Շախմատը կրթության մեջ կարևորվում է աշխարհի լավագույն կրթական համակարգն ունեցող երկրներում․ Արայիկ Հարությունյան

Ծաղկաձորում մեկնարկել է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցության հայտ են ներկայացրել 20-ից ավել ներկայացուցիչներ։

Համաժողովին ներկա է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որն իր ելույթում կարևորեց նման գիտաժողովները՝ նկատելով, որ ծրագիրը, որը տարիներ առաջ ներդրվել է Հայաստանում, կարիք ունի կրկին քննարկվելու, որպեսզի վեր հանվեն խնդիրները և նոր լուծումներ առաջարկվեն։

«Այն, որ ՖԻԴԵ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այստեղ են, այն, որ բազմաթիվ հյուրեր ունենք աշխարհի տարբեր երկրներից, նշանակում է, որ  շախմատը կրթության մեջ կարևորվում է աշխարհի լավագույն կրթական համակարգն ունեցող երկրներում։ Մենք պետք է միշտ հետևենք այն տենդենցներին, որոնք կան աշխարհում՝ ունենալով մեր ուրույն տեղն այդ տենդենցներում»,- ասաց նա։

Նախարարը կարծում է, որ շախմատի ազդեցությունը կրթական համակարգի վրա կարող է ցույց տալ միայն ժամանակը։ Նա կարևորում է այն, որ գործընկերների հետ քննարկումների ժամանակ մեծ հետաքրքրություն է նկատում հանրակրթության ոլորտում շախմատ առարկայի ներդրման հետ կապված։

«Մենք շախմատ առարկան ներդրողների հետ ունեցել ենք քննարկումներ, կցանկանամ, որ նաև այսօր էլ քննարկումներ լինեն այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրացվում են մեր ուսուցիչների ու ծնողների կողմից։ Պարոն Լպուտյանի (Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահն Սմբատ Լպուտյան – Tert.am) հետ արձանագրել ենք մի շարք խնդիրներ, որոնք, կարծում եմ, որ կարճ ժամանակ հետո լուծումներ կստանան»,- ընդգծեց  Արայիկ Հարությունյանը։

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։

Սա «Շախմատը դպրոցում» խորագրով 2-րդ գիտաժողովն է։ Բացման արարողությանը ներկա էին ՖԻԴԵ-ի փոխնախագահ, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի՝ «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանը։

Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: