2018 թվականին համաշխարհային էներգետիկայի ոլորտում ներդրումները կայունացել են

Ինչպես նշված է Էներգետիկայի միջազգային գործակալության World Energy Investment 2019 (WEI 2019) տարեկան զեկույցում՝ համաշխարհային էներգետիկայում 2018 թվականին դադարել է ներդրումների անկումը, որը դիտվում էր վերջին երեք տարիներին. դրանք կայունացել են ավելի քան 1,8 տրլն դոլարի մակարդակի վրա, ինչը մոտ համանման է 2017 թվականի ցուցանիշին:

«2018 թվականին համաշխարհային էներգետիկայում ներդրումները կայունացել են այն մակարդակի վրա, որը մոտ է 1,85 տրլն դոլարին երեք տարվա անկումից հետո: Նավթի, գազի և ածխի բնագավառում կատարված ներդրումների աճը փոխհատուցվել է հանածո վառելիքով էլեկտրագեներացիայի զարգացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա ծախսերի նվազեցմամբ: էներգաարդյունավետության մեջ ներդրումների ծավալը չի փոխվել: Իսկ էլեկտրաէներգետիկայի հատվածն արդեն երրորդ տարին անընդմեջ նավթագազայինին գերազանցում է ներգրավված ներդրումների ծավալով»,-ասված է զեկույցում:

Ցուցանիշի առավել մեծ աճն արձանագրել է ԱՄՆ-ը՝ արդյունահանման եւ մշակման, հատկապես թերթաքարային նավթի արդյունահանման, նաև էլեկտրացանցերի զարգացման սեկտորում ներդրումների աճի հաշվին: Ու թեև առաջվա պես Չինաստանը դարձել է աշխարհում խոշորագույն ներդրողը էներգետիկայի բնագավառում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև խզումն այդ առումով կրճատվել է: ԱՄՆ-ից հետո աճի երկրորդ ցուցանիշն արձանագրել է Հնդկաստանը, իսկ ահա Կենտրոնական և Արեւմտյան Աֆրիկայի երկրները պահպանում են թերաֆինանսավորման ռիսկերը էներգետիկայի բնագավառում:

 

 

 

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: