5 կարևոր սննդարար նյութ, որոնք պակասում են վեգանների սննդակարգում

Վեգանների սննդակարգն ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է, սակայն այս սննդակարգին հետևողները հաճախ բախվում են որոշակի սննդարար նյութերի դեֆիցիտի խնդրին, մինչդեռ դրանք շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 տարր, որոնք բավարար քանակությամբ չեն ստանում վեգանները:

Վիտամին D

Սա վեգանների սննդակարգում ամենից հաճախ բացակայող տարրն է, որը շատ կարևոր է ոսկորների ամրապնդման համար: Չնայած, որ այս վիտամինի մեծ մասը մարդը ստանում է արևի ճառագայթների շնորհիվ, այնուամենայնիվ որոշ հյուսիսային երկրներում հարկավոր է լինում վերանայել նաև սննդակարգը: Վիտամին D ամենից շատ պարունակվում է կենդանական ծագման սննդամթերքում, որը վեգանները չեն օգտագործում: Սա է պատճառը, որ նման սննդակարգի դեպքում մարդը պետք է նաև վիտամին D-ի հավելումներ ընդունի:

Օմեգա-3 ճարպաթթուներ

Տեսականորեն այս կարևոր տարրերը կարելի է ստանալ նաև սերմերից ու ընկույզներից, սակայն խնդիրն այն է, որ գոյություն ունի օմեգա-3 ճարպաթթուների երեք տեսակ: Խոսքը ալֆա-լինոլենաթթվի, էյկոզապենտաենաթթվի և դոկոզահեքսաենաթթվի մասին է, որոնցից միայն առաջինն է հնարավոր ստանալ հունական ընկույզի ու սերմերի միջոցով:

Կալցիում

Կալցիումի լավագույն աղբյուրը համարվում է կաթը, սակայն վեգանների սննդակարգը բացառում է կաթի ու կաթնամթերքի գործածությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է օգտագործել կալցիումով հարուստ որևէ այլ մթերք, օրինակ՝ կալե կաղամբ կամ կանաչ ոլոռ:

Երկաթ

Երկաթի դեֆիցիտը կարող է հանգեցնել հոգնածության, սակայն վեգանների սննդակարգում այս տարրը շատ քիչ քանակությամբ է պարունակվում: Երկաթի պակասը լրացնելու համար վեգաններին խորհուրդ է տրվում օգտագործել լոբազգիներ, ընկույզներ, սերմեր ու բրոկոլի:

Վիտամին B12

Այս վիտամինը պատասխանատու է օրգանիզմը թթվածնով հագեցնող արյան կարմիր բջիջների ձևավորման համար: Դրա պակասը կարող է հանգեցնել մկանային թուլության ու շուրթերի վրա խոցերի առաջացման: Վեգանական սննդակարգում այն գրեթե չի պարունակվում, ուստի դրա դեֆիցիտից ազատվելու համար հարկավոր է անպայման ընդունել այն սննդային հավելումների տեսքով:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: