Ֆոբիա (հուն.՝ φόβος – «վախ»), տագնապային խանգարման տեսակ է: Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից: Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով: Ֆոբիան անկառավարելի վախի դրսեւորում է, որը սրանում է համապատասխան իրավիճակներում, եւ մարդը հիվանդագին վախի զգացողություն է ունենում, որը եւ խանգարում է նրան լիարժեք վայելել կյանքը: Ֆոբիաների աջացման պատճառները մինչեւ վերջ պարզված չեն: Ամենից հաճախ ֆոբիաներ ունեցող մարդիկ ունեն վառ երեւակայություն եւ բարձր հուզականություն:   Ֆոբիայով տառապում է աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը: Ըստ վիճակագրության  կանայք 4 անգամ ավելի հաճախ են բախվում նման իրավիճակին, քան տղամարդիկ:

Ֆոբիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տրավմատիկ իրադրությունները, որոնք տեղի են ունեցել մանկական կամ էլ ավելի ուշ տարիքում, օրինակ՝ հարձակումը, ավտովթարը, միջատի կծածը կամ էլ մոտ մարդու կորուստը: Շատ ժամանակ երեխաներին է փոխանցվում իրենց ծնողների վախերը: Փոքրիկը տեսնում է, թե ինչպես է մայրը վախից ճչում եւ կրկնօրինակում է նրան:

Գոյություն ունեն ֆոբիաների բազմաթիվ տեսակներ, ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝

  • Աբլյուտոֆոբիա(Լողատյացություն / Մաքրատյացություն) – վախ լողանալուց, մաքրելուց
  • Ատիխոֆոբիա – վախ սխալ գործելուց
  • Անտոֆոբիա-վախ ծաղիկներից
  • Աուտոֆոբիա-վախ միայնությունից
  • Գապտոֆոբիա (աֆեֆոբիա, գաֆեֆոբիա, գաբոֆոբիա, գապիոֆոբիա, գապտեֆոբիա, տիքսոֆոբիա) – վախ դիպչել շրջապատող մարդկանց
  • Գրավիդոֆոբիա-վախ հղիությունից, հղիի հանդիպելուց
  • Գելոտոֆոբիա- վախ ծաղրի առարկա դառնալուց
  • Դիսմորֆոֆոբիա-վախ սեփական արտաքինից
  • Էյսոպտրոֆոբիա(սպոկտրոֆոբիա) – վախ հայելում սեփական արտացոլանքից
  • Ինսեկտոֆոբիա-վախ միջատներից
  • Լոգոֆոբիա(վերբոֆոբիա) – վախ խոսել հրապարակայնորեն կամ անծանոթ մարդկանց հետ
  • Կանցերոֆոբիա (կարցինոֆոբիա, կացերոֆոբիա) – վախ հիվանդանալ քաղցկեղով, չարածին ուռուցքով
  • Կլաուստրոֆոբիա-վախ փակ տարածությունից
  • Հեքսակոսիոիհեքսակոնտահեքսաֆոբիա-վախ 666 թվից
  • Միզոֆոբիա(գերմոֆոբիա) – վախ վարակվելուց ինֆեկցիոն հիվանդություններով, վախ կեղտից, դիպչելուց շրջապատող առարկաներին
  • Նոմոֆոբիա-վախ մնալ առանց հեռախոսի, առանց կապի
  • Պանֆոբիա (պանաֆոբիա, պանոֆոբիա, պանտոֆոբիա) – վախ ամեն ինչից, կամ անընդհատ վախ անհայտ պատճառով
  • Սոցիոֆոբիա- վախ հասարակությունից, շփումներից, շրջապատի գնահատականից
  • Վերմինոֆոբիա- վախ մանրէներից, միկրոբներից, վարակվելուց
  • Քսենոֆոբիա(այլատյացություն) – վախ օտարերկրացիներից
  • Ֆիլոֆոբիա- վախ սիրահարվելուց
  • Ֆոբոֆոբիա(ֆոբիոֆոբիա) – վախ ֆոբիայից, վախից, վախի ախտանիշների առաջացումից, սարսափ զգալուց:

Մի քանի դար առաջ մարդիկ չգիտեին, թե ինչ է ֆոբիան։ Ապրում էին իրենց համար ու փորձում էին որևէ մեկին չպատմել իրենց վախի մասին։ Սակայն այս նորաձև տերմինը վերջին շրջանում այնքան հաճախ են սկսել օգտագործել, որ շատերը սկսում են իրենց ներշնչել ու չեղած վախեր վերագրել սեփական անձին։
Տարօրինակ ու անհասկանալի վախերից զերծ չեն եղել նաև բազմաթիվ հայտնի մարդիկ.

