Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Վալյա Սամվելյանի վաստակը ժողովրդի սերն էր

Վալյա Սամվելյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 12-ին Երևանում։ Հայրը՝ Վարդան Սամվելյանը, եկեղեցական խորհրդի նախագահ էր, մայրը՝ Վերգինե Բադալյանը, երգում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբում։ Դեռ մանկուց ապագա երգչուհին լսում էր  հայկական ժողովրդական ու գուսանական երգերը և ցանկանում էր դառնալ ժողովրդական երգչուհի։ Ծնողներն իրենց հերթին դստեր մեջ սերմանում էին սեր դեպի հայ երգարվեստը։ Նրանց տանը պահպանվում էր վանեցի հայրիկի՝ իր հորից ժառանգություն ստացած երգարանը, որտեղից էլ նա ընտրում է իր առաջին կատարումները։Երգի ասպարեզում առաջին քայլերը Վալյա Սամվելյանը կատարել է դպրոցական երգչախմբում։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով նրան չի հաջողվել ստանալ երաժշտական կրթություն։

Աշխատել է «Հայէլեկտրո», այնուհետև սարքաշինական գործարանում՝ շարունակելով երգել ինքնագործ անսամբլում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ «Ժողգործիք» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և թառահար Կարլեն Գևորգյանին։

Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Անսամբլի կազմում հանդես է եկել 38 տարի՝ մինչև կյանքի վերջին օրերը։ 1957 թվականին արժանացել է միջազգային փառատոնի ոսկե մեդալի։ Ունի չորս ոսկե մեդալ և դիպլոմներ։ Թողարկվել է ձայնասկավառակներ Մոսկվայի «Մելոդիա» ընկերությունում և ԱՄՆ-ում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում։

Նրա առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները։ Երգչուհու մահից հետո որդու՝ Արա Գևորգյանի ջանքերով թողարկվել են նրա երկու երաժշտական ալբոմները՝ «Թողեցիր ինձ մենակ» և «Անուշիկ իմ քույրիկ»

Վախճանվել է 1990 թվականին դեկտեմբերի 3-ին դժբախտ պատահարից։

Նրա վաստակը ժողովրդի սերն էր , կոչումներ ու շքանշաններ այդպես էլ չունեցավ։

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.