Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

2020 թ. Երևանում վեր կխոյանա «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott) հյուրանոցն ու բնակարանային համալիրը

«Մարիոթ ինթերնեշնլի» և «Գալաքսի» ընկերությունների խմբի համագործակցության արդյուքում` 2020 թ. Երևանում՝ Տերյան 5 հասցեում վեր կխոյանա «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott) հյուրանոցն ու բնակարանային համալիրը: 2017թ. Ցյուրիխում ստորագրված և օրերս Երևանում վավերացված պայմանագրով, համալիրի կառավարումը պաշտոնապես կստանձնի «Մարիոթ ինթերնեշնլը»։

«Քորթյարդ բայ Մարիոթ» խոշոր գործընկերային ներդրումային նախագիծ է, որի իրականացման համար իր կարևորագույն աջակցությունն է ցուցաբերել Ամերիաբանկը, իրականացնելով նախագծի ֆինանսավորումը։

«Մեր առջև բարդ խնդիր էր դրված ու թիմով մեծ աշխատանք ենք կատարել։ Ներգրավել ենք 10-ից ավելի միջազգային գործընկերների՝ համախմբելով բոլորին մեկ նպատակի շուրջ. այն էր նոր ձևաչափ և որակ բերել հյուրանոցային և բնակարանային ոլորտ»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Նախագծի պաշտոնական մեկնարկին մասնակցելու էին ժամանակել 100-ից ավելի գործարարներ, կառավարիչներ և մասնագետներ զբոսաշրջության, հյուրանոցային, բանկային, ՏՏ, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներից։ Նրանց թվում նաև «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը, «Կոնտուրա» գերմանական դիզայներական ընկերության Գլխավոր տնօրեն Բարբարա Մայեր-Քոսֆելդը և նախագծին մասնակցած այլ հեղինակավոր մարդիկ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք, որպես զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքական մարմին, կաևորում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում և ուղիղ ներդրումները մեր ոլորտում։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս, բարձրացնել հյուրանոցային ոլոտում ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։ Հուսով ենք, որ պետություն-մասնավոր հատված կայուն  համագործակցությունը հիմք կհանդիսանա Հայաստանում գործարար միջավայրի հետագա ամրապնդման, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման, ոլորտի շարունակական զարգացման և տնտեսության աճի համար»,-իր խոսքում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.