Ջորջ Վաշինգտոն: Ջորջ Վաշինգթոնը ԱՄՆ-ի առաջին նախագահն էր: Խելացի և հզոր մարդ, ով, սակայն, ողջ կյանքում վախենում էր ողջ-ողջ թաղվելուց: Այս վախն անվանում են տաֆեֆոբիա: Այն Վաշինգթոնի դեպքում ավելի վառ սկսեց արտահայտվել հատկապես կյանքի վերջին տարիներին, իսկ 1799-ին նա ստիպեց իր օգնականներին երդվել, որ իր մահից հետո նրանք կսպասեն 2 օր, ապա նոր զբաղվեն հուղարկավորությամբ:

Զիգմունդ Ֆրեյդ: Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը վախենում էր նայել մարդկանց աչքերին, հենց այդ պատճառով էլ ստեղծել էր այցելուի հետ շփման այն տարբերակը, երբ վերջինս պառկում է թիկնաթոռին, իսկ հոգեբանը նստում է նրա հետևում: Ֆրեյդը նաև սարսափում էր 62 թվից և երբեք կանգ չէր առնում այն հյուրանոցներում, որտեղ կար 61-ից ավելի սենյակ, որպեսզի իրեն հանկարծ չտրամադրեն #62 սենյակը: Նա վախենում էր նաև ձարխոտ բույսից և զենքերից: Վերջինը նա համարում էր ուշացած սեռական և էմոցիոնալ հասունացման նշան:

 Իոսիֆ Ստալին: Իոսիֆ Ստալինը վախենում էր, որ իրեն կթունավորեն: Այս վախը կոչվում է տոքսիկոֆոբիա: Թերևս հենց այդ վախն է Ստալինի համար որոշիչ եղել շատ ենթակաների ճակագիրը վճռելու հարցում: Եվ քանի որ նա գիշերները չէր քնում, ենթադրվում է, որ նաև քնի վախ է ունեցել` սոմնիֆոբիա: Նա քնում էր միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժասպառ էր լինում:

 Սալվադոր Դալի: Հանճարեղ նկարիչը սարսափելի վախենում էր ծղրիդներից:  Նա երբեք բակում սուրճ չէր խմում, խուսափում էր ջրային տարածքներին մոտ լինելուց, որպեսզի չհանդիպի ծղրիդների: «Եթե ես կագնած լինեմ անդունդի եզրին, և ծղրիդը թռչի դեմքիս վրա, ես կնախընտրեմ անդունդը նետվել, քան թե հանդուրժել նրա հպումը մաշկիս վրա: Նրա ցատկերի ձայնը ողջ կյանքս հետապնդում է ինձ, կրծում հոգիս, խելագարության հասցնում», – գրում է Դալին իր ֆոբիայի մասին:

Վուդի Ալեն:  83-ամյա դերասանը գրեթե ամեն ինչից վախենում է: Հասարակ ֆոբիաներից բացի, ինչպիսիք են վախը բարձրությունից, փակ տարածություններից և միջատներից, նա ավելի տարօրինակ վախեր էլ ունի: Օրինակ` վախ վառ գույներից, վերելակներից, կենդանիներից, գետնանուշի կարագից և այլն:

 Օփրա Ուինֆրի: Հանրահայտ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին սարսափելի վախենում է մաստակ ծամելուց: Բանն այն է, որ Օփրայի տատիկը հավաքում էր մաստակներն ու շարում սեղանին: Դա Օփրայի համար այնքան տհաճ էր, որ նա սկսեց վախենալ մաստակից: Մի անգամ նույնիսկ շպրտել է ափսեն, որովհետև դրա ծայրին մաստակի կտոր էր կպած: Օփրան արգելում է նաև իր աշխատողներին նկարահանման հրապարակում և խմբագրությունում մաստակ ծամել:

Ֆոբիաների եւ վախերի բուժման վիճակագրությունը հուսադրող է եւ թույլ է տալիս լավ կանխագուշակումներ անել: Սիստեմատիկ պարապմունքների եւ թերապիաների ազդեցությունից դրանք ավելի հեշտ են անհետանում, քան այլ հոգեբանական խնդիրներ: Ֆոբիաների դեպքում անպայման դիմեք մասնագետների եւ աստիճանական մարզումների միջոցով ձերբազատվեք դրանցից: Ձեր համառությամբ դուք կհասնեք ամեն ինչի: Եվս մեկ հուսադրող հանգամանք. լրիվ անվախությունը նույնպես հիվանդություն է:

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com