• flat Դժգոհել

Մենք փնտրում ենք քաղաքական «փրկչի», ում վրա կդնենք պարտավորություն. Վլադիմիր Մարտիրոսյան

Մենք փնտրում ենք քաղաքական «փրկչի», ում վրա կդնենք պարտավորություն. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ  Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քաղաքական ճիշտ և առողջ դիսկուրսների և որակյալ օրակարգերի կարևորության ընկալումը բոլորիս համար պետք է դառնա առաջնային: Այն քաղաքական ուժերը, որոնք զբաղված են բացառապես «ժողովրդի» և «ընտրազանգվածի շահերի» ներկայացմամբ, որևէ պարագայում չպետք է ունակ լինեն խլացնել մյուս և որակական առումով տարբերվող քաղաքական առաջարկներ ունեցող ուժերի ձգտումները և ձայնը:

Այդ ուժերը ներկայացնում են համազգային երկարաժամկետ և հենասյունային շահեր կամ գոնե առաջարկում են լայն դիտանկյունից տեսնել այդտեղ առկա խնդիրները և դրանց մտածված լուծումները: Այդպիսի ընկալումներ ունեցողները բնականաբար պոպուլիզմի գործիքակազմից համարյա թե չեն օգտվում, չեն ճչում քաղաքական շահի համար, շահախնդիր լսարանների մոտ անհիմն և չմտածված, տարերային քաղաքական դերային խաղեր չեն անում, այլ շեշտը դնում են ռացիոնալիզմի և մասնագիտական տեխնոկրատ լուծումների վրա՝ պահելով կանխատեսելի քաղաքական կենտրոնի, այսինքն`պետության շահի անբեկանելի ամրության դիրքերը:

Նախ՝ քաղաքական առողջ դիսկուրսը դա ճշմարտության, խնդիրների լուծումների փնտրտուքի կարևորագույն առաջնային քայլն է: Եթե չկա մտքերի, տեսլականների, մոտեցումների և խնդիրների լուծման, մեթոդաբանությունների բախում, ապա չկա նաև լուծում, իսկ եթե չկա լուծման առաջարկ և այդ առաջարկի ճշմարտացիությունը և կենսունակությունը ապացուցելու ձգտում և պատրաստակամություն, ուրեմն չկա նաև քաղաքական առողջ ամբիցիա և նվիրում` մտքին և գաղափարին, ինչը քաղաքական պատեհապաշտության առաջին ցուցիչն է:

Առհասարակ հայ քաղաքական մտքի և քաղաքական համակարգային այլ ոչ մասնավոր շահի վրա հիմնված առաջարկի դեֆիցիտը եղել և, ցավոք սրտի, մնում է մեր քաղաքական իրականության բնութագրիչ գծերից մեկը: Մեր քաղաքական իսթեբլիշմենթը ծայրահեղ անձնավորված և նույնքան ծայրահեղ ապագաղափարականացված է: Այս երևույթը ի սկզբանե վկայում է այն մասին, որ մենք ոչ թե փնտրում ենք մեր խնդիրների լուծման ուղիները և ձևերը, այլ փնտրում ենք բացառապես անձանց, որոնք ոչ միշտ են ունակ գտնել այդ լուծումները, այլ միայն ունակ են հայտ ներկայացնել առանց այդ հայտի այսպես կոչված ծրագրային ապահովման և ապրոբացված բովանդակության: Սա մեր քաղաքական մշակույթի և անձնակենտրոն քաղաքական մենթալիտետի խնդիրներից մեկն է:

Մենք փնտրում ենք քաղաքական լիդերի, «փրկչի» ում վրա կդնենք պարտավորություն և առաքելություն մեր պահանջի կատարման համար, սակայն չենք փոխում մեր ընկալումը սեփական պատասխանատվության, բարիքի ստեղծման և պահպանման առումով: Քաղաքական լիդերի դերի և նշանակության հիմնահարցը առանցքային դերակատարություն է ունեցել մեր երիտասարդ պետականության ողջ ընթացքում: Պետական գործիչը չպետք է քաղաքացիների մեջ ներարկի փոքրոգություն, փոխադարձ անվստահություն, մարդկանց զրկի քաղաքական էներգիայից։ Նրա անձը, էգոն մեծ դեր է խաղում քաղաքականության մեջ։ Շատ գործիչների համար իշխանությունը կարող է դառնալ հեղինակային թատրոն, գաղափարական սերիալ, որտեղ իրենք իրենց անձի հասցեին ուզում են լսել դիֆերամբներ և բնավ հոգ չեն տանում մտածել, թե ինչ է մնալու և ինչ քաղաքական արդյունք և մշակույթ են թողնելու իրենցից հետո: Մեր պետական լիդերները քննադատել են իրենց նախորդների ռեժիմները ու դրանց օրինականությունն ու բարոյականությունը, մինչդեռ իրենք էլ չեն նկատել, թե ինչպե՞ս են խորացրել իրենց ինդիվիդուալ և եսակենտրոն շահը՝ ի հաշիվ պետական երկարաժամկետ շահի, ինչից հետո հասարակությունը կրկին հուսահատ որոնել է ելքեր փակուղիներից:

Քաղաքական լիդերի համար շատ հատկանիշներ են կարևորվում, դրանց շարքում պետք է ընդգծել վստահություն ներշնչելը, քաղաքական հեռատեսությունը, արդարամտությունը: Լիդերի ծայրահեղ անձնավորված ընկալումների և գերարժևորման պարագայում մենք մշտապես դատապարտված ենք ձախողման և հիասթափության: Չկա «փրկիչ», մեր «փրկիչը» մենք ենք,մեր անձնական միկրոաշխարհում,մեր անձնական օրինակով և մեր անձնական հաջողության ինդիվիդուալ դեղատոմսով: Մեր ազգային ծրագրերի և գերակայությունների հռչակումը և դրանց ապաքաղաքականացումը, ապալիդերականացումը, պետք է դառնա հիմնական քաղաքական և հասարակական ընկալման մշակույթի և մտածելակերպի «main stream»: Միայն այս պարագայում մենք դուրս կգանք անօգուտ քաղաքական տեղապտույտներից: Խնդիրների հիմքերի և պատճառների ընկալումը և գիտակցումը դրանց լուծման առաջնային քայլերից մեկն է:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