• flat Դժգոհել

Աջարիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները. առողջարանները պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

Աջարիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները. առողջարանները պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

Աջարիայում կորոնավիրուսով բոլոր վարակվածները բուժվել են: Տարածաշրջանը, որը ստացել է կորոնավիրուսից ազատ կարգավիճակ, սկսում է պատրաստվել զբոսաշրջային սեզոնին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այդ մասին հայտարարել է Աջարիայի ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն:

Ապրիլի 30-ից Աջարիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հիվանդությունը հաստատվել է 70 մարդու մոտ: Նրանցից երկուսն էին մինչ այս պահը շարունակում բուժումը Բաթումի հիվանդանոցում, բայց այսօր հայտնի է դարձել, որ նրանք ևս ապաքինվել են և առաջիկայում դուրս կգրվեն:

Միևնույն ժամանակ Աջարիայի կառավարությունից հայտնում են, որ շրջանում ավելի քան 10.700 կորոնավիրուսի թեստ է իրականացվել:

««Կանաչ գոտու» և անվտանգ շրջանի կարգավիճակը հատկապես կարևոր է մեզ համար՝ կապված  զբոսաշրջային սեզոնի հետ: Մենք բոլորս պետք է շատ ուշադիր հետևենք խորհուրդներին, որպեսզի վերադառնանք տնտեսական վերականգնման փուլին և ընդունենք զբոսաշրջիկներին»,- ասել է Ռիժվաձեն:

Վրաստանն այսօրվա դրությամբ Եվրոպայի ամենաբարենպաստ երկրներից մեկն է կորոնավիրուսի տարածման տեմպերի և դրա դեմ արդյունավետ կառավարման առումով:

Այսօրվա դրությամբ Վրաստանում բուժումը շարունակում է 208 հիվանդ, 12 մարդ մահացել է, 508-ն՝ ապաքինվել: Դա փետրվարի 26-ից ի վեր արձանագրված բոլոր դեպքերի մոտ 70 տոկոսն է:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ից երկրում վերացվել է արտակարգ դրությունը: Հունիսի 15-ից Վրաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը, հուլիսի 1-ից երկիրը կընդունի արտասահմանցի զբոսաշրջիկների:

Ինչ վերաբերում է Աջարիայի սևծովյան առողջարաններին, տեղի իշխանությունները խոստանում են, որ զբոսաշրջային սեզոնի բացումից հետո լողափերում «թեթև վերահսկողություն» կիրականացվի սոցիալական հեռավորության պահպանման համար:

Մեկնաբանություն


Նմանատիպ