Արա լեռան, Արագածի ու Ծաղկունյաց լեռների մեջ, հովտում, մի գյուղ կա՝ Քուչակ, որ շատ հին ժամանակներում Ճերմակ վանք է կոչվել: Մի եկեղեցի կա այդ գյուղում՝ Սուրբ Աստվածածին… ու եկեղեցում՝ բոլորին հայտնի Բուրիկ տատիկը: Այդ հնոց Ճերմակ վանք-Քուչակում է ապրում Բուրիկ տատիկը: Ապրում է այնպես, ինչպես բնությունն է՝ մաքուր, անխառն: Ապրում է բնությանը խառնված, բնությունից երբևե չզատված… Ապրում է իր  89 գարունները խառնած բնության հավերժական ընթացքին ու այդ ընթացքի մեջ Աստծո ու Քրիստոսի հավատամքն ուղենիշ դարձրած: Այդ 89 գարուններից ամեն մեկը հավատավոր կյանքի մի կենսագրություն է, ուխտի ճամփաների անվերջանալի շղթա, որ սկսվել է շատ վաղուց, երբ իր «գիր ճանաչող ու «Աստվածաշունչ» կարդացող» հորեղբայրը հավաքում էր մանուկներին ու 1930-ականների անաստվածության մեջ պատմում Աստծո և այն մասին, թե ինչ է լինելու աշխարհում վերջին օրերին…  Գարնանն է ծնվել, մայիսի 25-ին, ու գարունը նրա համար ուրիշ խորհուրդ ունի, բնությանը՝ կարծես վաղուց կորցրած հարազատին գտնելու, նրա մոտ գնալու, նրան ձուլվելու խորհուրդ…

Քուչակի խորհրդանիշներից է Բուրիկ տատիկը:

Իմ տատիկն է, գիտե՞ք: Բայց ամեն անգամ մի տեսակ խանդով եմ լցվում, երբ Քուչակում ու նրանից դուրս էլ շատերը նրան համարում են հենց իրենց Բուրիկ տատիկը… Զանգում եմ, վերցնում է, տեղեկանում՝.

-Իմ Հայկու՞շնը…

-Հա, տատի:

-Իմ Հայկուշ ջան, էսօր գացերի Թուխ Մանուկ…

… Ու հիացմունքով, բավականությամբ պատմում է, թե ում հետ էր գնացել, ինչպես էր «ավլել-հիստկել» մատուռը կամ եկեղեցին, ու ճամփին ինչ ծաղիկներ էին բացվել… Ամեն մատուռ գնալը տոն է, Աստծո տուն գնալ է, հոր տուն գնալ, ու այդ տոներն այնքան շատ են նրա կյանքում: Ամեն մատուռի ճամփան հիշում ու նկարագրում է մի առանձին հիացմունքով, ճամփի ծաղիկներն ու խոտերն էլ խորհուրդ ունեն, չէ՞… Աստծո տված են…Քանի՜ անգամ է ոտքով անցել ամեն մատուռի ճամփան: Ամեն մատուռի ամեն քարը ճանաչում է, ու թե մի տեղ քանդված է լինում, չի հանգստանում, մինչև չի վերանորոգվում…

Հիմա, երբ արդեն տարիքն առել է, էլ «սրբեր գնալն» այնքան հաճախակի չի ստացվում: Ամեն տեսնելիս փոխանցում է տասնյակի չափ գրպանի աղոթագիրք՝ «վին չունի՝ տուր»: Ու էլի ամեն անգամվա պես ՝ «Քու աղոթքըն չմոռնաս»: Իր առավոտները սկսվում են լուսաբացի աղոթքով…

Եվ չնայած տարիքին, ամեն առավոտ քայլերն ուղղում է դեպի եկեղեցի, բացում եկեղեցու դուռն, ու նրա կյանքն ուրիշ իմաստ է ստանում եկեղեցու դռներից ներս… Մինչև երեկո… Երեկոյան էլ ավլում-մաքրում է, բեմի հատակը սրբում թաց շորով…  Քահանան՝ Տեր Մուշեն, պատմեց, թե ինչպես մի անգամ փորձել է կանխել. ձմեռ է, ցուրտ, հատակը սառույց է կապում, բայց տատիկն ընդվզել է՝«մկա մենք կերթանք, հրիշտակներ կիջնին-կխաղան…» ու շարունակել է իր գործը:

 

..Ու այդ հավատավոր ճանապարհով Բուրիկ տատիկն 80 տարին բոլորելուց հետո հասավ իր նվիրական երազանքին՝ ուխտի գնալ Հիսուս Քրիստոսի շիրմին, այցելել այն բոլոր սուրբ վայրերը, որոնց մասին լսել էր դեռ մանկուց, թաքուն:

Առաջին անգամ 2013թ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հավիվ Տեր Եսայի քահանա Հարթենյանի առաջնորդությամբ Երուսաղեմ ուխտի գնացած ուխտավորների խմբի հետ նա անցավ բոլոր սուրբ վայրերով:

Մինչև հիմա էլ ուխտավորները սիրով են խոսում խմբում բոլորին ոգևորող, բոլորին ուժ տվող Բուրիկ տատիկի մասին:

Իսկ երկրորդ անգամ՝ 2018-ին Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի առաջնորդությամբ նա նորից անցավ արդեն ծանոթ ճամփաներով, բայց այնպես է պատմում, կարծես առաջին անգամ էր այնտեղ: Մի առանձին ոգևորությամբ է խոսում ուխտի բոլոր օրերի ու իր տեսած տեսիլքի մասին:

Երազանքին հասածի հպարտությամբ է նշում. երկու անգամ ուխտի է գնացել Երուսաղեմ,  երեք պատվոգիր ունի: Ու մինչ բոլորը նկարվում են, ինքն էլ… ակամա նկարվում է…

Զանգում եմ, վերցնում է, տեղեկանում՝

-Իմ Հայկո՞ւշնը…

-Հա, տատի, ես եմ…- ու չի թողնում շարունակեմ.

– Իմ Հայկուշ, էսօր գացերի էգեղեցի: Ավլի-հիստկի խորոտ…- ու շարունակում է երանությամբ պատմել, թե ինչ լույսեր էին խաչվում եկեղեցու խորանի վերևում, ու եկեղեցու մոտ ինչ ծաղիկներ են բացվում… Ու չնայած խանդով, բայց հասկանում եմ՝ իմ Բուրիկ տատին մենակ իմը չի, բոլորինն է…

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com