• flat Դժգոհել

Այսօր հայ ականավոր պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի ծննդյան 76-րդ տարեդարձն է

Այսօր հայ ականավոր պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի ծննդյան 76-րդ տարեդարձն է

Հայ ականավոր պատմաբան, աղբյուրագետ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ երզնկացի Հովհաննեսի բազմանդամ ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Լենինականի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1962 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ Ուսումնառության շրջանում զորակոչվել է խորհրդային բանակ: 1963-1966 թթ. շուրջ 3 տարի ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել է ուսումը համալսարանում և այն ավարտել 1970 թ.։ Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում: 1976 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Այնուհետև աշխատանքի է անցել ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, ապա՝ դոցենտ, պրոֆեսոր։

1991-1992 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար: 1992-1994 թթ. Պ. Հովհաննիսյանը դասախոսել է Համազգայինի Բեյրութի Հայագիտական բարձրագույն հիմնարկությունում: 1995-2013 թթ. համատեղության կարգով դասավանդել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, իսկ 1999 թվականից մինչև իր մահը՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ իր կատարած գիտամանկավարժական գործունեության համար 2004 թ. արժանացել է Հայոց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկին՝ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանին։ 2013 թվականից մինչև իր անժամանակ մահը ղեկավարել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։

Պետրոս Հովհաննիսյանը գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է եկել հանրապետության մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ է կարդացել տարբեր կազմակերպություններում։ Նա իր դասախոսական գործունեությունը զուգակցել է ակտիվ գիտական աշխատանքի հետ։ 300-ից ավելի գիտական հոդվածների և գրախոսությունների, շուրջ մեկ ու կես տասնյակ մենագրությունների հեղինակ է: Հայագիտության մեջ կարևոր ներդրում են Հայկական հարցի և հայոց ցեղասպանության մատենագիտությանն ու պատմաբաններ Նիկողայոս Ադոնցի, Աշոտ Հովհաննիսյանի, Հակոբ Մանանդյանի, Ավետիս Պերպերյանի և այլոց պատմագիտական ժառանգությանը նվիրված Պ. Հովհաննիսյանի աշխատությունները։

Նրա գործուն մասնակցությամբ են ստեղծվել հայ իրականության մեջ առաջին անգամ ընթերցողին ներկայացված «Ամենայն հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը, որի գլխավոր խմբագիրն ու հեղինակներից մեկն էր հանդիսանում։

Պ. Հովհաննիսյանը մի շարք գիտական խորհուրդների անդամ էր և գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում։ Իր գիտամանկավարժական անբասիր գործունեության համար 2009 թ. Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետրոս Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը:

Պետրոս Հովհաննիսյանն իր մահկանացուն կնքել է 2016 թ. փետրվարի 22-ին, բայց նրա վաստակն անուրանալի է, իսկ նրա անունը որպես սիրելի դասախոսի և մանկավարժի դեռ շատ երկար կմնա նրան ճանաչողների սրտերում և հիշողության մեջ:

 

Նյութի աղբյուր`

  1. Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 674:
  2. Երևանի պետական համալսարանի Պատմության 90-ամյա ֆակուլտետը, խմբ. Է. Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 233-234։
  3. Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյան, տե'ս «Պատմություն և մշակույթ (Հայագիտական հանդես)», Երևան, ԵՊՀ հրտ., 2016, թիվ Ա, էջ 532-533:
  4. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Մեկնաբանություն


Նմանատիպ