Պարույր Սևակ. ոչ պաշտոնական կենսագրություն

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյանը) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին ՀՀ Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում: Բանաստեղծի նախնիները 1828 թվականին գաղթելով Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից՝ վերաբնակվել են Չանախչիում: Պարույրի պապերից Ղազարը գյուղի քահանան էր, որն, ըստ գյուղացիների, շատ կարդալուց խելքը թռցրել էր:
1930 թվականին արդեն գրաճանաչ Պարույր Ղազարյանն ընդունվում է գյուղի միջնակարգ դպրոցը: Լինելով ուշիմ և խելացի՝ նա շուտով ուսման մեջ առաջ է անցնում իր բոլոր տարեկիցիներից: Սակայն, գրքի պակասը ստիպում է Պարույրին իր դպրոցական մեկ – երկու ընկերների հետ թալանելու իրենց և հարևան գյուղերի գրադարանները:
Ինչպես 1965 թվականին դեկտեմբերի 1-ին գրած իր «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրականում խոստովանում է բանաստեղծը, գողական բոլոր օրենքներին համապատասխան՝ գիշերով մտնում և թալանում էին գյուղերի գրադարանները՝ ընթերցանության բուռն ծարավից ելնելով, քանի որ գյուղում գիրք գրեթե չկար:
Այդ տարիների սովետական գյուղից մի ուշագրավ փաստ ևս: Ինչպես հետագայում վերհիշում է Սևակը՝ գյուղի դպրոցում հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով: Կար մանկավարժների խիստ պակաս: Օրինակ՝ 10-րդ դասարանում Չանախչիի դպրոցում գրականություն էր դասավանդում նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Երեկոյան Պարույրը գրում էր հաջորդ օրվա անցնելիք գրողի կյանքն ու գործունեությունը, իսկ առավոտյան այն տալիս էր ուսուցչին, որպեսզի նա դա թելադրեր աշակերտներին:
1940 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ Պ. Սևակն ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայ բանասիրության բաժինը: Եղել է լավագույն ուսանողներից մեկը: 1942 թվականին «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են Պ. Սևակի առաջին բանաստեղծությունները: Սակայն, դրանք մեծ աղմուկ են բարձրացնում գրական և ոչ գրական շրջանակներում, որի հետևանքը լինում է այն, որ ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանին ազատում են խմբագրի պաշտոնից:
Ուսանողական տարիներին Պարույրը ծանոթանում և ամուսնանում է բժիշկ Ավագյանի դստեր՝ Մայա Ավագյանի հետ, որից և ծնվում է Սևակի առաջնեկը՝ Հրաչյան: 1945 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը՝ Պարույրն ուսումը շարունակում է ասպիրանտուրայում: Սակայն, ասպիրանտուրան ավարտելու և թեկնածուական ատենախոսությունը, որ կոչվում էր «Կեղծ Շապուհ Բագրատունին և նրա պատմությունը», պաշտպանելու փոխարեն, 1951 թվականին Սևակը հայտնվում է Մոսկվայում՝ ուսանելով Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի առաջին կուրսում: Սրա պատճառը 1949 թվականից ողջ Խորհրդային Միությունում մոլեգնող Ստալինյան բռնաճնշումների նոր ալիքն էր: Այդ շրջանում բուռն բանավեճեր էին ծավալվում Հայաստանի գրողների միությունում, որի քննադատության թիրախում էր հայտնվել նաև Պարույր Սևակը իր գրական գործունեությամբ և անձնական կյանքով: Լինելով կնամեծար անձնավորություն՝ Երևանում նա սիրային կապերի մեջ էր մտել մի քանի կանանց, այդ թվում՝ հայտնի գրող Գարեգին Սևունցի կնոջ՝ բանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր Շողիկ Սաֆյանի հետ: Այս ամենից միակ ելքը Պ. Սևակը տեսնում էր Մոսկվա տեղափոխվելու մեջ, որը որոշ առումով նաև փախուստ էր հիշեցնում:
1951-1959 թվականները Պ. Սևակի Մոսկովյան տարիներն են: Այս ընթացքում նա ոչ միայն սովորեց և 1956 թվականին ավարտեց Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտը, այլև 1955-1959 թվականներին երեք ու կես տարի Համաշխարհային գրականություն դասավանդեց նույն ինստիտուտում: Ուսմանը և դասախոսական աշխատանքին զուգահեռ Սևակը կատարել է նաև մի շարք թարգմանությունններ ռուս և համաշխարհային պոեզիայից (Ադամ Միցկևիչ, Սերգեյ Եսենին, Էդուարդաս Մեժելայտիս և այլն): Այս ընթացքում 1953 թվականին հրատարակվում է նրա «Անհաշտ մտերմություն» պոեմը և առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Անմահները հրամայում են» խորագրով (1948 թվականին):
Այս տարիները նաև Պ. Սևակի գրական հասունացման և սիրային ալեբախումների շրջանն էր: Այս շրջանում են գրվում «Մարդը ափի մեջ» բանաստեղծությունների ժողովածուի հիմնական մասը և «Անլռելի զանգակատուն» պոեմը:
Մոսկվայում Սևակը ծանոթանում և մի կարճ պահ սիրային կապերի մեջ է գտնվում Հասմիկ Վարդանյանի հետ, որից հետագայում ունենում է մի աղջիկ: Հասմիկի միջոցով է Սևակը ծանոթանում նաև իր ապագա կնոջ՝ վրացուհի արևելագետ Նելլի Մենաղարաշվիլու հետ: Նելլիի հետ ծանոթությունը վերածվում է մտերմության այն բանից հետո, երբ Սևակին հարկադրաբար երեք ամիս տեղափոխում են հոգեբուժարան՝ պարտադիր բուժման: Այդ ամբողջ ժամանակ Նելլին նրա կողքին էր և հոգում էր նրա մասին: Շուտով տեղի է ունենում նրանց ամուսնությունը: Հենց հարսանիքի օրը Սևակը ծանոթանում է իր հերթական մեծ սիրո՝ հրեուհի Սուլամիթայի հետ, որի հետ ունեցած սիրային ապրումներն իրենց պատկերումն են գտնում Սևակի «Երգ երգոց» պոեմում:
Շատ չանցած Պ. Սևակը փոխադրվում է Երևան: Սկսվում են Սևակի և Սուլամիթայի տարիներ շարունակվող սիրային նամակագրությունը, որոնք 2004 թվականին երկու մեծադիր հատորների տեսքով հրատարակվում են Երևանում գրականագետ Հովիկ Չարխչյանի կողմից՝ «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» խորագրով:
1959 թվականին Երևանում հրատարակվում է Պ. Սևակի ամենահայտնի պոեմը՝ «Անլռելի զանգակատուն»-ը: Քանի որ պոեմում արծարծվում էր նաև հայոց ցեղասպանության թեման, ինչն այն տարիներին տաբու էր Խորհրդային Միությունում, պոեմի տպագրությունը հանդիպում է խիստ դիմադրության, բայց ի վերջո տպագրվում է Գևորգ Հայրյանի երաշխավորությամբ, որն այդ ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչն էր:
1963 թվականին հրատարակվում է Պ. Սևակի նոր՝ «Մարդը ափի մեջ» ժողովածուն, որը, ինչպես նաև նրան նախորդած «Անլռելի զանգակատուն» պոեմը, մեծ հռչակ է բերում բանաստեղծին: Այս ընթացքում Պ. Սևակը Նելլիից ունենում է ևս երկու որդի՝ Արմենին և Կորյունին: 1970 թվականին տեղի է ունենում Սևակի «Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Ի հեճուկս բազում չարակամների՝ Պ. Սևակի պաշտոնական ընդդիմախոս բանասեր, պատմաբան Մորուս Հասրաթյանի առաջարկով Պ. Սևակին շնորհվում է ոչ թե բանասիրական գիտությունների թեկնածուի, այլ միանգամից՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նախորդ՝ 1969 թվականին հրատարակվել էր Պ. Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» բանաստեղծական ժողովածուն, որի շուրջ շատ մեծ աղմուկ է բարձրանում:
