Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Մասիսը չտեսած հայ բանաստեղծը

Ցեղասպանությունից մազապուրծ Մուշեղ Իշխանը (իրական ազգանունը՝ Ճենտերեճյան) մանուկ հասակում ճակատագրի բերմամբ հայտնվել էր Սիրիայում: Քանի որ կրթվել ու մեծացել էր Հայ հեղափոխական Դաշնակցությանը պատկանող ուսումնակրթական հաստատություններում և նրա վրա ի սկզբանե մեծ էր եղել ՀՅԴ ազդեցությունը, հետագայում անդամագրվել էր Հայ հեղափոխական Դաշնակցությանը: Հենց ՀՅԴ անդամակցությունն էլ երկար տարիներ արգելք էր հանդիսացել Մուշեղ Իշխանի՝ Խորհրդային Հայաստան մեկնելուն: Ավելի քան 40 տարվա բաժանումից հետո՝ 1962 թվականին, Մուշեղ Իշխանին ի վերջո հաջողվում է վերապատրաստման նպատակով Խորհրդային Հայաստան գործուղված ուսուցիչների խմբի կազմում այցելել Հայաստան և տեսնել հարազատ մորն ու եղբորը, որոնք ցեղասպանությունից հետո հաստատվել էին Խորհրդային Հայաստանում: Սակայն, Մուշեղ Իշխանին բախտ չի վիճակվում տեսնել Մասիս սարը, որն այդ ամբողջ ժամանակ ծածկված էր մշուշով: Վերադառնալով Բեյրութ՝ Մուշեղ Իշխանը գրում է իր հանրահայտ «Ես Մասիսը չտեսա» բանաստեղծությունը, որտեղ արտահայտված է խորապես հայրենասեր մարդու և բանաստեղծի հոգեկան ծանր ապրումները:

ԵՍ ՄԱՍԻՍԸ ՉՏԵՍԱ

հեղինակ՝ Մուշեղ Իշխան

 

Ճրագի պես ճաճանչող աչքս հառած միշտ հեռուն`

Սպասեցի տարիներ ու Մասիսը չտեսա…

Դալուկ աշուն է արդեն և աչքերուս կ’իջնե քուն.

Դեռ Մասիսը չտեսա…

 

Ես շառավիղ Հայկազյանց, հայու ժպիտ, հայու լաց,

Մասյաց որդի հարազատ` ես Մասիսը չտեսա.

Իր կարոտով տոչորուն և իր կանչով արբեցած`

Ես Մասիսը չտեսա…

 

Գիտեմ, որ ան հիմա կա, երկնասլաց լույս գագաթ,

Ես ի՞նչ տեսա աշխարհեն, երբ Մասիսը չտեսա.

Կյանքս ցնորք ու փոշի իր հավերժին դեմ անհաղթ,

Ես Մասիսը չտեսա…

 

Զայն կը գրկե ամեն ժամ և կը շնչե իմ հոգիս,

Բայց ո’չ մեկ օր բաց աչքով ես Մասիսը չտեսա.

Կախարդական առասպել և հորիզոն աշխարհիս`

Ես Մասիսը չտեսա…

 

Օտարի աչքն անտարբեր և դարավոր թշնամին

Զայն կը դիտե օրն ի բուն, ես Մասիսը չտեսա,

Որքա՛ն նայվածք ամբարիշտ հառեցավ իր ճակատին,

Ես Մասիսը չտեսա…

 

Դեռ քա՞նի օր ու տարի պիտի քայլեմ ես այսպես…

Մութ է ճամբան պանդուխտի — ես Մասիսը չտեսա.

Ինչպե՞ս աչքերս փակեմ, երբ որ, ո’վ մահ, զիս կանչես,

Ես Մասիսը չտեսա…

Վերջում նշենք, որ Մուշեղ Իշխանը հեղինակ է նաև այնպիսի բանաստեղծությունների, ինչպիսիք են «Մարդ արարած», «Տառապանք», «Համերգ ողբագին», «Աշխարհի ցավով», «Բանվորը», «Մարդ մը կը ծեծեն», «Ձեռքերը պարապ», «Տուփ մը ներկ», «Այս հացը ճերմակ», «Դուն միացար մեր հողին», «Ինչ մնաց», որոնց մի մասը հետագայում վերածվել են երգերի Արթուր Մեսչյանի և Հարութ Փամբուկչյանի կատարմամբ: Բացի բանաստեղծություններից, Մուշեղ Իշխանը հեղինակ է նաև պիեսների («Մեռնիլը որքան դժվար է», «Սառնարանեն ելած մարդը», «Կիլիկիո արքան»), վիպակների («Հացի և լույսի համար», «Հացի և սիրո համար», «Մնաս բարով, մանկություն»), գրականագիտական հոդվածների, հուշագրությունների («Երեք մեծ հայեր», «Իմ ուսուցիչներս») և այլ գործերի:

 

Նյութի աղբյուր` Մուշեղ Իշխան, Երկեր, Երևան, 1990, էջ 180-181:

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.