• flat Դժգոհել

Կորոնավիրուսից մահացել է պատմագիտության դոկտոր Համլետ Գևորգյանը

Կորոնավիրուսից մահացել է պատմագիտության դոկտոր Համլետ Գևորգյանը

Երեկ՝ 2020 թ. հունիսի 24-ին 69 տարեկան հասակում Կորոնավիրուսից մահացել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գևորգյանը:

Համլետ Գևորգյանը ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիք գյուղում: 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1970-1972 թթ. ծառայել ԽՍՀՄ զինված ուժերում: 1972-1974 թթ. որպես բանվոր աշխատել է Աշտարակում: 1974-1979 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Փիլիսոփայության բաժնում: 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան դպրոցում որպես ուսմասվար: Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս: 1991 թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ: Զուգահեռաբար Հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1999 թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 2002 թ.-ից համատեղության կարգով եղել է Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, 2006 թ.-ից` դոցենտ: Հեղինակ է շուրջ մեկ ու կես տասնյակ պատմագիտական մենագրության («Նիկոլ Դուման» (Երևան, 2001, 2-րդ հրտ., Ե., 2002, 3-րդ հրտ., Ե., 2003, 4-րդ հրտ., Ե., 2013), «Դրո» (Երևան, 1991, 2-րդ հրտ., Ե., 1999, 3-րդ հրտ., Ե., 2000, 4-րդ հրտ., Ե., 2007, 5-րդ հրտ., Ե., 2014), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003, 2-րդ հրտ., Ե., 2009), «Սեդրակ Ջալալյանի գործը և հուշերը» (Երևան, 2011), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2-րդ հրտ., Ե., 2010), «Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը» (Երևան, 2010), «Պետոն» (Երևան, 1994, 2-րդ հրտ., Բեյրութ, 1996, 3-րդ հրտ., Ե., 2000), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011, 2-րդ հրտ., Ե., 2013), «Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից» (Երևան, 2012), «Զանգեզուրի հերոսամարտը 1905-1906 թթ.» (Գորիս, 2010), «Արցախի և Գանձակի հերոսամարտերը 1905-1906 թթ.» (Գորիս, 2011), «Հայաստանի հանրապետության կառավարության մարտավարությունը Սյունիքում և Արցախում 1918-1920 թթ.» (Երևան, 2018), «Հայ-թուրքական ընդհարումները Հարավային Կովկասում 1905-1906 թթ.» (Երևան, 2019), 3 գիտաուսումնական աշխատանքների և բազմաթիվ հոդվածների: 2011 թ. Համլետ Գևորգյանը «Հ. Յ. Դաշնակցության գործունեությունը Արևմտյան Հայաստանում 1895-1908 թթ.» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2012 թ. Համլետ Գևորգյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: Համլետ Գևորգյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով:

Մեկնաբանություն


Նմանատիպ