• flat Դժգոհել

Հայաստանում Նոր տարին նշելը թանկ հաճույք է և ո՛չ բոլորի գրպանին հարմար

Հայաստանում Նոր տարին նշելը թանկ հաճույք է և ո՛չ բոլորի գրպանին հարմար

Ի՞նչ արժե Ամանորը Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ի՞նչ են առաջարկում տուրիստական գործակալությունները մեր քաղաքացիներին, եւ ո՞րն է ավելի ձեռնտու` Ամանորը Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում: Newinfo.am-ը  պարզեց գնային այն համակարգը, ըստ որի՝ մեր համաքաղաքացիները վճարում են Ամանորի մի քանի օրվա դիմաց: Ամանորը Հայաստանում նշելու համար առաջարկները շատ են, պահանջարկը՝ քիչ, քանի որ ձեռնտու տարբերակ է կարծես թե դարձել եգիպտոսյան հանգիստը, չնայած այս տարի, նախորդի համեմատ, Ամանորին Հայաստանից հեռացողները համեմատաբար քիչ են, պատճառը ֆինանսական միջոցներն են:

Որտե՞ղ եւ ինչո՞ւ են մարդիկ նախընտրում Նոր տարին դիմավորել արտերկրում

Հարցմանը մասնակցած մարդկանց մեծամասնությունը պնդում է, որ Ամանորին արտերկրում հանգստանալն ավելի մատչելի է, քան Հայաստանում: Ոմանք էլ դժգոհում են, որ տեղական շուկայում ամեն տարի առաջարկում են նույն տոնական ծրագրերը: «Արդեն 3 տարի է, ինչ Նոր տարին նշում ենք հարեւան երկիր Վրաստանում: Զարմանալի է, բայց արտերկիր գնալուց մենք ավելի քիչ ենք ծախսում, քան կծախսեինք տանը կամ հայաստանյան որեւէ հանգստի գոտում նշելիս: Բացի այդ, ամեն տարի թարմություն կա տոնական ծրագրերում, հետաքրքիր շոուներ են լինում, քեզ մնում է միայն վայելելը»,-նշում է 25-ամյա Սոնան, ում 5 հոգանոց ընտանիքը 7-օրյա տոնական փաթեթի համար վճարում է 300-350 հազար դրամ:

Տուրիստական գործակալությունների շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Ամանորի տուր փաթեթներով հիմնականում հետաքրքրվում են երիտասարդները: «Հիմնականում երիտասարդ զույգեր են գալիս, հետաքրքրվում: Լինում են դեպքեր, երբ աշխատանքային, ընկերական կամ ուսանողական կոլեկտիվներ են գալիս: Մարդիկ հիմնականում շեշտը դնում են ամանորյա շոու ծրագրի եւ սնունդի վրա: Իհարկե, առաջնային պլանում փաթեթի գինն է»:

Ի՞նչ արժե հանգիստն արտերկրում եւ Հայաստանում

Տուրիստական գործակալություններից պարզեցինք, որ Ամանորին Հայաստանի հանգստավայրերում հանգստանալը մեկ անձի համար միջինը 450 հազար դրամ է: Փաթեթը ներառում է 2 -անգամյա սնունդ, ամանորյա շոու-ծրագիր, մանկական խաղեր, շոու, մարզասրահ եւ այլն: Միեւնույն ժամանակ, նույն գնի սահմաններում առաջարկվում են արտագնա տուր փաթեթներ, որոնք ներառում են վերոնշյալ պայմանները՝ տարբեությամբ, որ արժեքի մեջ մտնում է նաեւ ավիատոմսի գինը: Ստորեւ ներկայացնում ենք ամենապահանջված ուղղություններն ու դրանց գները.

ԱՄԷ- 7-օրյա հանգստի գինը 1 անձի համար սկսվում է 1300 դոլարին համարժեք դրամից:
Եգիպտոս- 7-օրյա հանգիստի գինը 1 անձի համար սկսվում է 1000 դոլարին համարժեք դրամից:
Վրաստան- 7-օրյա հանգիստի գինը 1 անձի համար սկսվում է 45000 դրամից:
Ծաղկաձոր- 7-օրյա հանգիստի գինը ցածրակարգ հյուրանոցում 1 անձի համար սկսվում է 150 հազար դրամից, իսկ բարձրակարգ հյուրանոցում՝ 450 հազար դրամից:
Աղվերան-7-օրյա հանգիստի գինը ցածրակարգ հյուրանոցում 1 անձի համար սկսվում է 135 հազար դրամից, իսկ բարձրակարգ հյուրանոցում՝ սկսած 400 հազար դրամից:
Դիլիջան- 7-օրյա հանգիստի գինը ցածրակարգ հյուրանոցում 1 անձի համար սկսվում է 75 հազար դրամից, իսկ բարձրակարգ հյուրանոցում՝ 250 հազար դրամից: Նշենք, որ վերոնշյալ բոլոր փաթեթները նախատեսված են դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ի համար:

Մեկնաբանություն


Նմանատիպ