Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

թիվ 1

Հերոսը դա հավիտենականի կրողն ու սպասավորն է մեր անցավոր կյանքում:

թիվ 2

Հերոսական են մարդկային այն գործերը միայն, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունեն:

թիվ 3

Անիծեցի ես աշխարհավար մեծերին.

— Չկա’ն մեծեր, կա մեծություն, հոգո’ւ մեծություն: Կա՞յսր ես՝ եղիր Ավրելիոս, իմաստասե՞ր ես՝ Սոկրատ եղիր, զորավա՞ր ես՝ Ավարայրի Վարդա’ն:

Մեծ անունները առանց հոգու մեծության նման են կավե անդրիի՝ դրված ոսկե պատվանդանի վրա…

թիվ 4

Չեմ սիրում միջակությունը նպատակի, զոհաբերության, տառապանքի: Միջակությամբ չես աճի, չես հսկայանա հոգեպես: Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականության ճամբով:

թիվ 5

Մեկն սպառնաց ինձ մահվամբ:

— Մահվամբ չեն վախեցնում նրան, որից, ինչպես գիտեք, հաճախ վախեցել է մահը, — ասացի ես:

թիվ 6

— Ինչպե՞ս կուզեիք, որ վարվենք ձեզ հետ, — հարցրին ինձ:

— Որպես ռազմիկի, որը տմարդներին, թեև հաղթական լինեն, իրեն արժանի թշնամի չէ համարում:

թիվ 7

Հայաստա’ն և ճշմարտություն — ահա’ իմ աստվածությունները:

թիվ 8

Ների’ր, Տե’ր, ների’ր ինձ, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու մտոք մեղանչեմ կամքիդ դեմ:

Արդա’ր է հայրենիքին ծառայել ամեն ինչով, բացի ստորությունից:

թիվ 9

Խղճմտանքես զատ ես ճանաչում եմ երկու գերագույն դատավորներ ևս — Աստված և Ժողովուրդ:

Առաջինի դեմ գուցեև մեղանչել եմ, իսկ երկրորդի դեմ՝ երբե’ք:

թիվ 10

Հերոսական գործերից ոչ նվազ ներշնչող է մահը հերոսական: Ապա ուրեմն, մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ:

Ահա’ իմ դավանած հայրենասիրությունը:

թիվ 11

Հայ մարդու հետ հայերեն կխոսի ցեղակրոնը, որովհետև կգիտակցի, թե լեզվի մահը հաճախ ժողովուրդների հոգևոր մահը կ’արագացնե:

թիվ 12

Պատմություն — դա անավարտ վեպ չէ, այլ՝ չավարտված ճակատամարտ:

թիվ 13

Ժողովրդից է ամէն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն:

թիվ 14

Ճշմարտությունը հասկանալուց մինչև այն ընդունելը, և այդ վերջինից մինչև այն գործադրելը առնվազն յոթն օրվա ճանապարհ է:

թիվ 15

Ճշմարտորեն ազատ է նա միայն, ով չի զգում բռնության առկայությունը:

Ազատ կարող է լինել հզորազոր ոգու տերը միայն:

Հոգով տկարների համար մարսելի սնունդ չէ ազատությունը:

թիվ 16

Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը:

թիվ 17

Երկու բան չեմ ներում մարդուն՝ իր ստորությունները, որոնցով սնվում է իր բարոյական տկարությունը, ապա՝ իր տկարությունը, որից ծնունդ են առնում իր ստորությունները:

թիվ 18

Ասում են՝ կշտացած առյուծը կորցնում է իր կատաղությունը:

Իսկ մարդն անկշտում է. որքան խժռում, որքան հարստանում՝ այնքան կատաղում է նա:

Չէ’, մարդուն բարի չես դարձնի՝ նրա կերն ավելացնելով:

թիվ 19

Անե’ծք, յոթնիցս անե’ծք այն ճոխ սեղանին, որի շուրջը տեղ չունեն այն պատրաստողները միայն:

թիվ 20

Թեև ամեն ժողովուրդ իր հայրենիքն ունի, մարդկությունը, սակայն, դեռ մնում է անհայրենիք:

Մարդկայնությո’ւնն է մարդկության հայրենիքը, որ դեռ գոյություն չունի:

