Ոստիկանները Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են արձանագրել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը, զինղեկից, քիմիայի և ֆիզիկայի ուսուցչուհիներից, վերջիններիս հետագա պաշտոնավարման համար, սկզբում հաշվապահի միջնորդությամբ` նրա պաշտոնեական դրության օգտագործմամբ, իսկ հետագայում` անձամբ, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, պահանջել և 2007թ.-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը որպես կաշառք պարբերաբար ստացել է հիշյալ անձանց, որպես քաղպաշտպանության շտաբի պետի և լաբորանտների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձերի 50 տոկոսի չափով` ընդհանուր 2. միլիոն դրամ գումար:
Խոչոր չափերով կաշառք տալու, ստանալու և պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: