Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին

Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջով, որ ԲԴԽ-ն տեր կանգնի իր լիազորություններին և ապահովի դատական համակարգի անկախությունը։

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումներ կայացնող դատավորների հանդեպ ապօրինություններ են իրականացվում, և Բարձրագույն դատական խորհուրդն այդ երևույթների նկատմամբ աչք է փակում։ Նրանք հանդիպում էին պահանջում ԲԴԽ նախագահի և անդամների հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցներին նախ ասացին, որ նիստ է ընթանում, հետո արդեն նրանց ընդունեց ԲԴԽ մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը, ասաց, որ պահանջները կարող են գրավոր ներկայացնել։

Այսօր արդեն Քոչարյանի աջակիցներն առանձնացրել են իրենց պահանջներից մի քանիսը, որպեսզի նամակով հանձնեն Բարձրագույն դատական խորհրդին։

«3-4 կետ ենք առանձնացրել, որոնք վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի անգործությանը։ Մի կետ էլ առանձնացրել ենք, որը վերաբերում է վարչապետի վերաբերմունքին ընդհանրապես դատական համակարգին։ ԲԴԽ-ն, որը միտված է երաշխավորելու դատական իշխանության անկաշկանդ գործունեությանը, մատնված է անգործության։ Ակնկալում ենք մեր հարցերի սպառիչ պատասխանները՝ հրապարակային», — լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.