Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Միլիարդատերերն առաջարկում են հարստության հարկ սահմանել

 Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի որոշ միլիարդատերեր, որոնց թվում են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ռեժիսոր Էբիգեյլ Դիսնեյը եւ Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը, ստորագրել են նամակ, որով երկրի նախագահի բոլոր թեկնածուներին կոչ են արել սահմանել հարստության հարկ՝ անհավասարության դեմ պայքարելու եւ շրջակա միջավայրի պաշտպանության ու հանրային առողջության ֆինանսավորման համար:

«Մենք նախագահի բոլոր թեկնածուներին, լինեն հանրապետականներ, թե դեմոկրատներ, կոչ ենք անում պաշտպանելու հարստության չափավոր հարկի սահմանումը»,- ասված է նամակում, որը ստորագրել է 19 միլիարդատեր, որոնցից մեկը որոշել է չհայտնել իր անունը: Ուղերձում ասված է, որ լրացուցիչ հարկեր պետք է վճարեն «ֆինանսական առումով ամենահաջողակները, այլ ոչ թե միջին եւ ցածր եկամտով ամերիկացիները»:

Նամակն ստորագրած Լիզլ Փրիցքեր Սիմոնսը հույս է հայտնել, որ այս ուղերձը կարճաժամկետ հեռանկարում կառաջացնի հարկի կամ դրա այլընտրանքների նախագծի քննարկում 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությոնների ընթացքում: Նամակում ասված է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մի քանի թեկնածուներ արդեն պաշտպանել են հարստության հարկի սահմանման գաղափարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.