Պ. Սևակի գրչակից ընկերների և հատկապես, կոմունիստ պատմաբան «Հայաստան» հրատարակչության տնօրեն Խիկար Բարսեղյանի ջանքերով «Եղիցի լույս» ժողովածուն շատ արագ տողացի թարգմանվում է ռուսերեն, որին կցվում է Խիկար Բարսեղյանի եզրակացությունը որպես հակախորհրդային ֆրազներ պարունակող գրքի, և ուղարկվում Մոսկվա՝ Կենտկոմ: Մոսկվայից արգելում են արդեն տպագրված գրքի վաճառքը և «Եղիցի լույս»-ը կալանվում է որպես հակախորհրդային գիրք: Պ. Սևակին հաջողվում է տպարանից դուրս բերել գրքի միայն 100 օրինակ, որը բաժանվում է մտերիմ մարդկանց շրջանում, իսկ գրքի 20.000 օրինակի գլխին կախվում է դամոկլյան սուրը: Նույնիսկ որոշվում է այն հրապարակավ հրկիզել: Այս ամենը խորը հոգեկան տվայտանքներ են պարգևում մեծ բանաստեղծին, որին որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1970 թվականին պետության կողմից տրվում է «Վոլգա» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, որն էլ դառնում է նրա մահվան պատճառը:
Պարույր Սևակը բազմիցս զգացել է իր մահը: Այն արտացոլված է Պ. Սևակի թե բանաստեղծություններում և թե պոեմներում: Նույնիսկ 1971 թվականի հունիսի 3-ի Հայաստանի գրողների միության վարչության նիստում, երբ նրան առաջարկում են որպես Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար գլխավորել հայ գրողների պատվիրակությունը ԽՍՀՄ գրողների համագումարում, որը կայանալու էր նույն ամսվա վերջին, Պ. Սևակը հայտարարում է. «Ես այդ օրը ֆիզիկապես ի վիճակի չեմ լինի մասնակցելու համագումարին»:
1971 թվականի հունիսի 17-ին Պ. Սևակը կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլու և երկու որդիների՝ Արմենի և Կորյունի հետ ուղևորվում է Թբիլիսի՝ մասնակցելու զոքանչի մահվան 40-ունքի հոգեհանգստյան արարողությանը: Քանի որ վարորդն այդ օրը խոտհնձի էր, Պ. Սևակն ինքն է որոշում վարել մեքենան, չնայած որ վատ էր տիրապետում մեքենա վարելու հմտություններին: Չանախչի – Երևան ավտոմայրուղու վրա տեղի է ունենում ճակատագրական ավտովթարը բեռնատար մեքենայի վարորդի հետ, որը ոչ մի կերպ չէր ուզում զիջել ճանապարհը: Ավտոմեքենան շրջվում է: Պարույրն ու կինը՝ Նելլին մահանում են: Բարեբախտաբար երկու որդիներին ոչինչ չի պատահում: Նրանց որոշ ժամանակ խնամում է Պ. Սևակի առաջին կինը՝ Մայա Ավագյանը:
Պարույր Սևակի բանաստեղծություններն ու պոեմները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ունեցել բազում հրատարակություններ: Նրա «Անլռելի զանգակատուն» պոեմը ունեցել է հայերեն 13 հրատարակություն՝ հրատարակվելով Երևանում, Բեյրութում, Թեհրանում: Իսկ ընդհանուր առմամբ 1948 թվականից մինչ օրս Պարույր Սևակի հեղինակությամբ հրատարակվել է 78 անուն հայերեն գիրք: Իսկ նրա և իր ստեղծագործության մասին պատմող հայերեն գրքերի թիվը հասնում է 90-ի:

Նյութի աղբյուր`

  1. http://www.1tv.am/hy/video/Փ-Ֆ-«Խարույկ-սառույցի-վրա»/80386
  2. Պարույր Սևակ «Անցյալը ներկայացած», տես «Ղողանջ հիշատակի (հոդվածներ, հուշեր, բանաստեղծություններ)», էջ 261-284:
  3. Գրիգոր Չալիկյան «Անլռելի սիրահարը (Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին)», Երևան, 2004, 168 էջ:
  4. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 10, Երևան, 1984, էջ 311-312:
  5. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view