թիվ 21

Ես իմ կյանքով հաստատեցի Հերոդոտոսի խոսքը. «Վտանգավոր է չափից ավելին ցանկանալ»:

Ես ուզեցի, որ մեր ցեղի գոյության թշնամին հենց իմ օրով նստի իր հայրենիքի փլատակների վրա, և վայե՝ նախանձելով յոթնիցս անիրավված իմ ժողովրդի ճակատագրին:

թիվ 22

Գինովություններից ամենազգլխիչը իշխանությամբ գինովանալն է:

Նմանը հեշտությամբ է կոխում-անցնում իր իշխանության սահմանները, և հաճախ ի չարը գործ դնում այն: Եվ մի օր էլ, անխուսափելիորեն, դառնում է — լատինասությամբ՝ malorum claras patrator — վատությանց դիկտատոր:

թիվ 23

Նվազ զբաղվիր այլոց թերություններով, այլապես պիտի դադարես սեփական թերություններդ նկատել:

թիվ 24

Միայն ստոր կրքերից զերծ մարդն է ընդունակ պայծառորեն խորհելու: Չարերը թանձրամիտ են լինում:

թիվ 25

Աշխատի’ր, որ խոսքդ լինի համակ լույս և ճշմարտություն` կայծա’կ, որը զարկելուց առաջ լուսավորում է առարկաները:

թիվ 26

Մարդկությունը տառապանքին կը պարտի իր հոգևոր ողջ մշակույթը:

Ով տառապանքից է փախչում՝ կատարելությունից է փախչում:

Ով չէ տառապել՝ չի’ աճել, չի’ հզորացել ոգով:

թիվ 27

Քեզ մի’ կարծիր այն, ինչ որ չես: Մի’ չափազանցիր կարողություններդ, մի’ խաբիր քեզ. կյանքը մի օր պիտի փորձի դնի’ ուժերդ: Աշխատիր լինել ա’յն, ինչ որ կուզեիր կարծել քեզ:

թիվ 28

Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը` երբե’ք:

թիվ 29

Մահը տրված է մարդուն՝ այն հաղթահարելու համար:

թիվ 30

— Ի՞նչ են ասում սարերն իրենց խրոխտ լռության մեջ, — հարցրի իմաստունի անուն հանած մի ծեր լեռնականի:

Հայացքը դեպի հայրենի կատարները դարձնելով, նա լռեց մի պահ՝ կարծես նրանցից պատասխան սպասեր, ապա` իմաստաբանեց.

— Լեռներն ասում են՝ պահի’ր մեզ, լեռնակա’ն, որ մենք էլ քեզ պահենք:

թիվ 31

Թող կռվի չմեկնեն թվապաշտները — նրա’նք, որոնք ընդունում են, թե ուժը, զորությունը թվի մեջ է միայն: Ոգի’ն է կռվի մղում զինվորին: Ով որ համրում է՝ չի’ խիզախում:

թիվ 32

Ով կռվում ժամանակ է կորցնում՝ հաղթանակն է կորցնում:

թիվ 33

Արդար լինենք, զորավա’ր, դու, եթե հանճարեղ իսկ լինես, դու միայն նախապատրաստում ես հաղթանակը, այն շահում է զինվորը:

թիվ 34

Զորակա’ն, կռվիր այնպե’ս, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ի’նձ պես կռվեցե’ք:

թիվ 35

Պատերազմիր այնպե’ս, որ չամաչես տարածդ հաղթանակից:

Արդար է հաղթանակդ, երբ այն արդար է համարում պարտված թշնամիդ իսկ:

թիվ 36

Մեր անձի վրա տարած հաղթանակը — ահա’ հիմքը մեր այլ կարգի հաղթանակների:

թիվ 37

Մի’, մի’ սպանիր թշնամուդ անգամ, եթե կարելիություն կա սպանելու նրա մարտունակությունը` կռիվը շարունակելու նրա ցանկությունը:

Այլ կերպ վարվողը մարդասպան է հասարակ, և ոչ՝ մարտիկ:

թիվ 38

Փառքի կատարները բարձրանալու համար կա մի հատիկ սանդուխք, որի առաջին աստիճանը կոչվում է քաջություն, իսկ վերջինը՝ դարձյա’լ քաջություն` մահամերժ քաջություն:

թիվ 39

Ստորությունն էլ է պարտվում, բայց երբեք չի զինաթափվում:

թիվ 40

Փա՞ռք ես փնտրում՝ վտա’նգ փնտրիր: Հերոսական ոչինչ չկա այնտեղ, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:

Վա’գրը վագրի դեմ — ահա’ կռիվը հերոսավայել:

թիվ 41

Թերթեր ունենք, որոնք ավելի օգտակար պիտի լինեին հայ ժողովրդին, եթե բնավ լույս չտեսնեին:

թիվ 42

Կուսակցամոլը — դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների:

թիվ 43

Հիշե զանոնք, որ գերեզմանին մեջ ննջելով սուրն իրենց գլխուն ներքևը դրին: Քաջաց բարձն է սուրը:

թիվ 44

— Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից կբարձրանա:

թիվ 45

Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ ի’ր բազուկի, ի’ր զենքի վրա:

Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

թիվ 46

Ռազմավարի հանճարը բխում է իր հոգու վեհությունից:

թիվ 47

Ո՞վ է, սակայն, կատարյալ ղեկավարը:

Ո’չ անշուշտ բոլոր սպաները, բոլոր «մեծերը», որոնք բանակի հետ շարժվում են դեպի կռվադաշտ:

Շատերը սպաներից այլ բան չեն, քան մի զույգ ուսադիր, մի աստիճան, մի տիտղոս: Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակվում, նա երևան է գալիս, երբ նրա կարիքն է զգացվում, նա հայտնվում է վտանգի ժամանակ:

Մեկը կարող է աստիճանով զորավար լինել, բայց ոչ՝ և առաջնորդ: Մի ուրիշը, կրելով պարզ հարյուրապետի ուսադիրները, կարող է կատարյալ առաջնորդ լինել:

Եթե չեն ծնվում, ապա’ դառնո’ւմ են առաջնորդներ:

թիվ 48

Նա հաճախ սրտի և գործողության մարդ է, քան մտքի:

Դա՝ հակառակ նրանց, որոնք հաճախ լավագույն բանակները վերածում են հոտերի, գիտի հոտերը վերածել լավ բանակների:

Նա՝ առյուծների խումբը ղեկավարելու նշանակված ոչխարը չէ, այլ՝ ոչխարների հոտը կառավարող առյուծը:

թիվ 49

Չկա’ ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը:

թիվ 50

Ամենասրբազանը խաչերից, միաժամանակ և ամենածանրը դա ճակատագիրն է հարազատ ժողովրդի:

Այն կրողին և վայ, և պատիվ յոթնիցս:

թիվ 51

Թագավորը նա է, ով կարող է:

Հայ երիտասարդություն, ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ:

թիվ 52

Կռվադաշտում եղիր անխնա, բայց ոչ` վայրագ

թիվ 53

Հայրենապաշտ դաստիարակություն, ահա մեր փրկության խարիսխը:

թիվ 54

Քո վաղվա հաղթանակի և պարտության միջև հայ ժողովրդի լինել — չլինելու հարցը կա, հայ երիտասարդություն:

թիվ 55

Տգիտություն, եսականություն և աշխարհաքաղաքացիություն, — ահա երեքը հայրենասիրության անհաշտ թշնամիներից:

թիվ 56

Եվ ոչ մի ընչազուրկ քո հողի վրա: Խեղճերի արցունքից ու թույլերի անարիությունից են քանդվում հայրենիքները:

թիվ 57

Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան:

թիվ 58

Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:

թիվ 59

Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք:

թիվ 60

Ուժ է ճշմարտությունը: Չկա ուժ առանց ճշմարտության: Չկա փրկություն առանց ուժի:

թիվ 61

Պարտություն, ստրկություն, տառապանք, — ահա կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը:

թիվ 62

Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը:

թիվ 63

Ինչո՞ւ կտառապի մարդկային ցեղը:

-Որովհետև միամիտ մարդը իրենից, իր հոգուց դուրս փնտրեց և կփնտրե երջանկությունը:

Որովհետև նյութականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկությունը և իր կյանքը վերածեց դժոխքի:

թիվ 64

Ստեղծագործող, ոչ նմանվող: Անձնասպանություն է նմանությունը:

թիվ 65

Մի’ նախանձիր, որովհետև աշխարհը ոչնինչ չունի, որ չունենա քո հոգին: Թուլություն է չարությունը:

թիվ 66

Ասպետ եղիր նախ անձիդ նկատմամբ:

թիվ 67

Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն, ոչ թե` տեր ու բռնակալ:

թիվ 68

Այն օրից, ընթերցող, այն օրից, երբ հայը սկսեց վախենալ մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում:

թիվ 69

Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը:

թիվ 70

Երբեք և ոչ մի տեղ առանց հոգևոր հայրենիքի:

թիվ 71

Ուր մարդիկ խոստովանում են իրենց տկարությունը, բայց չեն ամաչում տկար լինելուց, հոգևոր ստրկություն է տիրում այնտեղ:

թիվ 72

Մի օր հայությունը պիտի ների թրքությանը, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց հետո:

թիվ 73

Արիություն:

Միակ ճշմարիտ կրոնը, առանց որի ոչինչ արժեն կրոնները:

թիվ 74

Ազգային գրականություն, — դա մեր հոգևոր ծովն է, ուր գալիս թափվում են ցեղի ոգու վարար գետերը:

թիվ 75

Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդե ճակատ` ահա կատարյալ առաջնորդը:

թիվ 76

Եկեղեցին, որ զուրկ է մարդկության բարձր իդյալից, դատարկ է աստվածային շնչից:

թիվ 77

Չկա ավելի մեծ պղծություն, քան սեփական ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը:

թիվ 78

Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ և սիրեցի մարդը:

Ես տեսա ստրուկը ազատության մեջ և գարշեցի մարդեն:

թիվ 79

Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք:

թիվ 80

Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:

թիվ 81

Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ես բախտի հետ:

թիվ 82

Գերագույն երջանկությունը այն է, որ պատճառ կդառնա այլոց երջանկության:

թիվ 83

Եթե կյանքիդ նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորուստն է:

թիվ 84

Մի ժողովուրդ, որն իրեն պետք եկած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:

թիվ 85

Չար անասուն է մարդս, երբ նախանձում է:

թիվ 86

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի ու մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

թիվ 87

Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում մեծ սրտի տերը միայն:

թիվ 88

Նյութապաշտի հայրենիքը մի երկրամաս է լոկ և ուրիշ ոչինչ:

թիվ 89

Միշտ էլ, երբ զանգվածներին պակասել է գաղափարի մարդու կողքին վճռաբար կանգնելու բարոյական արիությունը` մեր աշխարհի սրիկայությունը նոր Հիսուսներ է խաչել:

թիվ 90

Մի ժողովուրդ, որի կյանքում աղվեսներին հաջողվում է առյուծ խեղդել` նվազ, շատ նվազ թվով առյուծասիրտ որդիներ է ծնում:

Հեռու առյուծ խեղդող աղվեսներից:

թիվ 91

Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը: Նպատակն է բարոյապես շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից:

թիվ 92

Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց` ազգ, հայրենիք, պետություն:

թիվ 93

Սովորեցեք հայորեն մտածել, դա է ազգային բարոյականի հիմքը:

թիվ 94

Ամենաիմաստուն և ամենազորավոր հեղափոխականը ժամանակն է:

թիվ 95

Ռեժիմը չի ուղղում մարդկանց, ընդհակառակը` մարդիկ են սրբագրում, փոխում ռեժիմը:

թիվ 96

Գազան-անասունը մարդու մեջ ավելի է ուժեղանում, երբ ուզում ենք մեկեն, առանց աստիճանական բարելավումի դարձնել կատարյալ էակ:

թիվ 97

Ամեն սոցիալ-քաղաքական բռնացում խեղում է ժողովրդի հոգին:

Իր աճումի մեջ բռնացումի ենթարկվող ժողովուրդը մեռնում է հոգեպես:

թիվ 98

Իշխանությունը դառնում է օրինականացյալ անիշխանություն, երբ ընդհանուր խղճմտանքի կոնտրոլ չկա:

թիվ 99

Քաղաքական ազատությունը ծնունդ է առնում բարոյականից:

թիվ 100

Սոցիալական խնդիրը բարոյական խնդիր է: Օրենքը փոխելուց առաջ` փոխիր մարդը:

 

Նյութի աղբյուր՝

  • Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006, 706 էջ:

 

Նյութը հրապարակեց` Կարապետ Հակոբյանը

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.