14 ամենանշանավոր հայ կին գրողները

Սրբուհի Տյուսաբ (Վահանյան 1842-1901 թթ.)

Առաջին հայ կին գրողը: Եղել է արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ։ Մահացել է 59 տարեկանում քաղցկեղից: Հայտնի է «Մատյա», «Սիրանույշ», «Արաքսյա կամ վարժուհին» վեպերով:

Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.)

Արևմտահայ բանաստեղծուհի և վիպասանուհի: Եղել է խմբագիր և բանասեր Հրանտ Ասատուրի կինը: Ապրել և ստեղծագործել է Կ. Պոլսում: Մահացել է 71 տարեկանում: Առավել հայտնի է իր բանաստեղծություններով:

Շուշանիկ Կուրղինյան (Փոպոլճյան 1876–1927 թթ.)

Արևելահայ իրականության մեջ առաջին կին բանաստեղծը: Գրող Հակոբ Հակոբյանի հետ միասին համարվում է հայ իրականության մեջ պրոլետարիական գրականության հիմնադիրը: Առավել հայտնի է իր բանաստեղծություններով: Պատկանում է հայ մտավորականների այն փաղանգին, որոնք 1921 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով ժամանեցին Խորհրդային Հայաստան:

Զապել Եսայան (1878–1943 թթ.)

Հայ վիպասանուհի, ազգային — հասարակական գործիչ, Ֆրանսիական գրականության գիտակ, Երևանի պետական համալսարանի դասախոս: Առավել հայտնի է իր «Ավերակներուն մեջ», «Երբ այլևս չեն սիրեր», «Սիլիհտարի պարտեզները», «Վերջին բաժակը» վիպակներով, «Բարպա Խաչիկ» վեպով և արևմտահայ հայդուկ Սեբաստացի Մուրադի մասին պատմող «Մուրատի ճամբորդությունը» իրապատում գրքույկով: Ստալինյան բռնաճնշումների զոհերից է: Մահացել է աքսորավայրում 1943 թվականին 65 տարեկան հասակում:

Հերանուշ Արշակյան (1887–1905 թթ.)

Արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծուհի: Ինչպես Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը և ուրիշներ, նա նույնպես մահացել է «բանաստեղծների հիվանդություն»ից՝ թոքախտից, երբ դեռ չէր բոլորել նրա 18 տարին: Լույս են տեսել Հ. Արշակյանի «Հոգիներուն արցունքը» և «Լուսնյակ» բանաստեղծությունների ժողովածուները:

Հռիփսիմե Պողոսյան (1899–1972 թթ.)

Հայտնի է խորհրդային տարիներին գրած և հրատարակած իր բանաստեղծություններով, պոեմներով, կատարած թարգմանություններով: Մահացել է 73 տարեկանում:

Մարո Մարգարյան (1915–1999 թթ.)

Բանաստեղծուհի, թարգմանչուհի: Եղել է հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Բայանդուրի կինը: Հանդիսանում է նկարիչ Աշոտ Բայանդուրի, և թարգմանչուհի, ՀՀ Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր Անահիտ Բայանդուրի մայրը: Հայտնի է խորհրդային տարիներին գրած և հրատարակած իր բանաստեղծություններով: Մահացել է 84 տարեկան հասակում:

Անահիտ Սահինյան (1917–2010 թթ.)

Խորհրդահայ վիպասան, հրապարակախոս: Եղել է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի քույրը: Առավել հայտնի է «Խաչուղիներ», «Ծարավ», «Կարոտ» վեպերով և «Սեփական ոտնահետքերով» գրքով: Մահացել է 93 տարեկան հասակում:

Սիլվա Կապուտիկյան (Սիրվարդ 1919–2006 թթ.)

Բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Եղել է բանաստեղծ Հովհաննես Շիրազի կինը: Քանդակագործ Արա Շիրազի մայրն է: Իրավամբ կրում է «ամենայն հայոց բանաստեղծուհի» կոչումը: Ամենից հայտնի հայ կին բանաստեղծուհին է: Առավել հայտնի են նրա «Խոսք իմ որդուն», «Մի լացացնիր», «Ապստամբություն» և այլ բանաստեղծությունները և «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» հրապարակախոսական գրքերը: Մահացել է 87 տարեկան հասակում:

Անահիտ Սեկոյան (Աննա Սեկոյան 1922–1994 թթ.)

Հայ արձակագիր: Առավել հայտնի է «Ոսկե վազերի մեջ», «Գարունը ձյան տակ», «Եթե Որոտանը խոսեր», «Հյուսիսային պողոտա» վեպերով, որտեղ արտացոլված են Խորհրդային Միությունում ապրող մարդու հույսերն ու հույզերը, նրա առօրյան և ապրումները:

Մետաքսե (Պողոսյան 1928–2014 թթ.)

Հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի և հասարակական գործիչ: Գրել և հրապարակել է նաև իր անձնական հուշերը բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի մասին: Առավել հայտնի է նրա «Նոր տարվա գիշեր», «Ինքս իմ մեջ» և այլ բանաստեղծություններ:

Աննա Պետրոսյան (Անելկա Պետրոսյան 1935–2017 թթ.)

Հայ արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, դերասանուհի: Առավել հայտնի է Հայաստանի անցյալն ու ներկան ներկայացնող, 7 հատորից բաղկացած «Բոլոր ժամանակների Հայաստանը» աշխատությամբ, «Կումարի մեծ տիկնոջ պատմությունները», «Մոզ քաղաքի կործանումը» պատմավեպերով, «Եկա, որ մնամ» պիեսների ժողովածույով:

Ալվարդ Պետրոսյան (ծնվ. է 1946 թ.-ին)

Բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ։ Խորհրդային բանակի կապիտան, պարտիզանական ջոկատի հրամանատար Բարթուղ Պետրոսյանի դուստրը, գեղանկարիչ, մանկավարժ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինը: Առավել հայտնի է վիպակների և պատմվածքների ժողովածուներով:

Կարինե Խոդիկյան (ծնվ. է 1957 թ.-ին)

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Առավել հայտնի է իր պիեսներով, որոնք բեմադրվել էն Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոններում:

Նյութի աղբյուր՝

  1. Վիքիպեդիա. ազատ հանրագիտարան:
  2. Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1-2, Երևան, 2005-2007:
  3. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986:

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան