Պատվաստումը կարմրուկի կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է. փորձագետ

Պատվաստումը կարմրուկի կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է։ Այս մասին ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մարտի 30-ի մամուլի ասուլիսում։

Փորձագետը նշել է, որ 2007 թվականից Հայաստանում գրանցվում են կարմրուկի բացառապես ներկրված դեպքեր, ինչն արդյունք է բնակչության պատվաստման պետական քաղաքականության։ Ամեն տարի երկրում գրանցվում է մոտ 10-20 նման դեպք։ «Այս տարի եղել է դրսից կամրուկի ներկրման 4 դեպք՝ երկուսն Ուկրաինայից եւ երկուսը՝ Վրաստանից»,- տեղեկացրել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հիվանդների հետ շփվողները (մոտ 300 մարդ) պատվաստում են ստացել։

Ինչպես ընդգծվեց, Հայաստանում պլանային պատվաստումը, ինչպես նաեւ ըստ համաճարակային ցուցիչների ներարկումներն իրականացվում են անվճար։ «Երկրի բոլոր պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները հագեցած են կարմրուկի անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութով»,- տեղեկացրել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութի երկու չափաբաժինը կարմրուկի դեմ 96-98 տոկոս դեպքերում ապահովում է ցմահ իմունիտետ այդ հիվանդության դեմ։

Լինում են դեպքեր, երբ մարդը չի կարող հիշել, թե կարմրուկի դեմ ներարկման ինչքան չափաբաժին է ստացել։ Փորձագետը կոչ է անում խուճապի չմատնվել, քանի որ այդ պատվաստանյութի անգամ երրորդ չափաբաժինն օրգանիզմին վնաս չի պատճառի։

Հայաստանում  բավական բարձր է կարմրուկի դեմ բնակչության պատվաստման մակարդակը։ Այսպես, 2018 թվականին 12 ամսական երեխաների պլանային պատվաստման ցուցանիշը կազմել է 95 տոկոս, իսկ 6 տարեկաններինը՝ 96 տոկոս։ Սակայն, 2017-ի համեմատ, այդ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են (մոտավորապես 1.5 տոկոսով), ինչը, Գրիգորյանի կարծիքով, հակապատվաստումային շարժման ազդեցության հետեւանք է։

Այնինչ, պետք է հասկանալ, որ կարմրուկը կարող է լուրջ բարդությունների առաջացման պատճառ դառնալ՝ կապված կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական համակարգի եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ։ Դրանց թվում են թոքաբորբը, կարմրուկային էնցեֆալիտը եւ հեպատիտը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com