Սփյուռքը՝ Արցախում. Համահայկական խաղերը կսկսվեն Ստեփանակերտից

Արցախը պատրաստվում է հյուրընկալել համահայկական խաղերի մասնակիցներին: Այդ առթիվ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դարձյալ Արցախում է: Ստեփանակերտում նրանք հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղերի հանդիսավոր բացման, մասնակիցներին հյուրանոցներում տեղավորելու, Արցախում համահայկական խաղերի ջահի վառման արարողության և կազմակերպչական այլ հարցեր:
Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ ՀՀ-ում և Արցախում: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացումը և մրցման 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում: Մասնակիցներին և հյուրերին այդ ամբողջ ընթացքում սպասվում են ուշագրավ խաղեր, հետաքրքիր միջոցառումներ և բազում հաճելի անակնկալներ. համահայկական համախմբում՝ համահայկական խաղերի մրջոցով:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: