Չնահանջելու, ապրելու և հաղթելու արվեստը. Հայաստանը գեղեցկության մրցույթում ներկայացրած Գոհարի` կյանքը սիրելու բանաձևը

 

Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ օրերս  Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվեց «Ծնվել եմ հաղթելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության ամենամյա մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն  արժանացավ «Սպորտի թագուհի» կոչմանը։

vikings barbershop yerevan

Այս ոգեշնչող հաղթանակը առիթ դարձավ Գոհարին շնորհավորելու, նրա հետ ծանոթանալու և հարցազրույցի հրավիրելու: Հանդիպեցինք ու ոչ սովորական հարցազրույցից առաջ ունեցած բոլոր մտավախություններս առաջին իսկ ձեռքսեղմումից չեզոքացան. Գոհարը աննման գեղեցիկ, ժպտադեմ ու կենսուրախ է, ինչն էլ հմայում է նրան ճանաչելու, նրա հետ շփվելու ցանկությամբ: Գոհարն ունի հիացմունքի արժանի համոզմունքներ, կյանքը սիրելու անսպառ եռանդ, որ միշտ աննահանջ թռիչք են խոստանում:

 

Մասնագիտությամբ սպորտային հոգեբան է, ԵՊՀ շրջանավարտ, աշխատում է որպես ԱԻՆ 911 ծառայության օպերատոր: Զբաղվում է փաուերլիֆտինգով, պարով, մշակութասեր է, սիրում է ֆուտբոլ, ճամփորդել, մեքենա է վարում, հասարակական ակտիվություն ցուցաբերում` հանդես գալով հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ ու համախմբելով նրանց տարաբնույթ միջոցառումների շուրջը… Հետաքրքրությունների լայն շրջանակը Գոհարին խորթ է դարձնում ձանձրույթը և թևավորում կյանքի գույները վայելելու իրական երազանքով:

Ինչպիսի՞ անհատականություն է Գոհար Նավասարդյանը, ի՞նչ է սիրում կամ ի՞նչ չի սիրում…Մեզ հետ զրույցում գեղեցկուհին խոսեց տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կյանքի առանձնահատկությունների, լավատես ու ակտիվ լինելու մասին և ոչ միայն (ստորև Գոհարի մտքերն են):

 

Երբ քեզ պատասխանատու աշխատանք են վստահում, պետք է այն նվիրումով անես….

Ուրախալի է, որ Հայաստանում ներառականությունը ամրապնդվում է և այն գործնական հնարավորություն է ընձեռում հասարակության բոլոր անդամներին այսպես ասած` հավասարը հավասարին զգալու: Հետաքրքիր է չէ՞, երբ քաղաքացին զանգահարում է 911 ծառայություն և չի էլ պատկերացնում, որ իրենց հետ խոսողը օրինակ, տեղաշարժման որոշակի խնդիրներ ունի…

vikings barbershop yerevan

 

 

Որքան էլ մենք խիզախ ենք մեր որոշումներում, այնուամենայնիվ, հասարակության աջակցությունը կարևոր է, չեմ սիրում, երբ թերագնահատում են…

Նաև տեսնում եմ, որ մեր հասարակությունը ազատվում  է այն մտածելակերպից, որ հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող աշխատել, ընտանիք կազմել և այլն: Յուրաքանչյուրս երջանիկ լինելու իրավունք ունենք և որքան էլ մենք խիզախ ենք մեր որոշումներում, այնուամենայնիվ հասարակության դրական արձագանքի և խրախուսման կարիքն ունենք:Այս առումով երջանիկ եմ` ընտանիքս ու ընկերներս միշտ ոգևորում են ինձ: Նրանք գիտեն, որ ես խենթ եմ և պատրաստ են իմ անսպասելի որոշումներին. Օրինակ` եթե վաղը ասեմ գնում եմ Ամերիկա` այս կամ այն միջոցառմանը, չեն «դիմադրի» (ծիծաղում է,-հեղ.):

 

Մարդ հարուստ է իր ընկերներով…

Կյանքում կարևոր արժեքներ կան և այն գեղեցիկ ապրելու համար պետք է գնահատել դրանք: Ինձ համար անձնական երջանկությունն իր ուրույն տեղն ունի, բայց ընկերասիրությունն էլ առանձնակի կարևոր է: Մարդ հարուստ է իր ընկերներով, և ես հպարտ եմ իմ պատրաստակամ, խրախուսող և պարզապես կողքիս գտնվող ընկերներով:

vikings barbershop yerevan

Սիրում եմ ոճային լինել, բայց չձուլվել նորաձևություն կոչվածին…

Գեղեցիկ հագուկապը, խնամված արտաքինը նույնպես կարևոր է: Ես այն չեմ երկրորդում և սիրում եմ ոճային հագնվել, խնամել ինձ, հարդարվել: Չեմ սիրում, երբ մարդիկ վազում են նորաձևության հետևից` կորցնելով  իրենց անհատականությունը: Օրինակ, եթե որևէ գունային համադրություն մոդայիկ է, հաճախ, շատերը շտապում  են կրել այդ գույները և նմանվել միմյանց: Ես սիրում եմ տարբերվել և ընդգծել անհատականությունս:

 

Ֆուտբոլի երկրպագու եմ և պարզապես մարզասեր…

Ֆուտբոլ շատ եմ սիրում և իմ հասարակական գործունեության շրջանակում բանակցություններ եմ վարում` մեր մարզադաշտերում թեքահարթակների կառուցման, հարմարեցման ուղղությամբ: Սպորտը, պարը օգնում են ավելի դրական, ինքնավստահ լինել:

 

 Ոչինչ դատավճիռ չի կարելի համարել, պարզապես` ապրել ու ապրել …

Կյանքը հիասքանչ է և իսկապես, երբ սկսում ես խորապես ընկալել այս խոսքերի ողջ արժեքը` հասկանում ես, որ պետք չէ ընկճվել որևէ խնդրից: Հավատացեք` ամեն ինչ կախված է ընկալումից և լավատեսությունից: Պարզապես խիզախե′ք, որովհետև ծնվել ենք, որ հաղթենք…(այս միտքն արտայհայտելիս Գոհարի դեմքին արևառատ ժպիտ է նկարվում,-հեղ.):

 

Լուսանկարները տրամադրել է Գոհար Նավասարդյանը:

                                                                                                                                    ՆԱՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget