեմ կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա ծավալը շատ քչացել է»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ «Այբ» կրթական հիմնադրամում չարաշահումների վերաբերյալ զեկույցը պատրաստ է. «Չեմ կարող ասել՝ երբ կհրապարակվի: Մոտ ժամանակներում»

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.